Շատ հետաքրքիր բաներ են սպասվում Նոր Հայաստանում, չափազանց հետաքրքիր, էնքան հետաքրքիր, որ անգամ եվրարժեքներ սիրող ու Եվրամիություն ուղևորվող հայ ժողովուրդը չի հավանի: Իսկ փաշինյան նիկոլն իր թիմով կհայտնվի (ան)նախանձելի վիճակում:
ՈՒրեմն, երեկ մի տեղեկացված մարդ համապատասխան տեղեկացված ռուսական կառույցից ինձ ասում է, թե ինչ է նախատեսել Վլադիմիր Պուտինը եվրամիությունասեր հայ ժողովրդի համար: Շատ պարզ ու հստակ բան, այն է՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման հաջորդ օրը ՀՀ ժողվարչապետին ԵԱՏՄ երկրների անունից կառաջարկեն դիմում ներկայացնել և դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանզի ժողովրդի կամքը սրբազան է՝ եթե ժողովուրդը որոշել է Եվրոպա գնալ, ապա ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը բացարձակ խոչընդոտ է:
Եթե փաշինյան նիկոլն ասի, թե բա՝ ինձ հիմա հարմար չէ դուրս գալ, դեռ ժամանակ ունեմ և այլն, և այլն, ԵԱՏՄ առաջնորդները առանձին, ամեն մեկն իր մասով, կխզեն հարաբերությունները Նոր Հայաստանի հետ որպես ԵԱՏՄ անդամ, կարճ ասած, Հայաստանը կդիտարկեն որպես օտար պետություն՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով, քանզի ԵԱՏՄ անդամի հեռացման մեխանիզմ պարզապես չկա:
Եվ այդ օրվանից կմեկնարկի հայ ժողովրդի և Նոր Հայաստանի ոսկե դարը, Հայաստանը կդառնա իսկական Եվրոպա:
Դե, իսկ ոսկե դարում Հայաստանն ունի բոլոր շանսերը հավասարվել Եվրոպային:
Գազի, ցորենի և այլ ստրատեգիական ապրանքների դիմաց կվճարի եվրոպական գներ (տեսեք ինչ առաջընթաց կունենանք՝ գազն այսօր ստանում ենք 160 դոլարով, բայց կվճարենք 800, այսինքն, գերմանացիներին հավասար):
Մնում է միայն լուծել մեր էքսպորտի հարցը, սակայն կարծում եմ, Եվրոպայում մեր ծիրանը, Artfood-ի արտադրանքը, հանքային ջրերը, կոնյակն ու գինին տեղ չեն ունենա, և հայերը կզբաղվեն բացառապես բարձրինտելեկտուալ բիզնեսով, չափազանց բարձր տեխնոլոգիաներով, ինչպես Սինգապուրում: Նոր Հայաստանի համախառն ներքին արդյունքը շաբաթը մեկ համաշխարհային և քաղաքակրթական ռեկորդներ կարձանագրի՝ առնվազն 10 տոկոս աճ, Ադրբեջանում և Թուրքիայում նախանձից թափ կհավաքի հիպերտոնիայի էպիդեմիան, իսկ Հայաստանի նոր բարձրինտելեկտուալ արդյունաբերությունը Զանգեզուրի և այլ հումանիտար միջանցքներով ՄԱԿ-ի հաշվին սպառման շուկա ձեռք կբերի իր գազան արտադրանքի համար: Մի խոսքով, նշմարվում են տոտալ երջանկության բոլոր նախադրյալները, մնում է այս ամենը իրագործել:
Իսկ այս տիեզերական պրոյեկտի իրականացման համար Հայաստանն ունի ամենակարևորը՝ ժողովրդավարական իշխանություն:
Մի խոսքով, да здравствуют փաշինյան նիկոլը, միրզոյան արոն, սիմոնյան ալենը, քոչարյան անդոնը, ալեքսանյան վահագը, բադալյան լուլուն, պողոսյան և գրիգորյան քիսոները և հայ ազգի մյուս գազաններն ու գազանուհիները:
УРА!
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ