...Տեսել եմ Չարենցին շատ լուրջ: Այն ժամանակ խելացի աչքերը նայում էին խորաթափանց հայացքով. թվում է շատ խելոք բաներ է ուզում ասել, բայց իրեն զսպում է - այդ պահերին նա դառնում էր իմաստուն, խելոք, հարգելի, մեծ... Տեսել եմ կուչ եկած. դեմքը կծկված, անհետաքրքիր, նույնիսկ վանող... այդ նրա անկարգությունների շրջանում... եւ տեսել եմ նրա երջանիկ ժպիտը՝ դեմքը մանկական անմիջականությամբ, ուրախությամբ ողողված, անմեղ, մաքուր, գրավիչ...
Հազար տեսակ էր Չարենցը - միշտ անհանգիստ, որոնող, ստեղծագործող, փոփոխվող, իրեն կորցնող ու գտնող, հողին հավասարվող եւ արեւին հասնող:
***
Մենք համոզված էինք, որ մեր օրերում չէր կարող ողբերգություն լինել... Բայց եղավ պատմության մեջ չտեսնված ողբերգություն... կապարի պես ծանրություն իջավ մեր սրտերի, մեր էության վրա... Ամեն մարդ դիմանալ չէր կարող: Չարենցի բանաստեղծական քնքուշ էությունը չդիմացավ, փշրվեց... գրում է՝
Ինչ որ հույս էր, ինչ որ լույս էր, մնաց թերի,
Իմ որբ հոգին վանդակի մեջ մնաց գերի,
Կապրենք հույսով, վաղվա լույսով իմ սիրելիս,
Տեսնենք՝ վաղը կամ ապագան ի՞նչ կբերի...
Բայց նա արդեն չէր հավատում, որ վաղը կամ ապագան ինչ-որ նոր բան իր համար կբերի: Վաղը բերեց սարսափելին, կատարվեց ահռելի ողբերգությունը... Մինչեւ այդ շատ բաներ եղան: 1937թ ամռանը ես գնացել էի Ծաղկաձոր՝ պիոներական ճամբարները ստուգելու: Վերադառնալիս մեքենայի մոտ սպասում էի ընկերներիս, ներքեւից երեւաց Չարենցը՝ խելագարի դեմքով, ինձ տեսավ, բայց կանգ չառավ ու վազելով վեր բարձրացավ, անհետացավ խիտ անտառում: Ցավ զգացի, ի՞նչ անել՝ վազել, գտնել, բերել, նստեցնել մեքենա, տանել քաղա՞ք, տո՞ւն: Շրջվեցի, նայեցի հակառակ կողմ, որ գտնեմ վարորդին. մի տեսակ քարացած էի, նույնիսկ գլուխս դրել էի մեքենայի վրա:
- Սերի՛կ, Չարենցին չե՞ս տեսել,- ռումբի պես պայթեց ականջիս Կոստիկյանի ու մի չեկիստի ձայն: Սառած նրանց էի նայում: Կրկնեցին.
- Չե՞ս տեսել...
Ես լուռ էի...
- Իմ վարորդին չե՞ք տեսել...,- հարցրեցի:
Նրանք արագ անցան կողքովս եւ դիմեցին դեպի ձորը: Ուրեմն Չարենցին էին որոնում... Վերադարձա Երեւան ծանր տպավորություններով: Վտանգը պտտվում էր մեր գլխին: Մեր շրջապատը դատարկվում էր արագորեն, անհասկանալի կերպով, ինչպես երեւի լինում է ժանտախտի ժամանակ: Ծանր պայմանները օղակում էին, ճնշում եւ Չարենցը չդիմացավ: Նա խելագարի տպավորություն էր թողնում: Մի անգամ փողոցում հարձակվեց ինձ վրա: Ես պատճառը չհասկացա: Մեր շուրջը մարդիկ հավաքվեցին: Հեռացա: Երկու օր հետո, երբ հանդիպեցինք, նա խաղաղ մոտեցավ ինձ, խոսեցինք շատ աննշան բաների մասին, կարծես ոչինչ չէր էլ պատահել: Բայց անհանգիստ էր Չարենցը, հայացքը որոնող...
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ