Մենք՝ հայերս, հայրիշխանական արժեհամակարգի կրողն ենք և տղամարդուն միշտ տրվել է առանձնահատուկ հարգանք, պատիվ, բայց նաև մեծ պատասխանատվություն։
Մեր ծնողները միշտ մեզնից ավելին են պահանջել, ակնկալել:
Մեր կանանց համեմատությունները միշտ մեր օգտին չեն եղել, մեր զավակները ուժեղ հոպարի կամ քեռու փնտրտուքների մեջ են:
Մենք ամեն օր ստիպված ենք ինքնահաստատվել, եթե այն անգամ վեր է մեր ուժերից։
Մեզ մնում է մի բան՝ դուրս գալ «մեծ ճանապարհ»։
Դե, ուրեմն, գնացինք․․․
ԱՌԱՋԻՆ խումբ
Դուք ձեռներեց եք։ Հաջողության դեպքում դառնում եք գործարար։ Դուք այլևս գործատու եք` մեծաթիվ մարդիկ ձեզ «երախտապարտ» են: Դուք դեմք եք, կեցցե՜ք դուք․․․
ԵՐԿՐՈՐԴ խումբ
Դուք ունեք պետական մտածողություն, դուք պետություն եք կառուցում, պետական պաշտոնյա եք։
Դուք կուսակցական եք, ձեր թիմով ունեք պետության ձեր տեսլականը։ Պետական-քաղաքական այր եք, բախտավոր լինի ազգս, որ ձեր հույսին է։
ԵՐՐՈՐԴ խումբ
Դուք ունեք բարձրակարգ կրթություն, ձգտում եք խորացնել ձեր գիտելիքները, դառնալ մտավորական։ Դուք մտավոր ու նյութական բարիք եք ստեղծում։ Դուք ազգային արժեք եք, ապրեք դուք։
ՉՈՐՐՈՐԴ խումբ
Մի օր դուք հանկարծ «հասկացաք», որ կոչված եք տնօրինելու մարդկության ճակատագիրը։ Դուք Մեծ Օթյակի անդամ եք, Վարպետ Որմնադիր։ Կամ որևէ միջազգային հանցագործ սինդիկատի անդամ եք կամ գործընկեր: Շատ վախենալու տեսք ունեք, հատկապես կինոներում։ Անիծվե՛ք դուք․․․
ՀԻՆԳԵՐՈՐԴ խումբ
Դուք սարդ եք, հյուսում եք ձեր սարդոստայնը և սպասում եք ձեր զոհին։ Ինչ-որ մեկի ձեռքին փող է հայտնվել, որը «իրավամբ» պատկանում է ձեզ։
ՈՒնեցվածքի վերաբախշման յուրատեսակ «փիլիսոփայություն», ինչը ձեզ դարձնում է քրեական ենթամշակույթի կրող:
Եթե Դուք Ձեզ այս հինգ խմբերից որևէ մեկում չտեսաք, ուրեմն Դուք Պողոսն եք:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ