Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան իր դերակատարությունը կունենա ՈՒկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, նույնիսկ, եթե ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցություն չլինի։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում ՈՒկրաինայի համար արդար խաղաղություն չի լինի՝ առանց բանակցություններին եվրոպացիների մասնակցության, հավելելով, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն խաղաղ համաձայնագրի դրույթները։               
 

Մի պտղունց արև

Մի պտղունց արև
15.01.2025 | 22:00

Տխուր, բայց ո՛չ հուսահատական ... Ջահել եմ եղել... Է՜հ...

Տխուր եմ: Շա՜տ տխուր եմ:

Ինձ թվում է` երբեք այսքան տխուր չեմ եղել:

Եվ եթե երբևէ շա՜տ տխուր եմ եղել, ապա կարողացել եմ տխրությունս վերածել սպասումի քաղցր տագնապի:

Աշնան գորշության և ձմռան պաղ սարսուռի միջից անգամ ես տեսել եմ ու զգացել իմ գարունը, տաք ու գունագեղ իմ արևը, և սիրտս խայտացել է գարնան մոտիկությունից ու արևի ջերմությունից: Իսկ այսօր չեմ կարող, չեմ կարող այլևս սպասել:

Տարիներ, տարներ սպասել եմ իմ գարունին, սպասել եմ մի ինչ-որ լուսավոր բանի:

ՈՒ եկել է գարունը, որովհետև չէր կարող չգալ:

Մինչդեռ ես անհամբեր վազել եմ գարնան հետևից, մագլցել եմ նրա հետ լեռան ծերպերը, իջել եմ մթամած ձորերը, վազել արտ ու հովիտներում, ու կարծել եմ, թե գտել եմ իմ գարունն ու բերել տուն, կարծել եմ` գարունն ինձ հետ է, ու մենք միասին ենք:

Բայց հետո գարունն անցել է ու հեռացել է ինձնից:

ՈՒ ես հասկացել եմ, որ դարձյալ մենակ եմ, մեն-մենակ` ողջ աշխարհին դեմ հանդիման:

Եվ հուսահատ ու մոլոր ես քայլել եմ արևի միջով, որովհետև լույսի պակաս կար իմ շուրջը:

Ես արևի մեջ էի, բայց ինձ արևի լույսից մի պտղունց էր միայն բաժին հասել, և ես այդ մի պտղունցը կիսել եմ ճամփաս լուսավորելու և հոգիս ջերմացնելու համար:

Ազնիվ խոսք, մի պտղունց արևը քիչ է, շատ քիչ…

Եվ ահա, այսպես, իմ ճամփան միշտ կիսախավար է եղել, իսկ հոգիս` մրսած:

Չգիտեմ, գուցե սխալվել եմ, որ ինձ բաժին հասած մի պտղունց արևը կիսել եմ…

Գուցե կյանքիս ճանապա՞րհը պիտի լուսավորեի, որ նա հետո երախտագիտությամբ վարձահատույց լիներ հոգուս` նրա զոհողության համար:

Իսկ գուցե հոգի՞ս պիտի միշտ ջերմ ու տաք պահեի. ջերմ հոգիս լույս կարձակի, ու երբեք չեմ խարխափի մթության մեջ:

Իսկ ի՞նչ է նշանակում «ջերմ հոգի» ունենալ:

Երևի բարի ու հոգատար պիտի լինես ուրիշների հանդեպ, հոգատար լինես քեզ շրջապատող մարդկանց հանդեպ` անկախ նրանից` քեզ հարազա՞տ են, թե՞ ոչ, պարզապես պիտի հարգես և ընդունես մարդու ապրելու կամքն ու իրավունքը:

Չէ՛, ես կարծում եմ` հոգու ջերմությունը նախ պետք է իրեն` մարդուն, ի՛ր համար, թեև ջերմ հոգին իր ջերմությունից նաև ուրիշներին բաժին կհանի:

Պաղ ու մրսող հոգի ունեցող մարդը ասես չի ապրում, նա պարզապես գոյատևում է, նա չունի իր սեփական ճանապարհը, այլ քարշ է գալիս ուրիշների ակոսած ոտնահետքերով:

Ես չեմ ուզում քարշ գալ ուրիշների ոտնահետքերով, որովհետև չեմ ուզում նմանվել սեփական ստվեր չունեցող մի մարդու, որն առավոտից իրիկուն իր համար հարմար ստվեր է ընտրում:

Չէ՛, ստվեր ընտրել կամ ջոկել ես չեմ կարող. ստվերդ քո երկրորդ «ես»-ն է, դու՛ ես…

Իսկ եթե դու քեզ կորցնես քո կյանքի ճանապարհին, որովհետև չես կարողացել քո բաժին մի պտղունց արևը խելամտորեն բաշխել, ապա կկորցնես և՛ քեզ, և’ քո ստվերը:

Իսկ եթե ինքդ քեզ կորցնես, հավատա՛,ոչ ոք քեզ չի գտնի,նույնիսկ չի փորձի փնտրել…

ՈՒրեմն արևից ստացած լույս ու ջերմությունը, սիրելի՛ս, դու էլ բաշխի՛ր հավասար` հոգուդ` ջերմություն, իսկ կյանքիդ ուղուն` լույս անխավար, և ապրի’ր Լույսի ու Ջերմության դաշնության մեջ…

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

30.3.1968 թ.

Իմ`«Քնարական արձակ» շարքից:

Դիտվել է՝ 4828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ