Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք
(սկիզբը՝ այստեղ)
Ըստ հատուկ նշանակության ուժերի նախկին սպա, պաշտոնաթող գնդապետ Անատոլի Մատվիյչուկի, Եվրամիության երկրներն ու ԱՄՆ- ն իսկապես դիտարկում են Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու սցենարը, եթե Մոսկվան չընդունի դեէսկալացիայի մասին համաձայնագրի պայմանները:
Այն պայմանները, որոնց մասին մինչ այժմ խոսք է գնացել՝ լինեն դրանք Զելենսկու պայմանները, Բայդենի կամ ԱՄՆ- ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի, և նույնիսկ Թրամփի պայմանները, Մոսկվայի համար միանշանակ ընդունելի չեն: Եվ, ուրեմն, ի՞նչ… Եթե ԱՄՆ- ը, Եվրամիության երկրները պաշտոնապես ՆԱՏՕ- ի զորքեր մտցնեն Ուկրաինա (ոչ պաշտոնապես ու ոչ մեծ թվակազմով նրանք արդեն այնտեղ են), ապա դրա հետևանքները, կարծում ենք, պետք է հասկանալի լինեն բոլոր նրանց, ովքեր զուրկ չեն բանականությունից:
Պարզվում է, Արևմուտքում դիտարկում են նաև դեէսկալացիայի մասին համաձայնագրի պայմաններին Մոսկվայի նույնիսկ համաձայնելու և հրադադարի մասին պայմանավորվածության դեպքում Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքերի խմբավորում մտցնելու հնարավորությունը՝ հրադադարի մասին պայմանավորվածության պահպանումն ապահովելու համար: Այս մասին ANSA գործակալությանն ավելի վաղ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, որը չի բացառել եվրոպացի զինվորականների ուղարկումն Ուկրաինա: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը հստակեցրել է, որ զորախումբ մտցնելու որոշումը պետք է կայացնի Կիևը։
Բա Մոսկվա՞ն… Նրա համաձայնությունը, որոշումը կարևոր չէ, առանց Մոսկվայի համաձայնությա՞ն…
Հրադադարի մասին պայմանավորվածություն, որպեսզի ընդամենը ժամանակավորապես սառեցվի հակամարտությունը, իսկ հետո Ռուսաստանի համար, մեղմ ասած, ավելի մեծ գլխացավանք ստեղծվի, չի՛ լինելու: Դրա հետևում թաքցված Արևմուտքի սատանայական խաղը բացահայտել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ, ռուս.՝ СВР): Ըստ վերջինիս մամուլի բյուրոյի նոյեմբերի 29- ի հայտարարության, Արևմուտքը մտադիր է սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, վերապատրաստել մոտ 1 մլն մոբիլիզացված ուկրաինացի զինծառայողների, վերականգնել ռազմարդյունաբերական համալիրը և դրանով իսկ պատրաստել Կիևը «ռևանշի»…
«Անհրաժե՞շտ է, արդյոք, Ռուսաստանին խաղաղ կարգավորման նման տարբերակ, պատասխանն ակնհայտ է»,- եզրափակել են ԱՀԾ- ում:
Արդեն իսկ պարզ է, որ Մոսկվան աչքի առաջ ունենալով հրադադարի մասին պայմանավորվածության դեպքում Կիևի որոշմամբ Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքերի խմբավորում մտցնելու միանգամայն իրական հեռանկարը, կհրաժարվի հրադադարի մասին ցանկացած պայմանավորվածությունից, եթե այդ պայմանավորվածության մեջ չընդգրկվի Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքեր մտցնելու բացառումը: Հակառակ դեպքում որևէ կասկած չկա, որ Կիևը նշված պայմանավորվածությունից անմիջապես հետո Ուկրաինա ՆԱՏՕ- ի զորքերի խմբավորում մտցնելու խնդրանքով կդիմի ԱՄՆ- ին, Մեծ Բրիտանիային Եվրամիության երկրներին, ու նրանք կբավարարեն Կիևի խնդրանքը, որը նաև իրենց ցանկությունն է:
Ավելին. ՌԴ-ն կհրաժարվի հրադադարի մասին ցանկացած պայմանավորվածությունից նաև այն դեպքում, եթե այդ պայմանավորվածությունը չլինի խաղաղության մասին համընդգրկուն պայմանագրի մաս:
Ինչո՞ւ է խոսք գնում Ուկրաինա ՆԱՏՕ- ի հենց 100 հազարանոց զորակազմ մտցնելու մասին, ինչու չի նշվում դրանից պակաս կամ ավելի մեծաթիվ զորքերի խմբավորման մասին: Կարծում եմ, այս թիվը պատահականորեն չի ընտրված: Ըստ Արևմուտքի, Կուրսկի մարզում է գտնվում Հյուսիսային Կորեայի 10 000- անոց զորախումբ: Հավանաբար դա նկատի ունենալով, Արևմուտքն իրեն իրավունք է վերապահում տասնապատիկ ավելինով հակադարձել:
Փարիզի պատմական կենտրոնում գտնվող Լուվրի հարևանությամբ, Պալե Ռուայալ հրապարակում երեկ ցույց է տեղի ունեցել Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության դեմ: Ցույցի են դուրս եկել մի քանի հարյուր մարդ՝ «Ոչ ապոկալիպսիսին», «Զելենսկի, վերադարձրու գումարը», «Ստոպ, ՆԱՏՕ», «Հանուն խաղաղության», «Մենք չենք ցանկանում զոհվել Ուկրաինայի համար» և այլ կարգախոսներով:
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիության նոր ղեկավարության այցը Կիև իրենց աշխատանքի առաջին իսկ օրը՝ խոսում է պատերազմը շարունակելու նրանց տրամադրվածության մասին:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ