Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցները կռիվ են տալիս, որ իմանան 2018թ. հեղաշրջման մասին ճշմարտությունը։
Բայց հարցադրումն է արատավոր` «Ո՞վ բերեց»։ Ոչ ոք էլ չի բերել, ինքն իր ոտքով է եկել` օգտագործելով շատ հանգամանքներ։ Մի գիշերում չի եկել, վաղուց էր գալիս, մտել էր լրատվական դաշտ, հետո` քաղաքականություն, հայթհայթել միջոցներ, ստեղծել մերձավոր զինակիցների շրջանակ, համախմբել համակիրների։ Օրնիբուն աշխատել է ու աշխատել, երբ ուրիշները քնած էին։ Հիմա էլ է աշխատում, երբ մենք գզվռտոցի մեջ ենք։
Նա մեզնից ուժեղ է, որովհետև ընկել է` վեր է կացել, դագանակով ծեծ է կերել` չի կոտրվել, ճամբարներ է մտել ու ճամբարափոխվել, մի քանի կրոն է ընդունել ու հավատափոխ եղել:
Սա՛ չենք ուզում ընդունել, որովհետև դա կատարվել է դանդաղ ու մենք չենք նկատել։ Չենք ուզում ընդունել, որովհետև պետք է հաջորդիվ խոստովանենք, որ մեզնից նպատակասլաց է եղել, մեզնից դիմացկուն, հարմարվող։
Որոնում եք «Ով բերեց» հորինած հարցի պատասխանը, որ խուսափեք անձնական պատասխանատվությունից, որ չընդունեք մեր հասարակության խեղճությունը, մեր քաղաքական համակարգի չկայացածությունը, մեր ուրացումները։
ՈՒ իմացեք` միայն ինքը չէր գալիս։ Բայց այս շրջափուլում տեղ հասավ սոսկ ի՛նքը, մյուսները բանտում են, տարեգրության մեջ, հանդերձյալ աշխարհում։
Նրա գալը նման է Հիտլերի գալուն։
Ո՞վ բերեց Հիտլերին։
1-ին համաշխարհայինում հաղթած պետությունները` իրենց դաժանությամբ։
Գերմանացի ժողովուրդը` վաղեմի փառքի դեգերումներում։ Հարուստ հրեաներն` իրենց մեկուսի վարքով ու ագահությամբ։ Օտարից սնվող կոմունիստները։ Հոլանդացի ֆինանսիստները, Եվրոպային օվկիանոսի մյուս ափից նայող ամերիկացիները, բոլշևիկներին ոչնչացնելու մոլուցքով տարված ֆրանսիացիները, անգլիացիները: Ստալինը, Տրոցկին...
Պատճառների այսպիսի մի անհատնում շարան էլ մենք ունենք, վրացիները, ռուսները։
Բոլորը։
Բայց մենք գլուխներս դեմ տված փորձում ենք գնալ կարճ ու հեշտ ճամփով... դեպի ոչ մի տեղ։
Արա ՍԱՀԱԿՅԱՆ