ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձևով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։               
 

Հայրենադարձության ժամանակը շարունակական է

Հայրենադարձության ժամանակը շարունակական է
26.12.2024 | 22:23

Չափազանց շատ ենք ուշացրել սուրիահայերին ոչ թե նյութական և մանավանդ, այսպես կոչված, պարենային օգնություն հասցնելու գործում, այլ դեպի Հայաստան համազգային ներգաղթ կազմակերպելու հարցում։ Տարիներ շարունակ, մանավանդ «Արաբական գարունի» ծանր և կորուստներով լի այդ ժամանակ շատ պաշտոնյաներ Հայաստանում և արաբական երկրների հայկական գաղթօջախներում որոշ ազգային-հասարակական գործիչներ պնդում էին, որ Սուրիո Մայր գաղութը պետք է պահպանել:

Նախ՝ ցեղասպանության հետևանքով ստեղծված գաղթավայրը չի կարելի «Մայր» անվանել։ «Մայր» պատվանվանը արժանի է միայն Հայրենիքը։

Ես բնավ համամիտ չեմ եղել այն գաղափարին, թե սուրիահայ, լիբանանահայ և առհասարակ հայկական գաղութները պետք է պահպանել, որպեսզի, ինչպես որոշ սփյուռքահայ հասարակական գործիչներ են փաստարկում, Արևմտյան Հայաստանից 1915 թվին ցեղասպանությունից փրկված հայերը՝ աշխարհագրական առումով, չհեռանան «Արեւմտահայասատանէն, այլ յարմար ժամանակին կրկին վերադառնայ իր երկրորդ հայրենիքը՝ Սուրիա, Լիբանան եւ հոն մնայ որպէս պահանջատէր մեր արդար դատին՝ մինչեւ հատուցում»:

Այս սին գաղափարին զոհ մատուցեցինք մեր հայրենակիցներին և հարյուր տարում ստեղծած նրանց նյութական,մշակութային և հասարակական-եկեղեցական կառույցները վերածվեցին ավերակների:

Եվ դարձյալ ու կրկին մղել մեր հայրենակիցներին Սուրիա, Լիբանան, որպեսզի նրանք բառիս բուն իմաստով լծվեն ավերված Սուրիո կամ Լիբանանի վերականգնման դաժան դժվարությունների՞ն:

Մինչդեռ Հայրենիք ներգաղթելով ՝ նրանք կփրկվեն ֆիզիկական բնաջնջումից, զերծ կմնան նյութական հարստության կորստից: Այն ջանքերը, որ Հայը անտրտունջ և համառորեն ներդնում է օտար երկրներում իր նյութական և հոգևոր բարեկեցությունն ապահովելու համար, եթե տեղափոխի Հայաստան-Հայրենիք և նույն համառությամբ ու անտրտունջ աշխատի Հայրենիքում, ապա շատ ավելի արդյունավետ կլինի և՛ իր, և՛ Հարենիքի համար:

Հայրենադարձությանն այլընտրանք չկա, սիրելի՛ Հայեր: Մնացածը սին գաղափարներ են՝հստակ և որոշակիորեն կաղապարված հասարակական և հոգևոր առաջնորդների շահերով: Դա աններելի է: Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հայրենակիցների կյանքի և համայնքային ունեցվածքի համար, թեև այս վերջինները վերականգնելի են, իսկ մարդկային կյանքերի կորուստն անդառնալի է:

Սթափվել է պետք:

Այո՛, անտրամաբանական է. ու՞մ և ինչի՞ համար է պետք պահել հայ գաղթօջախը Սուիրա և առհասարակ որևէ երկրում, երբ բարեբախտաբար ունենք Հայրենիք, ունենք անկախ պետություն:

1991 թվականից մեր պետությունը պետք է կազմակերպեր հայրենադարձություն, այլ ո՛չ թե Հայրենալքություն:

Երբ զանգվածային հայրենադարձություն սկսվեր դեպի Հայաստան, հարևան թշնամի պետություններն էլ կզգաստանային՝տեսնելով հայերի ներուժը: Շատերը կարող են ասել , թե Հայաստանը շրջափակման ու պատերազմի մեջ էր, ինչու՞ և ինչպե՞ս կարող էին Հայաստան գալ խաղաղ ու ապահով ապրող սուրիահայերը, լիբանանահայերը, իրաքահայերը և այլք:

Աշխարհում ամենաանկայուն բանը քաղաքական անդորրն է և քաղաքական քարտեզը:

Խաղաղ էին ապրում և ապահո՞վ…

Մի երկու տասնամյակ հետո ամեն բան գլխիվայր շրջվեց:

ՈՒ՞ր է այդ երկրների խաղաղ և ապահով կյանքը ընդհանրապես, իսկ մեր հայրենակիցներինը՝ առավելապես:

Մի՞թե սուրիահայերն ու լիբանանահայերը այսօր պատերազմի, շրջափակման, սովի ու սուգի մեջ չեն: Մինչդեռ հայրենի երկրում ապրելով , ամեն հայ իր ներդրումը կաներ, մանավանդ, որ այդ տարիներին Մերձավոր Արևելքի երկրներում պարզապես վտանգավոր անհեռատեսություն էր գաղթօջախ պահելը իր բոլոր թանկ՝ և՛

ազգային -մշակութային արժեքների , և՛ նյութական ներդրումների առումով: Եվ բազմաթիվ ու կրկնվող կորուստներով լի հետևանքը, ցավոք, մեզ չի սթափեցնում:

Հայ իրականության մեջ գործում են մեզ հայտնի մի քանի համահայկական հզոր բարեգործական կազմակերպություններ, որոնցից առավել հայտնի են ՀԲԸՄ –ն (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն) և Հայերի Համաշխարհային Կոնգրեսը, որոնց գործառույթի գլխավոր թիրախը պետք է լինի Հայաստանի պետության հզորացումը, հայերի ներգաղթի կազմակերպումն ու բարեկեցիկ հնարավորություններ ստեղծելը Հայաստանում։

Թող ոչ ոք չվիրավորվի այս անկեղծ խոսքերից․նրանց բոլոր բարեգործական համարվող գործերը առօրեական գործողություններ են, որոնք համազգային արդյունք չեն տալիս։

Ժամանակն է խոր հետևություններ անելու․

պետք է ստեղծել հզոր Հայրենիք-պետություն, ապահովել հաղթանակած խաղաղություն, ստեղծել հայ ժողովրդի համար մեր պետության մեջ բարեկեցիկ կյանք:

Սա պետք է լինի և՛ Հայաստանի պետության ծրագիրը, և՛ամեն հայի ձգտումը:

Հայե՛ր, հայրենադարձության ժամանակը շարունակական է:

Սա՛ է համահայկական ճշմարիտ Ծրագիրը։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 4976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ