Այս մտորումներն ունեցել եմ 2016 թվին՝ երբ Քառօրյա պատերազմում հարյուրից ավելի զոհեր տալով ՝ կանխեցինք թշնամու առաջխաղացումը։
44-օրյա պատերազմում ունեցանք հազարավոր զոհեր, հաշմանդամներ, ՀՀ տարածքների կորուստ, Արցախի ապօրինի հանձնում թշնամուն և արցախցիների բռնագաղթ:
Սա հայկական պետականության թուլության հետևանք է:
Պետությունը ազգի պահպանման գրավականն է:
Պարզվում է, ի թիվս այլ տոների և պետական օրերի, կա նաև պետականորեն նշվող Դիվանագետի օր, որն իր խորքում նաև գոնե հայերիս համար տոնի խորհուրդ պիտի ունենա, քանի որ վերականգնել ենք դարերով կորցրած մեր պետականությունը:
Հայրենիքը հուզական ընկալումից զատ նաև քաղաքական կշիռ ու արժևորում է ստանում, երբ ժողովուրդը նրա սահմաններն ամրացնում է պետության գոյությամբ:
Այսօր մենք ունենք այդ պետությունը,թեև խոցված ու թուլացած, այն էլ մեր անխոհեմության և անհեռատեսության պատճառով:
Ազգերին հարգում են, երբ նրանք ազդեցիկ են դառնում իրենց պետությամբ ու պետականության փիլիսոփայությամբ, իսկ հզոր պետություն ունենալու դեպքում ՝ դասվում են հզորների շարքը, և իրենք են թելադրում այլ ազգերի ապրելու աշխարհակարգը: Այսօր մենք դրա ականատեսն ենք:
Մենք, ցավոք, այս էլ քանի դար,միջազգային ասպարեզում քաղաքական գործոն չենք: Կդառնանք քաղաքական գործոն, եթե ճանաչենք ինքներս մեզ, մեր աշխարհագրական դիրքի առավելություններն ու խոցելի կողմերը, ճանաչենք մեզ՝ իբրև հրաշալի ռազմավար ու մարտավար ռազմի դաշտում, բայց անհամարձակ ու միամիտ՝ խարդավանքներով լի դիվանագիտական դաշտում:
Մենք հաճախ հաղթել ենք ռազմի դաշտում, բայց պարտվել ենք դիվանագիտության և քաղաքականության ասպարեզում:Հ իմա դա աններելի է, քանի որ վերականգնած մեր պետականությունը այլևս կորցնելու ոչ մի բարոյական, իրավական և պատմական իրավունք չունենք:
Քանի որ պետությունը ազգի պահպանման գրավականն է... Ճանաչենք մեր հարևաններին, որոնց մի մասը անթաքույց թշնամի է մեզ, դրանում կա նաև մեր մեղքը, քանի որ թույլ տվեցինք, որ այդ բարբարոս և վաչկատուն ցեղերը հայտնվեն և ամրապնդվեն մեր հայրենիքի տարածքում, պետություն ստեղծեն մեր Հայրենիքի տարածքում և ստիպեն մեզ հլու ապրել այդ բռնակալ պետության մեջ։ Իսկ հետո, երբ պատմության թեթևակի բարեհաճությամբ մենք մեր մի ափ մնացած Հայրենիքի տարածքում ստեղծեցինք պետություն, այսօր, հիշողությունը կորցրած մարդու նման, նրանց համարում ենք մեզ հարևան պետություն և հաշվի ենք նստում նրանց քաղաքական քմաքհաճ նկրտումների հետ։ Պատմականորեն Հայաստանը Թուրքիա և Ադրբեջան անվանումով հարևան պետություն չի ունեցել։ Իմ համոզմամբ, դա պատմական թյուրիմացություն է և ժամանակավոր երևույթ։
Մենք գիտե՞նք, թե ովքեր են մեր հարևանները կամ դաշնակիցները․կարծում եմ ՝ ո՛չ լիարժեք․ նրանցից երկուսը ակնահայտ թշնամիներ են, մեկը անդաշն դաշնակից է, մյուսը՝անվստահելի, բայց եղբայր հորջորվող, մյուսը՝ կարծես կրավորական է, բայց փորձում է որոշակիության քայլեր կատարել:
Կան և հեռավոր ազգեր՝ իրենց պետություններով, որոնք մեզ հետ նույն կամ հար քաղաքակրթական հարազատության ընկալումն ունեն, սակայն առաջնայինը քաղաքական շահն են համարում, իսկ դա, գոնե մեզ՝ հայերիս պետք է զգուշավոր դարձնի։
Դիվանագետների` պետականորեն նշվող հատուկ օրը ՀԱՅ դիվանագետ-քաղաքագետներին պիտի մղի միաբանվելու համահայկական - հայաստանպաստ և հայանպաստ քաղաքական հայեցակարգ մշակելու, որպեսզի մեր երկիրը կարողանա դիմագրավել համաշխարհային քաղաքականության այս վայրիվերումներին, որոնք ազգերին ու պետություններին տանում են պատերազմի ու կործանման:
Աստված զորավիգ լինի ազնիվ և անսակա՛րկ մեր դիվնագետներին, որ նրանք բոլորանվեր ծառայեն Հայաստանի Հանրապետության՝ Մայր Հայաստանի քաղաքական հզորացմանն ու դրսևորեն դիվանագիտական ճկունություն:
Մենք երախտագետ ազգ ենք, կգնահատենք ձեր ազգօուտ գործը։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ