Ամփոփիչ դիտարկումներ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը:
1. Նման ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ը իր գործընկերներին մեկ օրում չի տալիս: Սա տասնամյակների աշխատանք է պահանջում:
2. Չի կարելի խառնել ռազմավարական դաշնակից-ռազմավարական գործընկեր հասկացությունները:
3. Հայաստանն ու ԱՄՆ-ը հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց:
4. Պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել այն ստատուսը, որ ԱՄՆ-ը տվել է Հայաստանին այս փաստաթղթի ստորագրմամբ:
5. Այս փաստաթղթի կնքումը տրանզիցիոն թիմը համաձայնեցրել է Թրամփի վերադարձող վարչակազմի հետ:
6. Սա Հայաստանի և Բայդենի վարչակազմի միջև կնքված փաստաթուղթ չէ, սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված միջպետական փաստաթուղթ է:
7. Սա Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի ձեռքբերումը չէ, և եթե դա այդպես է ներկայացվում, վստահ եղեք՝ Թրամփի վարչակազմն ասելու է՝ դե գնացեք Բայդենի հետ էլ կյանքի կոչեք:
Ինչպե՞ս ստացվեց, որ նման փաստաթուղթ ստորագրվեց
8. Այս համաձայնագրի կնքումը հնարավոր է դարձել 1990 ականներին հիմնադրված (դեռևս 1994թ. Լ. Տեր-Պետրոսյանի ամերիկյան այցի ընթացքում Վազգեն Սարգսյանի ու ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի միջև ստորագրած հուշագրի), 2000-ականներին Նախագահ Քոչարյանի օրոք միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի ակտիվ ներգրավվածության (տես՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթ-հիմնավորումը ԱԺ-ում՝ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային միանալու վերաբերյալ), միջազգային խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության, ինչպես նաև 2010-ականներին Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման արդյունքում:
9. Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք, և այս շարունակական աշխատանքի արդյունքը ֆիքսում են հենց ամերիկացի գործընկերները:
10. ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը տրամաբանական շարունակությունն է հակաահաբեկչական կոալիցիայի, որին ՀՀ-ն միացել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
11. Կանզասի և ՀՀ ՊՆ միջև հարաբերությունների խորացումը 2003թ. հիմնադրված ՀՀ-Կանզաս համագործակցության շարունակությունն է:
12. Փաստաթուղթը դեռևս պետք է միս և արյուն ստանա այն սկզբունքների հիմնա վրա, որոնք դրանում ամրագրված են, սակայն հստակ է, որ այս փաստաթղթով ԱՄՆ-ը չի նախատեսում տրամադրել Հայաստանին անվտանգային երաշխիքներ, զենք, զինամթերք և ռազմամթերք: Սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու, գալու են մասնագետներ և խորհուրդ տան սահմաններն առավել անվտանգ դարձնելու համար:
13. Եվ վերջապես, չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը վատ վիճակի մեջ դնելու գործիք և նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել:
Սուրեն Սարգսյան