2014-ին հրատարակեցի մի ոչ-ծավալուն գիրք, ուր ժողովել էի աշխարհի 22 երկրների 280 հայ ծխախոտարդյունաբերողների մասին տեղեկություններ։ Նրանք ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչներ էին, ազգանվեր մարդիկ, բարերարներ։
Ահա այդ գրքից առանձնացրել եմ միայն Բաքվին վերաբերող հատվածը։
***
1904թ. Բաքվում կար ծխախոտի երկու գործարան, որոնցից մեկը պատկանում էր Միրզաբեկյանց եղբայրներին, մյուսը` «Ս.Մ.Կարակոզ» («С.М.Каракоз») ֆիրմայի սեփականատեր Սարգիս Միքայելի Կարագյոզյանին և Ավետ Ավետիսի Առաքելյանցին:
Այս երկու գործարանն արտադրեցին 26.723 փութ ծխախոտ և գլանակներ, իսկ վճարած ակցիզային հարկը կազմեց 682.634 ռուբլի:
Տեսնելով ծխախոտարդյունաբերության ակնհայտ շահավետությունը` բիզնեսի այդ ոլորտ փորձեցին ոտք դնել նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ: 1908թ. երկու հայկական ֆիրմաների կողքին երևան եկան երկու ադրբեջանցի և մեկ հրեա: Չդիմանալով մրցակցությանը` հրեան և ադրբեջանցիներից մեկն իսկույն խաղից դուրս եկան: Մնաց մեկ ադրբեջանցի (Մեհթիև), որն ուներ 70 աշխատող և դիմացավ վեց տարի: 1914թ. ներկայիս
Ադրբեջանի տարածքում կար ծխախոտի 7 գործարան (2-ը`Բաքվում, մախորկա` մանրացված ծխախոտ արտադրող 2-ը`Նուխիում, 2-ը` Շամախում, մեկը` Աղդաշ գյուղում), որոնք բոլորն էլ հայապատկան էին:
Հայերն անվերապահ առաջատարներ էին նաև ծխախոտի առևտրում: 1908թ. Բաքվում կար ծխախոտի մանրամեծածախ 15 խանութ, որոնցից մեկի տերն ադրբեջանցի էր, մեկինը` հրեա, մյուսները պատկանում էին հայերին` «Խ.Հ.Ռուշանյան և ընկ.», « Ա. Տեր - Գրիգորյան, Ա. Մելքումյան և ընկ.», «Միր» (սեփականատերեր Ն.Ջ. և Ի.Ս.Թառայաններ) ֆիրմաներին, Ա.Աբրահամյանին, Բ.Բարութչյանին, Մ.Միրզաբեկյանցին, Խ.Սահակյանին, Սանամյանց եղբայրներին, Սահակյանին և Պողոսյանին, Գրիգորյանին: Այս հարաբերակցությունը հետագայում էլ չփոխվեց, ընդ որում, եթե 1914թ. 14 խանութներից հայապատկան էին 12-ը,
ապա մեկ տարի անց մնաց 7 խանութ (ինչպես նավթարդյունաբերությունում, այնպես էլ ծխախոտարդյունաբերությունում տեղի էր ունենում խոշորացում) և դրանց բոլորի տերերը հայեր էին:
Սակայն այս ամենի մեջ կար մեկ ֆիրմա, որն անմրցելի էր, անմրցակից, որի արտադրանքն ուներ համառուսական սպառում և որը նախաբոլշևիկյան Բաքվի ամենախոշոր ծխախոտարդյունաբերական ձեռնարկությունն էր: Խոսքը Գևորգ և Միրզաջան Ռոստոմի Միրզաբեկյանցների (Егор и Мирзаджан Романовичи Мирзабекянцы) «Գ. և Մ.Միրզաբեկյանց եղբայրներ» («Бр. Е. и М.Мирзабекянцы») ընկերության մասին է:
Եղբայրները ծնվել էին Շամախի գավառի Նոր Շեն գյուղում: Երիտասարդ տարիքում նրանք տեղափոխվեցին Բաքու և 1873թ. Նիկոլաևսկի պողոտայում կառուցելով սեփական շենք` հիմնեցին իրենց նշանավոր գործարանը: Զուտ բիզնեսի տեսակետից այս ձեռնարկության տնտեսական հարաճուն տեմպերը պարզապես զարմանք են հարուցում:
Դեռևս 1882թ. Համառուսաստանյան արդյունաբերագյուղատնտեսական ցուցահանդեսում գործարանի մանրացված ծխախոտն ու գլանակներն արժանացան պատվոգրի, իսկ 1889թ. Թիֆլիսում կայացած գյուղատնտեսական և արդյունաբերական իրերի համակովկասյան ցուցահանդեսում` ոսկե մեդալի:
1902-ին եղբայրներն արդեն նոր շենք էին կառուցել Բոնդարնայա փողոցում (հետագայում` Դիմիտրովի), ուր շուրջ 400 աշխատողներ և 18 ժամանակակից հաստոցներ տարեկան արտադրում էին 7000 փութ ծխախոտ և 600 հազ. ռուբլու 60 մլն հատ գլանակ: Բարձրորակ հումքը ներկրում էին Թուրքիայից, Ղրիմից, Տաշքենդից, Թիֆլիսի նահանգից:
1908թ. Միրզաբեկյանցների գործարանն արտադրեց 24.220 փութ ծխախոտ և պատրաստեց 183 մլն 480 հազ. հատ գլանակ` 1.763.950 ռ. ընդհանուր գումարով: Ընդ որում, վճարեց 100.112 ռ. ակցիզային հարկ և 615.260 ռ.` ծանրոցային բեռնափոխադրումների համար:
1915թ. ձեռնարկությունն արժանացել էր բազմաթիվ բարձրագույն պարգևների, և համբավը տարածվել էր Ռուսական կայսրությունով մեկ: Ֆիրման մասնաճյուղեր ուներ Թիֆլիսում (Ժելեզնի ռյադ, Իսարլյանի տանը), մեծածախ պահեստներ` Աստրախանում (Մոսկովյան փողոցում), Աշխաբադում («Սանամյանց եղբ.» ֆիրմայում), Դերբենտում (Հ.Աստվածատրյանի մոտ), Սամարղանդում (Արթուր Շուբերտի մոտ), Կրասնովոդսկում («Սանամյանց եղբ.»), Շամախում (Շուկայի փողոցում): Բարձրորակ արտադրանքը վաճառվում էր Կովկասի, Անդրկասպյան մարզի ու Թուրքեստանի երկրամասի բոլոր քաղաքներում, ինչպես նաև Վարշավայում, Օդեսայում և մերձվոլգյան քաղաքներում: Ծխախոտի 1 ֆունտն արժեր 56 կոպ.-10 ռ., գլանակների 1000 հատը` 3-20 ռուբլի։