Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նվիրյալները

Նվիրյալները
19.12.2024 | 17:48

Համալսարանի մեր դասախոսների իմացության շրջանակներն այնքան մեծ էին, որ դու չէիր կարող մտածել` նա լեզվի՞, թե՞ գրականության մասնագետ է։

Դժվար էր հստակ տարանջատել, քանզի նրանցից յուրաքանչյուրը հանրագիտարանային գիտելիքներով հարուստ մարդ էր։ Նրանց իմացության շրջանակներում միահյուսված էին մայրենի լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը և դրանց հարակից մյուս գիտությունները։

Ոչ ոք չի կարող ժխտել, որ նրանք հավասարապես մեր ազգին առնչվող բոլոր ոլորտների գիտակ էին։ Սակայն նրանց մեջ առանձնանում էր մեկը, ում այսօր էլ սիրով են հիշում շատերը, որովհետև նրան չհիշել պարզապես հնարավոր չէ։

Նա Ռաֆայել Իշխանյան է։

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

Մեր կուրսի ծանոթությունը լեզվաբան, գրականագետ, մատենագետ, աղբյուրագետ, բարբառագետ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Իշխանանի հետ «կայացավ թելադրությամբ»։ Անակնկալ թելադրությամբ։

Այն տարիներին նոր էր լույս տեսել Ռաֆայել Իշխանյանի «500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն» (1972 թ.) դեղին կազմով գրքույկը և դժվար գտնվեր բանասիրական ֆակուլտետ դիմած մեկը, որ չունենար այդ բառ-գրքույկը։

Սակայն այդօրվա թելադրությունը կարծես առանձնապես առնչություն էլ չուներ այդ բառ-գրքույկի հետ։ Այն առաջին հերթին ճանաչողական նպատակ հետապնդող թելադրություն էր։ Գուցե՞ անակնկալ` նաև ոմանց համար։

«Թելադրություն ենք գրում»,-ասաց անակնկալ։

Գրեցինք։ Ընդամենը` մեկ էջ էր։ Հավաքեց մեր թերթիկները, ու հաջորդ օրը մեկ-մեկ կանգնեցրեց ու հարցրեց` ո՞վ` որտեղի՞ց է։ Մեկ-մեկ։

Ինչու՞ է տպավորվել այդ օրը։

Մեր կուրսում միայն Իսրայելյան Անժելան (ցավոք, արդեն երջանկահիշատակ) և ես էինք նույն դպրոցն ավարտել։ Եվ ավելի զարմացավ, որ ավարտել ենք մաթեմատիկական խորացված ուսուցմամբ դպրոց։ Անսխալ կամ մի երկու վրիպակ թույլ տվածների թվաքանակը մեծ չէր մեր կուրսում։ Բայց ընկեր Իշխանյանը առաջին իսկ օրվանից հիշում էր նրանց (ես ու Անժելան էլ այդ երջանիկններից էինք) ու չմոռացավ։

Մի քանի օր անց փորձության ենթարկվեց կուրսի (ինչպես ինքն էր ասում` լսարանի) մի ուրիշ խումբ։

Թերթիկի վրա պիտի գրեինք մեր անունը, ազգանունը և ստորագրեինք։ Եվ, վա՜յ, նրան, որ ռուերեն կամ այլ օտար լեզվի տառերով էր հավաստել իր «ես»-ը։

Իսկ երրորդ փորձությունն իսկական գլխացավանք դարձավ նրանց համար, ում բնակարանի մուտքի դռան ցուցանակը ռուսերեն էր։

«Ազնվորեն» խոստովանել էին` «ձեռք բարձրացնելով»։ Նրանցից ոմանք օրեր շարունակ դասի չեկան` մինչև չփոխեցին դրանք կամ դռների վրայից չանհետացան այդ օտարալեզու ցուցանակները։

Էլ չեմ խոսում մեզնից նրանց մասին, ում խոսակցական լեզուն շախախված էր օտարամուտ բառերով։ Ընկեր Իշխանյանի հաջորդ դասին մենք պարտավոր էինք աշակերտական 12- թերթանոց տետրում առանձնացնել և խնամքով գրել այդ բառերը, դրանց համարժեք հայերենը և մոռանալ, հանել մեր խոսակցական լեզվից, հայերենի մեր բառապաշարից։ Նույնիսկ հետաքրքիր միջոց առաջարկեց. «գանձանակ» (касса) սարքել և մեջը մանրադրամ (կոպեկ) գցել։

«Հենց գրպանիդ կպչի, կհասկանաս, որ չի կարելի»։ Սա էլ դաս էր` հետագայի համար. «Ռուսերեն բառեր չգործածել, բայց եթե արդեն գործածել ես` ինքդ քեզ պատժիր»։ Այդպես իսկապես բազմաթիվ անհարկի բառեր դուրս մղվեցին մեր բառապաշարից։

Առաջին պահին թվում էր, թե ընկեր Իշխանյանի «պահանջները» անարդարացի պարտադրանքներ էին։ Հետո պիտի հասկանայինք դրանց կարևորությունը։ Մինչդեռ այդ պահանջները մայրենին կարևորելու և արժևորելու պահանջ էր, որ այսօր դամոկլյան սրի պես կախված է հայոց գլխին, որովհետև այնքան ենք հեռացել այն պահանջները կարևորելուց... Մինչդեռ տասնամյակներ առաջ նվիրյալ հայագետը զգում և տեսնում էր օրեցօր ահագնացող վտանգը։

Զարմանալի նուրբ ներաշխարհով մարդ էր։ Մեզնից շատերը ասմունքելու շնորհ ունեին (դե, էլ ի՞նչ բանասեր, եթե ասմունքել չգիտի)։

Մենք կրկնակի զարմացանք, երբ իր քննության նախօրյակին հնչեց հաջորդ պահանջը. քննության ներկայանալու այցեքարտը Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Ակսել Բակունց իմանալն էր (ընտրանի), այն էլ` անգիր։

«Քնության չներկայանան նրանք, ովքեր անգիր չսովորեն» (իր կազմած ցուցակով)։

Պիտի հպարտորեն խոստովանեմ. մեզնից շատերը հայոց մեծերի գանձերը սերտած էինք ոտք դրել համալսարանի բանասիրական։ Իսկ եթե դրան հավելենք, որ ոմանք դպրոցական «հնչեղ» բեմերից էին ասնունքել։ Այնպես որ` այս առիթով էլ չերկնչեցինք։

Գու՞ցե չհարցներ, բայց որ պիտի սովորեինք, դա չէր քննարկվում։

Անբեկանելի պահանջ էր։

Առանձնահատուկ, պաշտելի վերաբերմունք ուներ Ակսել Բակունցի գրական վաստակի հանդեպ։ Բակունցի «Միրհավ»-ը և «Ալպիական մանուշակ»-ը մարդու ներաշխարհը փոթորկող իր ամենասիրելի գործերն էին։

Այնքա՜ն սիրով էր լեզվաբանական ու բարբառագիտական վերլուծության ենթարկում դրանք` բառ առ բառ, այնքա՜ն խորքային, այնպես մանրամասնորեն։

...Ինքն էլ ծնվել էր հանիրավի բռնադատվածի ընտանիքում։ Հայրը գնդակահարվել էր 1937-ին, ինչպես Ակսել Բակունցը։

...Մի օր կուրսի մտերիմ, թիթիզ աղջիկներով գնում էինք Աջափնյակ` իմ ձևարարի (пoртниха) մոտ` միանման կիսաշրջազգեստ (սարաֆան) պատվիրելու։ Այն տարիներին մոդա էր։ ՈՒ մեկ էլ` հինգհարկանի շենքերի արանքից դուրս եկավ ընկեր Իշխանանը։ Հարցուփորձ արեց, թե ի՞նչ գործ ունենք քաղաքի կենտրոնից հեռու այս թաղամասում։ Ես էլ` ինձ բնորոշ` «լոռեցիավարի»` երեսառածի անմիջականությամբ հարցրեցի.«Բա՞ Դուք»։

Ասաց, որ իրենց թաղամասն է, որ դասընկերուհու թաղումից է գալիս։ ՈՒ արցունքի երկու խոշոր կաթիլ կախվեցին աչքերից ու վար գլորվեցին։ Քարացանք...

Թվարկածս այս փոքր թվացող դրվագները (էպիզոդները) կարծես ամբողջացնում են ընկեր Իշխանյանի` մինչ օրս չխամրող կերպարը։

Իսկ հիմա` իր` որպես «Ժամանակակից հայոց լեզու» իր դասավանդող առարկայի մեր դասախոսի մասին հիշողությանս մեջ տպավորված առանձին դրվագներով։

Իր շատ հետաքրքիր դասախոսությունները նաև զուգահեռվում էին բարբառային բնութագրական օրինակներով ու առանձին բառերի ու բառաձևերի բացատրություններով։

Մի օր բացատրում էր, թե համշենի բարբառում ինչպես է հնչում կոշտ «ի» տառը, որ նաև բառին նոր իմաստ է հաղորդում։ Եվ ահա օրինակը.

«Համշենահայերը վատ կնոջն ասում են կնիկ, բայց ռուսերենի ы»-ով»։ Եվ իմ հոմերյան քրքիջը պատրաստ էր։ Հիմա ես հաճախ եմ հիշում ընկեր Իշխանյանին և այդ բառը` համշենի բարբառի խոսուն արտասանությամբ։

Իսկ սիրուն, բարդ բառերի գլուխգործոցը «կայծ+ոռ+ իկ»-ն էր։ Այս անգամ արդեն ինքն էլ չդիմացավ իմ ծիծաղ-քրքիջին։

«Վա՜յ, էդ մեր լոռվա բարբառում» լիս տվան բողոճն է»,-հնչեց իմ բարձրաձայն զարմանքը։ Տեսնել էր պետք նրա բարի՜-բարի՜ հայացքն ու տաք ժպիտը։

...Գեղեցիկ տղամարդ էր` բաց կապույտ, ծով աչքերով, անմեկնելի բարի հայացքով։ Հանդարտ շարժուձևին նայելով չէիր մտածի, թե բնավորությամբ շատ խաղաղ մարդ է։ Արտաքուստ չերևացող, ներքուստ` պահանջկոտ բնավորությունն ավելի էր ընդգծվում, երբ խոսքը վերաբերում էր հայերենին` իր պաշտած մայրենիին։

1978-ին էր։ «Պրոֆեսոր»-ի կոչում էր ստացել։ Մտավ լսարան ու կանգ առավ. ամբիոնի վրա շնորհավորանքի ճերմակ մեխակներ էին։ Հուզվեց...

Մեր` իր ուսանողների մտապատկերում նա մնացել է որպես հայերենի ջատագով և մայրենիի լավագույն մասնագետ, մանկավարժ` օժտված ի վերուստ։ Մի՞թե հնարավոր է մոռանալ այսպիսի մարդուն, երբ երիտասարդական լավագույն տարիներդ նաև ընկեր Իշխանյանի պես մարդ-դասախոսի շնորհիվ են հարստացել ու գունագեղ դարձել։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ