Տարեմուտի խոհերը նման են ձմեռնամուտին մառան մտած տանտիրոջը, որն ասես հաշվետու է լինում նախ՝ մառանին, որի թարեքները լցնելու պարտավորություն էր վերցրել իր վրա, ապա նաև ընտանիքի և երեխաների առաջ, քանի որ իր աշխատանքով պիտի նրանց բարեկեցությունն ապահովի:
Մառանը մեր երկիրն է ու մեր Հայրենիքը, որի թարեքներին շատ քիչ բան ենք դրել, իսկ ընտանիքի անդամները նույնն են՝ մենք ենք:
Մինչդեռ մեր տան մառանը լիքը չէ, իսկ զավակները՝ կուշտ ու ապահով չեն, մի մասն էլ պանդուխտ է դարձել:
Ինչո՞ւ այսպես արեցինք, ո՞վ է տեսել, որ ընտանիքի հայրը մտածի միայն իր կուշտ ու կուռ լինելու մասին:
Գոնե մեր՝ հայ իրականության մեջ այդպես ընդունված չի եղել:
Ի՞նչ է պատահել, մեր մեջ հայե՞րն են պակասել, թե՞ մեր տունն ու զավակներին է՛լ չենք սիրում հայավարի՝ սրտով, ջիգյարով, անմնացորդ, անձնազոհ:
Սիրում ենք, իհարկե, էն էլ ոնց ենք սիրում, բայց ինչպես մի օտարազգի է ասել.
«Աշխարհում Հայերի պես հայրենասեր ժողովուրդ չկա, նրանք,
ուր էլ լինեն, իրենց Հայրենիքն իրենց սրտում են պահում.
դա նախանձելի է » :
Իսկ ես կասեի` այդպիսի հայարենասիրությունը կրավորական է ու անպտուղ: Հայրենասիրությունն այն կլինի, որ Հայերը Հայաստանից դուրս ոչ մի տեղ չլինեն, ապրեն իրենց Հայրենիքում, երկիրն ու պետությունը շենացնեն, հզորացնեն բանակն ու սահմաններն անառիկ դարձնեն, մառանները լցնեն բերք ու բարիքով, որ զավակներն ապրեն ապահով ու իրենց հողին կառչած ծառի պես մտածեն հողում արմատներն ավելի խոր տարածելու ու բերք տալու մասին:
Այլ ճշմարտություն չկա:
Այսպես ասաց Տիգրան Մեծ Արքայից Արքան.
....և խորհուդը իմ հաղթանակների այսպե՛ս դու մեկնիր.
Հող ու Հայրենիք թանկ են ամենից,
Բայց ավելի թանկ իմ ժողովուրդն է՝
Արդար ու շիտակ, գիտուն, հանճարեղ,
Կորովի ու քաջ...
Հողն առանց ազգի չի կարող լինել
Երբեք Հայրենիք:
Հայրենիքն առանց թագավորության
Տարածք է միայն օտար զավթիչի
ոտնձգությանց....
Գնա՛, հորդորի՛ր և հուսավառի՛ր
Քաջազուն ազգիս.
Մենք դեռ կարող ենք գծել նորովի
Եռաթև նետի սլացքով անկանգ
Սահմաններն Հայքի...
Կարող ենք, ու շատերս տիրոջ սրտացավությամբ ու մեծ սիրով արել ենք ու անելու ենք դա:
Իմ սիրելի Հայ ժողովուրդ, ես ուզում եմ, որ Նոր տարվա շեմին մեզնից յուրաքանչյուրը մտածի, որ, ինչպես իմ մանկության տարիներին Թիֆլիսում եմ ես միշտ լսել ՝
«Դիփ Հայերը իրար բարեկամ են»:
Եթե բարեկամ ենք, ուրեմն պիտի ապրենք իրար մոտ, մեր մեծ Տանը՝ Հայաստանում, սիրենք ու գնահատենք մեկս մյուսին, պաշտպանենք մեր հայրենիքը ու մեկս մյուսին:
Ես ուզում եմ նաև մի կարևոր հորդոր ու խորհուրդ ասել մեզ՝ Հայերիս.
առայժմ որտեղ էլ ապրի հայը, իր երակներում քանի տոկոս էլ Հայի արյուն ունենա, միևնույն է, նա ՀԱՅ է և մեզանից մեկն է նա, օգնենք նրան, եթե նա օգնության կարիք ունի.
աղքատ, անօգնական և հուսահատ Հայ չպետք է լինի աշխարհում:
Հայ լինելը ոչ միայն պատվաբեր է ու պատասխանատու,
այլ նաև շահեկան պետք լինի, քանի որ Նրան օգնելու են Հայկական բարեգործական միություններն ու անհատ մեծահարուստները և պարզապես բարի ու նվիրյալ հայերը:
Ահա այդ ժամանակ մեր թիվը ոչ միայն կավելանա, այլև բարոյական նկարագիրը կբարեփոխվի. որովհետև մեր հոգու Բարին մենք կբաժանենք մեր՝ Հայերիս մեջ:
Թող Հայոց Աստվածները գթան մեզ, վերադարձնեն մեր արիական ոգին ու բարեպաշտությունը: Մնացածը հայը կանի:
Սիրելի՛ Հայեր, թոթափենք անցնող տարիների հոգսն ու ցավը, տխրություն ու հուսահատությունը:
Այս անցած՝ կորուստներով լի հետպատերազմյան չորս տարիները թեև Հայի համար տխուր ու ցավոտ տարիներ են եղել, բայց մենք ուժեղ ենք, և դա ապացուցել ենք աշխարհին և ինքներս մեզ. մենք պատմական, ազգային, իրավական իրավունք չունենք հուսահատվելու և մոլորվելու քաղաքական բավիղներում:
Մենք կարող ենք ու պետք է մեր Երկիր-Մառանը լի ու ապահով դարձնենք:
Թող Աստծո օրհնանքը լինի Հայ ժողովրդի ու ամեն մեկիս վրա:
Կա՛ Հայը, կա՛ ու կմնա Հայաստանը:
Բարի և հաղթանակով ապահովված խաղաղ Նոր Տարի լինի գալիք Նոր Տարին և գալիք դարերը Հայաստանի ու մեր ժողովրդի համար:
Իմ սիրելի ու բարի՛ Հայ Ժողովուրդ, իմ հարազատներ, իմ լա՛վ ու բարեկամ ընկերներ, ապրենք ապահով մեր Հայրենիքում, սիրենք և պաշտպանենք նրան:
Աշխարհում կա մի անկասելի Ճշմարտություն՝
Հայրենիքից վեր Աստված է միայն․․․
Հայրենիքին հավասար Աստված է միայն։
Սիրով և նվիրվածությամբ՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
30․12.2024թ.