Դեկտեմբերի 7-ը մեր ժողովրդին վրա հասած սարսափելի աղետնեից մեկն է, որին հաջորդեց աղետների ծանր ու արյունոտ մի շղթա. պատերազմ, սուգ, ցուրտ ու մութ տարիներ... բայց և հաղթանակ` ազատագրված հայրենիքի մի հատվածով:
Բայց և թալան ու դավադրություն` հայրենիք-պետության ու ժողովրդի հանդեպ:
Պատասխան են տալու բոլորը:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին երեկոյան լուրերը հաղորդելիս Մոսկվան չէր կարողացել այլևս թաքուն պահել ժողովրդից աղետի ահասարսուռ և կործանարար չափերը, և «Վրեմյա» լրատվության ժամանակ ցուցադրվեցին ավերիչ երկրաշարժի տեսարաններ:
Ես մի պահ քարացա, չէի հավատում տեսածիս, հետո հետևեց անզուսպ լացը:
Բայց լացով ոչինչ չես փոխի, որոշեցի, որ առավոտյան կմեկնեմ աղետի վայր` միևնույն է, թե ուր:
Դեկտեմբերի 8-ին առավոտյան պայուսակիս մեջ դրեցի առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ, սուրճ, շաքարավազ, թեյ, հաց, պանիր, երշիկ, անկողնային պարագաներ ու Սպիտակ` օգնության մեկնող ուսանողների հետ մեկնեցի աղետի գոտի:
Սպիտակ չհասած` մոտ երկու -երեք կիլոմետր քաղաքից հեռու ճանապարհներին և աշնանացանի արտերում խռնված էին բեռնատար, մարդատար մեքենաները, որոնք օգնության էին գնում սպիտակցիներին:
Այդ երկու կիլոմետրը մենք ոտքով գնացինք մինչև ֆուտբոլի դաշտ, որտեղ մի հսկայական վրան էին բացել, և Վրաստանից եկած բժիշկները , որ առաջինն էին դրսից եկած օգնողներից, բուժօգնություն էին ցուցաբերում:
Մինչև մոտ ժամը երեքը ես օգնել եմ վրացի բժիշկներին իմ բուժքույրական գիտելիքներով: Ժամը երեքից հետո այլևս վիրավորներ չբերեցին:
Ես ուսանղ տղաներին խնդրեցի տանել ինձ ավերված տների մոտ, որ էնտեղ օգնեմ փրկարարներին, տղաներն ինձ խստագույնս արգելեցին` ասելով, որ սարսափելի ծանր իրավիճակ է այնտեղ, և ես չեմ դիմանա...
Շնորհակալ եմ այդ տղաներին, որ ինձ պարզապես արգելեցին գնալ ավերված տների մոտ:
Ողջ մնացածները հուսահատ ու շվարած պտտվում էին ֆուտբոլի դաշտում, որտեղ սարի պես դարսված էին Ռուսաստանից բերված կարմիր կտորով ծածկված դագաղները: Մարդիկ իրենց վշտի մեջ անգամ զուսպ էին և օրինապահ. սպասում էին, որ ղեկավարները բաժանեն դագաղները:
Հետո բերեցին հաց և զինվորական դաշտային խոհանոցի վառարանների վրա` հսկա կաթսաներում, սկսեցին եփել միս` ժողովրդին բաժանելու համար: Մարդիկ իրենց վշտի մեջ ասես մոռացել էին ուտելու մասին: Ես մատնաքաշը կիսում էի, բաց էի անում, մեջը մսի կտորներ էի դնում և բաժանում մարդկանց:
Երեկոյան ժամը 5-ին արդեն դադարեցվել էին բուժօգնության աշխատանքներն ու սննդի և դագաղների բաժանելը: Վերջին ուղղաթիռով ես վերադարձա Երևան:
Օդանավակայանի մի աշխատակից` մոտ վաթսուն տարեկան, որ կարծել էր` ևս երկրաշարժից տուժածներից եմ, մոտեցավ ն ասաց.
-Մայրի՛կ, տվեք պայուսակը, օգնեմ և ուղեկցեմ Ձեզ:
Իմ մտքով անգամ չանցավ, որ ինձ է դիմում: Բայց երբ եկա տուն ու ինձ տեսա հայելում, ես հասկացա, որ իմ այդ մեկ օրվա ապրումներն ինձ ծերացրել էին 25 տարով...
Մեր ժողովուրդը այս դաժան փորձանք-փորձությունից էլ դուրս եկավ հոգով ու ոգով չպարտված:
Բայց նրանք, ովքեր հարստացան ազգի ու երկրի դժբախտության վրա, ենթարկվելու են Աստծո և ժողովրդի դատաստանին:
Սպասում ենք այդ օրվան:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ