Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-16

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-16
19.01.2025 | 13:30

(սկիզբը` այստեղ)

Շատ, շա՜տ ուշադիր կարդացեք Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի այս հայտարարությունը՝ Արևմուտքը թքած ունի Հայաստանի ապագայի վրա:
Այս աքսիոմատիկ ճշմարտությունը չգիտակցելու և աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում սխալ ընտրություն կատարելու, իսկ գիտակցողներիս դեպքում, որպես մեր պարտականություն, Նիկոլ հայադավի և իր ոհմակի արդեն իսկ կատարած արևմտյան ընտրությունը չչեղարկելու դեպքում մենք հատուցելու ենք մեր ու մեր զավակների կյանքերի ու մեր սուրբ հայրենիքի կորստի գնով:
Ո՞վ է իրավունք տվել հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավին և իր ոհմակին առանց մեր կամքը հարցնելու՝ առանց հանրաքվեի, Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, դեպի ԱՄՆ փոխել, ինչը նշանակում է յուրաքանչյուրիս և Հայաստանի համար աներկբայորեն ճակատագրական նշանակություն ունեցող որոշման կայացում:
Ինքս Նիկոլ հայադավին այդ իրավունքը չեմ տվել, դուք նույնպես չեք տվել, քանի որ որոշիչ, ճակատագրական նշանակություն ունեցող տվյալ խնդրի կապակցությամբ հանրաքվե չի կազմակերպվել ու չի անցկացվել, նույնիսկ դրա մտադրությունը չի հայտնվել: Հետևաբար պետք է ոտքի ելնել և օգտվելով ինքնապաշտպանության սրբազան իրավունքից, իշխանության ուզուրպատորներին ցույց տալ իրենց արժանի տեղը, ուղարկել նրանց այնտեղ, որտեղ պետք է վաղուց ուղարկած լինեինք: Եվ արդեն իսկ ուղարկած կլինեինք, եթե Հայաստանում ընդդիմությունն իսկապես ընդդիմություն լիներ ու համապատասխաներ այն ակնկալություններին, որոնք իրենից ուներ հասարակության ընդդիմադիր հատվածը:
Չասեք՝ «ժողովուրդը չի հավաքվում», չհամարձակվե՛ք կեղծել: ժողովուրդը 2024թ. մայիսի 9- ին հավաքվել էր Հանրապետության հրապարակում, շուրջ 100 000 հոգի, իսկ ի՞նչ արվեց այդ օրը ու դրանից հետո… Երևանում հասարակության ընդդիմադիր հատվածի համարժեք հավաքի մեկ- երկու ամսաթիվ էլ կարող եմ հիշեցնել, բայց հուսամ, որ հնարավոր ընդդիմախոսներիս հիշողությունը չի դավաճանել իրենց:
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և, հուսով եմ, ժողովուրդը կդիմի իր իշխանությունն իրականացնելու ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ձևին:
Նիկոլը խաղաց- պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին… Նիկո՞լը… Այո՛, Նիկոլը: Բայց ոչ միայն Նիկոլը, նաև, Ռազմիկ Դավոյանի ձևակերպմամբ, Նիկոլի մղիչ ուժը, եթե չասեմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրի պատվերները կատարող, ապա նրա հետ շատ հետաքրքիր և հատուկ ուշադրության արժանի հարաբերություններ ունեցող ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ընդհանրապես, Նիկոլի ողջ սորոսական, ՔՊ- ական ոհմակը: Եվ նշվածը՝ միայն Հայաստանում, քանի որ այդ «խաղն» իր մասնակիցներն ունի նաև դրսում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել… Այսինքն՝ հայերիս և Հայաստանի բոլոր հիմնական թշնամիները:
Իսկ ի՞նչ է նշանակում, թե Նիկոլը Նիկոլը խաղաց- պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին… Ճիշտ է, վերջնական նպատակը՝ Հայաստանի կործանումը, պանթուրքական ծրագրի իրագործումը, Ռուսաստանը Հայաստանի, ընդհանրապես, Հարավային Կովկասի կողմից խոցելի դարձնելը և ՌԴ ռազմավարական պարտությանը դրանով նպաստելը դեռ իրականություն չի դարձել, սակայն ԱՄՆ- հետ Նիկոլի և նիկոլենց բռնած գործը կամ Նիկոլի և նիկոլենց հետ ԱՄՆ- ի բռնած գործն անշեղորեն և հուսալիորեն տանում է դեպի դրան, և այս առումով արդարացված է վերնագրով արտահայտված արձանագրումը՝ Նիկոլը խաղաց- պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին…
Ընթերցողը հավանաբար արդեն կռահեց, որ գրելով «բռնած գործը», նկատի ունենք Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև օրերս ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ներկայացվում է իբրև համաձայնագիր, պայմանագիր ու նույնիսկ խարտիա, այսինքն՝ պատմական մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ: Տվյալ կանոնադրությանն առաջիկայում դեռ վերլուծաբար և հանգամանորեն կանդրադառնանք:
Հարկ է ընդգծել, որ այս փաստաթղթերը հանկարծակիորեն չծնվեցին և ասպարեզ եկան, դեպի դրանց ծնունդը տանող հայտարարությունները և գործողությունները կատարվեցին մեր բոլորի աչքերի առաջ, և առաջին հերթին՝ ընդդիմության հիմնական դերակատար ուժերի, այդ թվում նաև՝ «սրբազան շարժում» կոչվածի և նրա առաջնորդի աչքերի առաջ:
Եվ հիմա, երբ Նիկոլը, նիկոլենք ԱՄՆ- ի հետ միասին Հայաստանի դագաղի մեխերն են խփում կամ շարունակում խփել, իրավունք չունե՞նք հարցնելու, թե ի՞նչ արեց, ի՞նչ է անում կամ ի՞նչ է անելու ընդդիմությունը կամ «ընդդիմություն» կոչվածը… Իհարկե՛ ունենք: Եվ հաշիվ պահանջելու իրավունք ունենք, ինչպես Նիկոլից և նիկոլենցից՝ կատարված ԱՄԵՆԻ համար… «Ինչ արեց» հարցն այս դեպքում հռետորական է, քանզի պայքարին մասնակցած, իրադարձություններին հետևած յուրաքանչյուր ողջախոհ հայ գիտի, թե ինչ արեց և չարեց…
Թե ինչ է անում, տպավորությունն այն է, որ Նիկոլի և նիկոլենց հարցերը լուծելու առումով գործնականում, ըստ էության, ոչինչ էլ չի անում, ընդամենը հետևում է իրադարձություններին, կատարում որոշ արձանագրումներ, հանդես գալիս որոշ հայտարարություններով ու կրկնում հայտնի ճշմարտությունները: Չմոռանամ նշել՝ մեկ էլ որոշներն իրար քարկոծում են, իրար դեմ պայքարում: Իհարկե, վատ է դա, չպետք է լիներ, բայց եթե սկսվել է, կարծում եմ, գործընթացը պետք է հասնի իր ավարտին, որպեսզի հանրության թերևս մեծամասնության համար պղտոր ջրերը զուլալվեն, բոլորն իմանան, թե մեր երկրում ով ով է:
Թե ինչ է մտադիր անել, ինչ է անելու ընդդիմությունը կամ, շատ մարդկանց համոզմամբ, «ընդդիմություն» կոչվածը, և որոշակի ե՞րբ է անելու, թող իրենք պատասխանեն, եթե ասելիք ունեն… Ավելի ճիշտ՝ ոչ թե պատասխանեն, այլ գործեն…
Առանձնակի ուշադրության է արժանի, որ Նիկոլը, նիկոլենք և մեր ոխերիմ «բարեկամներից» ԱՄՆ- ը վերոնշյալ՝ հայերիս ու մեր երկրի նկատմամբ դավադիր քայլերին գնացին Հայաստանին ուղղված Ալիևի վերջին սպառնալիքներից հետո և հենց այն ժամանակ, երբ մեր գլխին դամոկլյան սրի նման կախված է Ադրբեջանի հարձակման, մի նոր և ավելի մեծամասշտաբ պատերազմի վտանգը:
Հենց ամերիկյան «Army Times» ռազմա- վերլուծական պարբերականի փորձագետներն են հայտնում 2025- 2026 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու մեծ հավանականության մասին:
Քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը հունվարի 16- ին հանդես է եկել այն մասին, թե ինչու արդեն մոտ ժամանակներս կարող է սկսվել Ադրբեջանի ռազմական գործողությունը Հայաստանի դեմ: Նա գրել է՝ «Пашинян доигрался», և շարունակել՝ երբ է Ալիևը հատուկ ռազմական գործողություն պատրաստում Հայաստանի դեմ: Ըստ Ռոդիոնովի, ամերիկյան փորձագետների կարծիքով, Բաքուն հազիվ թե պաշտոնապես պատերազմ հայտարարի Հայաստանին, այլ, ամենայն հավանականությամբ, կդիմի հատուկ ռազմական գործողության անցկացմանը և տարածքների վերադարձին, որոնք Ադրբեջանը համարում է, թե պատմականորեն իրենն են։
Նման սցենարի հավանականությունը ամերիկյան ռազմական փորձագետների կողմից բարձր է գնահատվում։ Պենտագոնի վերլուծաբանները հղում անելով իրենց հետախուզական տվյալներին, նշել են նաև, որ Անկարան հանդես կգա որպես Բաքվի դաշնակից։ Փորձագետները ենթադրել են, որ Երևանը Ֆրանսիայից օգնություն կխնդրի, սակայն վերջինս կհրաժարվի ուղղակիորեն միջամտել։ ՀԱՊԿ-ին դիմելը նույնպես անպատասխան կմնա, քանի որ Երևանը սառեցրել է անդամակցությունը կազմակերպությանը։ Մենակ մնալով ադրբեջանական բանակի դեմ, Հայաստանը կարող է կարճ ժամանակում գրեթե ամբողջությամբ գրավվել։
Երևանը Վաշինգտոնի հետ հունվարի 14- ին, այսպես կոչված, Ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրել։ ԱՄՆ- ի պետքարտուղար Բլինքենի խոսքով՝ դա կողմերին «հիմք կտա ընդլայնելու երկկողմ համագործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդավարությունը, արդարադատությունը, ներառականությունը և միջազգային փոխանակումները»:
Թե ի՞նչ հիմքի մասին է խոսքը, դա ընդհանրապես և, հատկապես, անվտանգության ու պաշտպանության առումներով ինչ հրեշավոր կեղծիք է ներկայացնում, ակնհայտ է դառնում կանոնադրությանը ծանոթանալուց ու համոզվելուց հետո, որ տվյալ փաստաթուղթը չի ենթադրում կողմերի ոչ մի պարտավորություն միմյանց հանդեպ, այնպես որ, ինչպես ճշմարտացիորեն նշել է Ռոդիոնովը, «Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հայաստանը կստանա ոչ ավելին, քան Սահակաշվիլին ստացավ ամերիկացիներից 2008- ին, այսինքն՝ բարոյական աջակցություն…»:
«Պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ չվստահեք «հետախուզության տվյալների» մոգական հղումներին, նկարագրված ամեն ինչ միանգամայն կանխատեսելի է և նախահայտնի,- գրել է քաղաքագետը:- Հիշեցնեմ, որ տարեսկզբին Իլհամ Ալիևը հանդես եկավ ադրբեջանական ԶԼՄ- ներին տված հարցազրույցներով, որոնցում ուղիղ տեքստով սպառնաց Երևանին՝ Հայաստանն անվանելով «ֆաշիստական պետություն և սպառնալիք տարածաշրջանին», որի հետ «պետք է գլուխ հանել»: Մեկնաբանելով երկրների միջև խաղաղության պայմանագրի թեման, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն կարող է յոլա գնալ առանց դրա: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ, անկախ ամեն ինչից, Զանգեզուրի միջանցքը բացվելու է, և Հայաստանը չպետք է խոչընդոտի դրան:
Բայց ամենակարևորը հնչեց հաջորդիվ։ Ալիևը մեղադրել է Երևանին տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ՝ հայտարարելով, որ Հայաստանը մոտ 30 տարի կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները:
«Հայաստանն ըստ էության ֆաշիստական պետություն է։ Որովհետև եթե այդ երկիրը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, ապա նրանք այդ երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ»,- հայտարարել է նա։
Այս ֆոնին Ալիևը կոչ է արել ոչնչացնել ֆաշիզմը՝ ընդգծելով, որ դա կանի կամ Հայաստանը ներսից, կամ Ադրբեջանը, որն այլընտրանք չունի»։
Ընդ որում, եթե խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, հասկանալի է, Բաքվի պայմաններով Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ, սահմանների սահմանագծմամբ և Զանգեզուրի միջանցքի բացմամբ, ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա, հարցնում է Ռոդիոնովը, ինչպե՞ս հասկանալ «ֆաշիզմի ոչնչացման» անհրաժեշտությունը։
«Շատ լպրծուն արտահայտություն, որի ներքո կարելի է նկատի ունենալ ինչ ուզում ես,- շարունակել է քաղաքագետը:- Բայց արդյոք Հայաստանը սպառնո՞ւմ է Ադրբեջանին։ Ամերիկյան «Global Firepower» վերլուծական գործակալության վերջին հետազոտության համաձայն՝ Ադրբեջանը զինված ուժերի հզորությամբ աշխարհում զբաղեցնում է 61- րդ տեղը, Հայաստանը, չնայած զենքի ակտիվ գնմանը, ընդամենը 91- րդն է: Բացի այդ, Բաքվի կողմից Ղարաբաղում հաղթանակից հետո՝ խիզախության և գերազանցության զգացում, քաղաքական և տնտեսական կայունություն։ Իսկ Երևանն ունի հիասթափություն սեփական իշխանությունից, խրոնիկ քաղաքական անկայունություն։ Մի խոսքով, նման իրավիճակում Ադրբեջանի վրա հարձակվելու համար հայ քաղաքական գործիչները պետք է կատարյալ խելագարներ լինեն։
Միակ բանը, որ Հայաստանն ունի, որը տարիներ շարունակ փրկել է նրան, անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Բայց Փաշինյանի ռեժիմը այն սառեցրել է մտացածին պատրվակով, թե իբր ՀԱՊԿ- ը չի օգնել Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Եվ չպետք է օգներ, չէ՞ որ խոսքը տարածքի մասին էր, որը Հայաստանն ինքը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այլ բան է, եթե թշնամու զինվորը ոտք դներ բուն հայկական տարածքում։ Բայց մինչև վերջերս դա անհնարին էր թվում, հարկ է նաև հիշեցնել, որ միայն Ռուսաստանի միջամտությունն էր կանխել այդ սցենարը 2020- ի աշնանը, երբ հայկական բանակը կարող էր նահանջել մինչև Երևան, և Փաշինյանը դա շատ լավ հասկանում էր։ Այնուամենայնիվ, նա, չգիտես ինչու, սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ- ին՝ ազատելով կազմակերպությանը բոլոր պարտավորություններից ։
Իհարկե, այստեղ ստեղծվել է իրավական կոլիզիա, չէ՞ որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ «սառեցում» հասկացություն չկա, բայց հետևելով սովորական տրամաբանությանը, եթե դուք չեք վճարում մուծումներ, ոչ մի կերպ չեք մասնակցում կազմակերպության կյանքին, այսինքն՝ հրաժարվում եք պարտականություններից, ապա իրավունքներ էլ չունեք։ Այսինքն՝ ոչ ոք պարտավոր չէ ձեզ պաշտպանել։ Ադրբեջանը գնահատում է այս իրավիճակը՝ նկատի ունենալով նաև այն, որ Ռուսաստանը շատ զբաղված է Ուկրաինայում, նա այժմ Անդրկովկասում չէ և վերլուծելով, թե կարելի՞ է արդյոք կրկնել սիրիական սցենարը բլիցկրիգով, մինչև Մոսկվան և Թեհրանը (որտեղ տեղի են ունենում իրենց բացասական գործընթացները՝ իշխանության համար պայքարը Ալի Խամենեիի հեռանալուց առաջ) կհասցնեն ուշքի գալ և ինչ-որ բան ձեռնարկել։
Ֆրանսիայից Բաքուն հազիվ թե վախենում է, ամերիկացի փորձագետներն արդարացիորեն նշում են, որ Փարիզն ուղղակիորեն չի միջամտի, քանի որ դա հղի է Թուրքիայի հետ բախմամբ և ՆԱՏՕ- ի պառակտմամբ, ինչը թույլ չեն տա ամերիկացիները: Այսպիսով, Մոսկվան մնում է գլխավոր և վերջին խոչընդոտը, որը կանգնած է Բաքվի և Անկարայի ծրագրերի իրականացման ճանապարհին, և Ալիևն այստեղ շոշափում է թույլատրելիի սահմանները՝ մտնելով խոցված ինքնաթիռի շուրջ ՌԴ- ի հետ բացահայտ հակամարտության մեջ, կտրուկ քննադատելով Ռուսաստանին և ուժեղացնելով թուրանական վեկտորը արտաքին քաղաքականության մեջ, թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը։
Ինքնաթիռն այս դեպքում, իհարկե, միայն պատրվակ է, Ադրբեջանի կողմից այդ ուղղությամբ քայլերը բավականին ակտիվ ձեռնարկվում են 2020 թվականից ի վեր, պարզապես դրանց ինտենսիվությունն աճում է աչքերի առաջ, ինչին մեծապես նպաստում է Թուրքիայի ուժեղացումը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Երևի նույնիսկ տարօրինակ կլիներ այս իրավիճակում ինչ-որ բանում մեղադրել Ալիևին, որը կարող է պատմական թշնամու հետ վերջնականապես հաշվեհարդար տեսնելու բացառիկ պատմական շանսից օգտվել: Հիմարություն է հրաժարվել այն ամենից, ինչը բառացիորեն սեղմվում է ձեր ձեռքերում: Եվ եթե դեռ հինգ տարի առաջ նրա առջև խնդիր էր դրված հետ գրավել Ղարաբաղը ՝ իրականացնելով իր ժամանակակից հայրենակիցների երեսնամյա երազանքը, ապա այժմ հնարավորությունների պատուհան է բացվում՝ ավարտելու այն, ինչ չարվեց 20-րդ դարի սկզբին՝ 1918- 1920 թվականների պատերազմի ժամանակ։
«Army Times»- ի փորձագետները նշում են, որ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի զգալի տարածքների, իսկ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական պետությունը «ստեղծվել է օտար հողում», և որ ժամանակակից Հայաստանը գտնվում է Ադրբեջանին պատկանող տարածքներում: Բաքուն դա երբեք չի թաքցրել։ Պարզապես մինչև վերջերս դա ընկալվում էր որպես կատարյալ Ֆանտաստիկա, բայց ամեն ինչ փոխվեց։ Եվ փոխվեց ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարության շնորհիվ, որը գիտակցաբար վտանգի տակ դրեց իր երկրի ոչ միայն տարածքների, այլև հենց պետականության կորուստը։ Ի՞նչ է դա, հիմարություն, միամտություն, թե գիտակցված սադրանք…
Համացանցում գրում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ռազմավարական նախաձեռնություններ է պատրաստում Բաքվի հետ համատեղ իրագործելու համար, որոնք ուղղված են Ռուսաստանի հետ համագործակցության լիակատար խզմանը: Հեռուստաալիքի անանուն աղբյուրների տվյալներով, որոնք իբր մոտ են կառավարական շրջանակներին, խոսքը ՀԱՊԿ- ի հետ փոխգործակցության բոլոր ձեւաչափերի վերացման, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Մինսկի հետ հարկային եւ պետական անվտանգության մարմինների տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության դադարեցման մասին է: Այսպիսով, ըստ փորձագետների, Փաշինյանն ակնկալում է օգտվել Բաքվի և Մոսկվայի միջև ինքնաթիռի միջադեպից հետո առաջացած լարվածությունից, ինչը հարմար հարթակ է ստեղծում ՀԱՊԿ- ից Հայաստանի դուրս գալն առաջ մղելու համար՝ Երևանի համար շահավետ պայմաններով: Վերջինս ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Պայմանները թելադրելու է Բաքուն։ Եվ եթե դրանք շահավետ էլ լինեն, ապա միայն Փաշինյանի համար, ով արդեն նահանջի ու անհոգ ծերության ճանապարհներ է պատրաստել Արևմուտքում։ Ինչ չես ասի հայաստանցիների մասին, որոնց այդ պայմաններն ակնհայտորեն դուր չեն գա, բայց նրանց ոչ ոք չի հարցնի…»:
Ահա սա է «Army Times» ռազմա- վերլուծական պարբերականի, փորձագետների, քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովի գրածը, նրանց կարծիքը, փաստերի արձանագրումը և կանխատեսումը, իսկ Նիկոլ հայադավի, նրա ոհմակի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ- ի միջև ստորագրված հիշյալ կանոնադրությանը, ինչպես խոստացանք, դեռ հանգամանորեն կանդրադառնանք:
Կոնստանտին Զատուլինն օրերս «Газеты.Ru»- ի հետ զրույցում հավաստել է, որ Հայաստանի ղեկավարությունը «համառորեն չի ցանկանում ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները խորապես թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և նրանք կատարվողի մեջ բացառապես սեփական շահն են փնտրելու, որը կարող է և չհամընկնել Երևանի շահի հետ»:
ՌԴ Պետդումայի պատգամավորը եզրակացրել է, որ դեռևս չկա այն լուծումը, որը կօգնի «փոխարինել Ռուսաստանին Հայաստանի կյանքում», և նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, «դա հասկանում է»։ Նույնակարծիք եմ՝ այո, հասկանում է, և հավելեմ՝ հասկանալով էլ տանում է դեպի կործանում:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ