Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Տուն գնացող արևը

Տուն գնացող արևը
29.11.2024 | 18:27

Ծերանում ենք, Պարույր Սևակ, ծերանում ենք, սիրելիս,

Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես...

Բա որ իմ տարիքին հասններ, ի՞նչ կասեր...

Համենայն դեպս, ես որ նրանց եղբայր չեմ։

Գեղեցկուհի տեսնելիս, մի պահ, ծառս է լինում սիրտս և չորացող երակներիս միջով արյունս կարկաչուն հորձանքով մղում առաջ։ Մարմինս ողողվում է դուրալի ջերմությամբ...

Եվ բազմավաստակ սիրտս ջահել օրերի պես էլի հին երգն է հիշում.

«Էլ չենք լինի քսան տարեկան»։

Հիշում ու երգում...

Խենթանալի է։

Էլի ու էլի կանգնած եմ Վերնիսաժում։

Առևտրի բացակայությունը նրանք են մխիթարում։ Ահա նա` հոլանի մարմնով, դեպի վեր ձգվող մկրատաձև ոտքերով։ Կրքահարույց շեղբերը սուր զգացումներ են առաջացնում։ Իր գրավչությանը վստահ, վարսագեղ գլուխը առաջ պարզած` հաղթականորեն առաջ է մղվում` ապավինած օդը խոյահարող սրապտուկ կրծքերին։ Մագնիսի պես ձգվում էի, մտովի թափանցելով թաքնաթաքուն տեղերը։ Բայց ոտքերի անհաղթահարելի մկրատը կտրում, կտրտում էին ամենավերջին հույսն անգամ։ էլի նայում էի, նայում ու նայում...

Պապս կասեր, պառավ ձին էլ գարի է ուզում…

Ես էլ էի ուզում...

Տարիներս, տարիներս, կանաչ, կարմիր տարիներս, որտե՞ղ դեղնեցին, որտե՞ղ թոշնեցին, ո՞ր գետնի վրա, կապույտ, կապույտ ո՞ր երկնքի տակ, փշրվեցին, խորովվեցին ընկած տերևի պես։ Սակայն էլի ու էլի ինձ թվում է, թե ոտքս ոչ թե մարած տերևներին, այլ առջևս սփռված

ոսկե խույրերի վրա եմ դնում։ Հեռացող ժամանակի պարգևը ոսկու ձուլակտորներն են, որ ավաղ, ոտքերիս տակ ընդամենը դեղնակարմիր խաշամ են...

Սակայն ես եղել եմ, չէ՞, քսան տարեկան...

Եղե՞լ եմ, չէ՞, առույգ, կայտառ, երիտասարդ ու պարթև և ոտքս գետնի վրա չի դողացել։

Ավա՜ղ։

Ջահելությունս նման էր առասպելի, առասպելական եղելության, որ սքանչելի էր, ինչպես շումերական պոեմը։

Արատտա երկրի գդակավոր ռազմիկ էի քաջ` աղջամուղջին տուն գնացող արևի պես, դեմքս արնածոր, Կորնթարդի պես վեհաշուք և աչք ունքս էին ճառագայթներ։

Ես պիրկ էի լեռնային ծառի փայտի նման։

Իսկ հիմա՞...

Հոգնել եմ, հոգնել, ծնկերս դողում են, ելևէջում, քայլքս մանրացել է, դանդաղել, կարծես թե` ոտքերս մի այլ ճանապարհով են ինձ տանում։ Իսկ երկրագունդը պտտվում է, անհոգնել պտտվում.

- Կա՛նգ առ Երկիր,- տենչում է հոգնած մարմինս,-իջնել եմ ուզում...

Հորիզոնը արնածուփ է. մարում եմ...

ԵՍ ՏՈՒՆ ԳՆԱՑՈՂ ԱՐԵՎԻ ԵՄ ՆՄԱՆ...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ