ԱՄՆ-ի երկկուսակցական համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նախագահական ընտրություններում պարտված կուսակցությունը այնպես չի, որ հետին պլան է մղվում և հայտնվում անկյունում: Շատ հաճախ պարտվածը վերականգնում է իր դիրքերը՝ Կոնգրեսում վերահսկողություն հաստատելով պալատներից մեկի, երբեմն նույնիսկ երկուսի վրա էլ: Երկրի նախորդ քաղաքական պատմությունը դրա վառ վկայությունն է: Ամերիկյան ընտրողները ձգտում են գործադիր և օրենսդիր իշխանությունները նույն կուսակցության ձեռքում չթողնել, և հասարակությունը ուժերի բալանսավորման ու երկկողմանի զսպման մեխանիզմների ստեղծմանն է ձգտում: Համոզված եմ, որ Կոնգրեսի հաջորդ միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունն իրեն կվերադարձնի կա՛մ Սենատը, կա՛մ էլ Ներկայացուցիչների պալատը: Սակայն մինչ այդ, ներկա իրավիճակում Հանրապետական կուսակցությունը, վերցնելով նախագահի աթոռը, միանձնյա վերահսկում է նաև Կոնգրեսի երկու պալատները: Սա նշանակում է, որ Թրամփն իր քաղաքական արմատական քայլերն իրականացնելիս թիկունքում ունենալու է Կոնգրեսի աջակցությունը: Եթե տեսնենք, թե ինչ անսահմանափակ լիազորություններ ունի ԱՄՆ-ի նախագահը, ապա պարզ կդառնա, որ առաջիկա երկու տարում Թրամփը լիակատար, անբաժան և անկաշկանդ իրականացնելու է իր քաղաքականությունը և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտներում:
Գարիկ Քեռյան