Աննա Այվազյանը ծնունդով Վրաստանի Ախալցխայի Նորշեն գյուղից է, ավարտել է Ակսել Բակունցի անվան ուսումնարանը, ապա Երևանի Մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Ամուսնացել է արցախցի երիտասարդի հետ և տեղափոխվել է Արցախ։
Արցախյան առաջին ազատագրական պատերազմի տարիներին նա Արցախում էր։
Նրա աշխատանքային գործունեությունը կապված է կրթության ու մշակույթի, ապա նաև բանակաշինության հետ․ աշխատել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, ծառայել է ՀՀ
ՊՆ-ում, ունի փոխգնդապետի կոչում։
Բազմաշնորհ ու տաղանդաշատ Աննա Այվազյանը գրում է չափածո և արձակ, ունի գեղեցիկ ձայն, ասմունքում է, երգում է, Արցախում հիմնել է «Արցախի այաներ» ազգագրական խումբը և նրա գեղարվեստական ղեկավարն է։
Աննա Այվազյանն իր հայրենանվեր գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգևների:
Այսօր Աննա Այվազյանն իր զավակների և թոռների հետ ապրում է Երևանում, բայց սիրտն ու հոգին, միտքն ու ոգին թողել է Արցախում, որոնք հսկում են Հայոց որբացած Հողը․․․
Մաքառում, որ դարեր է տևել
Լինե՞լ, թե՞ չլինել․․․
Լինե՛լ։
Մեր քաղաքական անհեռատեսությունն ու անհետևողականությունը քառորդդարյա անկախության տարիներին դրսևորվեցին մեր պետական առաջին դեմքերի անընդհատ ու պարբերաբար աններելի սխալներով, որ նրանք թույլ են տվել պետության կառավարման տարիներին: Այդ սխալները իրավական տեսակետից ծանր հետևանքների առաջ են կանգնեցրել Հայաստանին ու ազատագրված Արցախին:
Շարժման հենց սկզբից պետք էր քաղաքական ասպարեզ բերել1920 թվին Ազգերի լիգայի որոշումը, որտեղ Արցախն ու Նախիջևանը ճանաչվում են Հայաստանի մաս, մինչդեռ Ադրբեջանը չի ճանաչվել որպես անկախ պետություն:
Ադրբեջանը 1991 թվին Խորհրդային Միությունից անկախանալիս իրեն հայտարարել է չճանաչված առաջին հանրապետության իրավահաջորդ, որի կազմում չեն եղել Արցախն ու Նախիջևանը։ 1920 թվին՝ ի գին Ադրբեջանի խորհրդայնացման՝ Բոլշևիկյան Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցում Արցախն ու Նախիջևանը։ Իսկ 1991 թվին, երբ փլուզվում էր Սովետը, ՄԱԿ-ը, շտապելով, թե հանկարծ Սովետը նորից կհզորանա և կկանխի իր փլուզումը, ճանաչում է 15 հանրապետությունների վարչական սահմանները, որոնք պետական սահման չեն կարող համարվել:
ՄԱԿ-ը, լինելով Ազգերի լիգայի իրավահաջորդը, խախտել է Ազգերի լիգայի ընդունած որոշումը Հայաստանի հարցում և ճանաչել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային վարչական սահմանները: Մինչդեռ մեր իշխանությունները չբողոքարկեցին ՄԱԿ-ի այդ «Որոշումը», իսկ մեր բոլոր քաղաքական ուժերը, բացի «Բևեռից», այդ մասին լռում են, ու Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով նվիրում են Ադրբեջանին:
Ի՞նչ է սա:
Պետական դավաճանություն։
Պատիժը լինում է ԴԱԺԱՆ:
Արյունով ազատագրված Արցաախը տրվեց մեր թշնամուն, որը պատմական, իրավական, բարոյական որևէ աղերս չունի Արցախի հետ։
Արցախը Հայաստանի այն միակ հատվածն է, որը դարերով եղել է հայ մարդու անխափան բնօրրանը։ Արցախը նաև միակն է Հայոց աշխարհի մարզերից, որ միչև 18-րդ դարը պահպանել է իր՝ գոնե կիասանկախ պետականությունը՝ որպես Մելիքություն:
Արցախցիները մեր ժողովրդի այն բացառիկ հատվածն են, թերևս գուցե և միակը, որ հազարամյակներով բնիկ են մնացել իրենց հողի վրա:
Ամբողջ Արևմտյան Հայաստանի և Պարսկահայքի (Խոյ, Սալմաստ, Մակու) հայերը, որը ցեղասպանության, որը ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների պատճառով, հեռացել են իրենց հայրենի երկրից և գաղթել Արևելյան Հայաստանի այս փոքրիկ հանրապետության տարածք՝ կորցնելով բնիկ ժողովրդի առանձնահատկությունը:
Մինչդեռ արցախցին՝ լեռնային և դաշտային, բնիկ ժողովրդի հոգեբանությունը պահպանել է իր հողի վրա:
Արցախցին հայի այն տեսակն է, որ դարերով գիտնականներ ու զորավարներ է ծնել հայ ժողովրդի համար։ Երբ պետք է հպարտանալ մեր նշանավոր զորավարներով՝մարշալներով և գեներալներով, գիտնականներով, մենք չենք զատում նրանց հայաստանաբնակ հայերից, այլ հպարտանում ենք նրանցով։
Ովքե՞ր և ինչու՞ անկախության և հաղթանակի տարիներին փորձում էին օտարացնել Մայր Ժողովրդից արցախցի մեր հայրենակիցներին։ Արցախցին մեր հայրենի հողի վրա հազարամյակներով բնիկ է եղել։
Անգամ միջազգային օրենքով բնիկ ժողովուրդներին քաղաքական առաջնահերթություն է տրվում: ՈՒ մենք դա ևս չհասկացանք և մեր օգտին չշահարկեցինք՝ Արցախն ու արցախցիներին բռնությունից ազատագրվելու հարցում։
Եվ զարմանալին այն է, որ Արցախի և արցախցիների հենց ա՛յդ առավելությունը մենք չգնահատեցինք, իսկ մեր թշնամիները լավ էին հասկացել Արցախի աշխարհագրական դիրքի, աշխարահաքաղաքական կարևորության, հայրենի հողի հետ արցախցիների՝հազարամյակների կապվածության ուժը:
Եվ արդեն 90-ականների պատերազմի ժամանակ վտարեցին նրանց Դաշտային, իսկ այսօր նաև՝ Լեռնային Արցախից: Սա մեր ժողովրդի վերջին հարյուր տարվա մեծ կորուստներից մեկն է, հուսանք՝ ոչ անդառնալի:
2020 թվին պարտադրված, գուցե և պայմանավորված պատերարազմը հայերիս համար Հայրենական պատերազմ էր, որը , ցավոք վերածվեց պայմանավորված պարտության:
Ես չեմ խոսի Արցախի ազատագրման քաղաքական սխալների մասին, որ կատարեցին մեր երկրի առաջին նախագահից սկսյալ բոլոր հաջորդ ղեկավարները․ մենք բոլորս ականատես վկաներն ու տուժողներն ենք այդ անհեռատես, գուցե և պարտադրված սխալների:
Միայն հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն Խորհուրդները 1989 թվի դեկտեմբերի 1-ին համատեղ ընդունել են ԼՂԻՄ-ի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշումը, որը այս բոլոր տարիներին կողմերից ոչ մեկը չեղյալ չի հայտարարել, այսինքն՝ այն շարունակում է մնալ ուժի մեջ։ Եվ այդ փաստը նույնպես այս տարիներին չդրվեց հակամարտության լուծման սեղանին։
Ինչու՞։
Կարծում եմ` դա նույնպես պարտադված էր դրսի քաղաքական ուժերի կողմից, ովքեր ձգտում էին տիրանալ Արցախի վերջին կտորին, իսկ մեր երկրի կառավարիչներն օգնեցին նրանց:
Մեր ժողովրդի մեծ մասը, բարեբախտաբար, հասկացավ Արցախի պահպանման կարևորությունը Հայաստանի Հանրապետության և արցախցիների՝ Արցախում ապրելու անհրաժեշտ կարևորությունը հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու գործում:
Արցախյան առաջին պատերազմը և հաղթանակը դրա ապացույցն են։
Սակայն 1994 թվին կնքված այն անկատար և թշնամու կողմից երբեք չհարգված-չպաշտպանած զինադադարը մեր երկրի առաջին նախագահի ու քաղաքական վերնախավի միջազգային օրենքների չիմացությա՞ն, մարդկային թուլությա՞ն, թե՞ որոշակի ուժերի միջամտության հետևանք էր: Մեզ, որ պիտի պայմաններ թելադրողը լինեինք՝ որպես հաղթող կողմ, պարտադրվեց զինադադար: Մինչդեռ հայկական կողմը պետք է պահանջեր Ադրբեջանի` որպես չհայտարարված պատերազմ սանձազերծողի վերջնական կապիտուլյացիան` ռազմատուգանքի վճարումով, սովետական զորքերի օժանդակությամբ ադրբեջանցիների զավթած Արցախի տարածքների և Հայաստանի Արծվաշեն գյուղի վերադարձով:
Դա չարվեց 1994 թ. «զինադադարի» ժամանակ:
Ինչո՞ւ:
Ապա 30 տարի անց Քառօրյա և 44-օրյա պատերազմները՝ Արցախն ու արցախցիներին պաշտպանելու համար ելած հայորդիների պայքարը նույնպես վերն ասվածի հաստատումն են:
ՈՒ դարձյալ հայրենատիրական հզոր շարժումը փոշիացվեց և Հայրենական պատերազմը պարտությամբ ավարտեցին: Կա՞ մի ժողովուրդ, որն իր Հայրենական պատերազմը տանուլ տա։
Ո՛չ։
Իսկ ինչու՞ մենք պարտվեցինք։
Մենք չենք պարտվել․վկան մեր քաջազուն զինվորների և նվիրյալ զորավարների անմնացորդ կռիվն էր և մեր արցախցի հայրենակիցների պայքարն էր՝զինվորի կողքին, որը նույնպես փոշիացվեց, և փորձում են դա էլ արժեզրկել։
Պարտության դատապարտած Արցախն ու արցախցիներին ՀՀ իշխանությունները մենակ թողեցին դեմ առ դեմ դաժան ու անմարդկային թշնամու «բարեգթությանը»։
Արցախցին 4 տարի պատերազմի ու շրջափակման մեջ կռվել էր թշնամու և նրա դաշնակից ուժերի դեմ և հաղթել Ոգով ու զենքով:
Հաղթեց, որովհետև հայությունը նրա կողքին էր զենքով ու Հայի Ոգով։
Այս պատերազմի ընթացքը մեր թշնամիները տարան բոլորովին այլ ուղիով: Արցախն արցախցիներից օտարելու դաժան միջոց կիրառեցին։ Շրջափակում․․․
Սա պատերազմական գործողություններից թերևս ամենադաժանն է, քանի որ շրջափակման մեջ հայտնված խաղաղ բնակիչները զրկվում են սննդի, բուժման համար դեղորայքի հայթայթման հնարավորությունից և այդ ամենին վերադիր՝ հոգեբանական ճնշվածություն: Եվ արցախցիները մոտ 10 ամիս ենթարկվեցին այդ փորձանքին և փորձությանը: Մենք չենք մոռացել այդ ծանր և հոգեմաշ օրերը մեր արցախցի հայրենակիցների համար, մենք՝ Հայաստանում ապրողներս, որ թեև ապրում էինք հարաբերական խաղաղ և ապահով պայմաններում, սակայն հոգով և մտքով արցախցիների հետ էինք և ամեն օր սպասում էինք բարի լուրերի Արցախից, միամտորեն հույս էինք կապում միջազգային կազմակերպությունների թերի և թյուր հայտարարությունների հետ՝
ի պաշտպանություն 120 հազար արցախցիների ապահովության, իսկ ռուսական «խաղաղապահները» վերջնականապես բացահայտեցին իրենց քաղաքական թուլությունը:
Արցախի Հանրապետության ղեկավարները այդ ամիսներին նույնպես պատռեցին իրենց դիմակները․ նրանք ամեն ինչ արեցին, կամ ՝ոչինչ չարեցին, որ բավարար զինված Արցախի բանակը հակազդի թշնամուն: 10 ամիս Արցախի Պաշտպանության բանակը անգործության էր մատնված:
Ինչու՞։
Մենք, որ ՖԲ-ում ունեինք մեր արցախցի ընկերները, նրանց գրառումներից ավելի ստույգ և իրական տեղեկություններ էինք ստանում արցախյան իրադարձութուններից և արցախցիների տրամադրությունից, հոգեվիճակից, մարդկանց սննդի ու դեղորայքի քանակից։
Իմ այդ ընկերներից մեկը ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆՆ էր։
Շատերս էինք կարդում Աննայի գրառումները և հուզվում, տագնապում, երբեմն նաև հույսի շող էինք տեսնում, երբ արցախցի մեր քույրերն ու եղբայրները ըմբոստանում էին և դուրս գալիս հրապարակ: Մինչդեռ պետք էր զենք վերցնել , այլ ոչ թե ինքնապաշտպանության համար եղած զենքը նվիրել թշնամուն:․Դե, գոնե պայթեցվեր այդ ամբողջ զինանոցը:
Աննա Այվազյանի ֆեյսբուքյան գրառումներին հետևել է նաև Մելսիդա Հակունցը՝ «Գրական մեղեդիներ, հայ արվեստի տուն» ՀԿ հիմնադիր նախագահը։
Եվ երբ Աննա Այվազյանը բռնագաղթի հետևանքով հաստատվում է Երևանում, Մելսիդա Հակունցը հանդիպում է նրա հետ և առաջարկում է նրան հրատարակել այդ օրագիրը: Աննա Այվազյանը դժվարությամբ, բայց համաձայնում է:
Գիրքը կայացավ:
Այս գիրքը սովորական գիրք չէ․ այն ո՛չ բանաստեղծությունների, ո՛չ արձակ ստեղծագործությունների ժողովածու չէ։
Այս գիրքը մտավորական Հայի խոհերն ու ապրումներն են Արցախի 10-ամսյա դաժան շրջափակման օրերին:
Այս Գիրք-օրագիրը, որ գրվել է ամեն օր ՝շրջափակման 280 օրերի ընթացքում՝ մինչև Արցախի հայազրկումը, հայ կնոջ, հայ մոր, հայ սպայի մտորումներն են կյանքի, ազգի գոյության ու նրա գոյության կռվի, այդ կռվի ազնվության ու Հայրենիքի պաշտպանության անսակարկ նվիրվածության մասին: Այս գրքում ամեն մի խոսք ու բառը, ամեն մի խոհ ու մտորումը լի են ցավով ու իմաստությամբ:
Ինչպես Աննա Այվազյանն է համեմատում Արցախի ու արցախցիների այս դաժան շրջափակումը, սա մի նոր Մուսա լեռան պայքար է եղել․ ավա՜ղ, երկու դեպքում էլ հայերը զրկվել են հայրենի շեներից ու քաղաքներից և դարձել տարագիր:Սա կայն կա մի շատ կարևոր քաղաքական տարբերություն-1915 թվին մենք չունեինք պետություն, մինչդեռ մենք հիմա ունենք անկախ պետություն, որ պարտավոր էր պաշտպանել մեր պատմական հողն ու մեր հայրենակիցներին, որովհետև Արցախը Հայաստանի Հանրապետության տարածքային մի մասն էր՝ հաստատված երկկողմ Գերագույն խորհուրդների կողմից: Մինչդեռ Արցախն այս դաժան պատերազմի պարտությունից հետո մնաց մենակ ու անպաշտպան:
Աննա Այվազյանի «Մաքառում․Լինե՞լ, թե՞չլինել» Գիրք-օրագիրը պետք կարդա ամեն հայ և հասկանա Հայրենի Հողի արժեքը:
Չկա՛ ԱԶԳ առանց Հայրենիքի։
Ազգն առանց Հայրենիքի վերածվում է ցեղախմբի, որն աստիճանաբար ձուլվում է անգամ իր թշնամու մեջ։
Այս գիրքը պետք է թարգմանել աշխարհի հզոր պետությունների լեզուներով և տարածել այդ բոլոր պետությունների դեսպանատներում և միջազգային ատյաններում, որպեսզի նրանց մեջ արթնանա մարդկային խիղճը, որ Աստված է դրել մարդու հոգու մեջ:
Ես սիրով և սրտի ցավով եմ կարդացել հույզ ու սիրով, կյանքի փիլիսոփայությամբ և իմաստությամբ շնչող այս Գիրք-օրագրը, և նույնքան սիրով գրել եմ այս առաջաբանը։
Կա անժխտելի մի ճշմարտություն․
Հողի կորսուտն անդառնալի չէ․․․
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
03․12․2024 թ․Երևան