Երբ ապրիլյան արևը աշխարհին ջերմություն է բերում ու Հայաստանն արթնանում է գարնանային նոր շնչով, դեպի հայրենիք է ուղևորվում մի յուրահատուկ խումբ՝ լցված արվեստի ջերմությամբ ու բարեկամության նվիրյալ ոգով։ Արդեն Հինգերորդ անգամ է Նիդերլանդահայ Լուսինե Բունիաթովան՝ պարուսույց, մշակութային նախաձեռնող ու ոգեշնչող անձնավորություն, ապրիլի 26-ին Նիդերլանդներից 30 հոգանոց երաժիշտների խմբով ճանապարհվում է Հայաստան՝ մշակույթի փառավոր պատուհանները բացելու մեր ժողովրդի առաջ։
Խումբը կրում է խորախորհուրդ անուն՝ «Կռունկ», հայ ժողովրդական երգից ու խորհրդանշական թռչունից ներշնչված։ Այս անգամ «Կռունկ»-ը ավելի շատ գալիս է կապելու Նիդերլանդների ու Հայաստանի, մեր երկու բարեկամ ժողովուրդների մշակույթներն ու սրտերը։
Խմբի կազմում ընդգրկված են բացառապես երաժիշտներ Նիդերլանդների տարբեր քաղաքներից։ Այս օրերին նրանք Հավաքվում են Դեն Բոս քաղաքում՝ երգում, պարում, սովորում ու պատրաստվում հայաստանյան հոգեշունչ շրջագայությանը։ Համույթի երաժշտական ուղղությունը կուռ կերպով կերտում է Ինգրիդ վան Ռոոյը, իսկ հայերեն տեքստերի ըմբռնման ու հնչյունային արտաբերման գործում խմբի մասնակիցներին օգնում է հենց Լուսինեն։
Ծրագրում ընդգրկված են մեծանուն հայ հեղինակների գործեր՝ Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան, Կոմիտաս, Եկմալյան, Կարա Մուրզա, Էդգար Հովհաննիսյան։ «Կռունկ»-ի ձայնը պարզապես միայն երգ չի լինելու։ Դա սրտի ձայն է, հաղորդագրություն՝ անցյալի հիշողությունից դեպի ներկայի զգացում, դեպի սրտի անկեղծ զրույց։
Ճանապարհորդության կազմակերպչական մասը վստահված է Yan Travel-ի տնօրեն, փորձառու գիդ Մարգարիտա Վարդանյանին, որը տուրի ամբողջ ընթացքում նպաստելու է, որ հյուրերը բացահայտեն ոչ միայն Հայաստանի պատմամշակութային գանձերը, այլև զգան հայկական հյուրասիրությունն ու ջերմությունը։
Համերգային շրջագայության ժամանակացույցը հագեցած է՝ լի նոր շփումներով ու գեղեցիկ ակնկալիքներով։
Ապրիլի 27-ին՝ Գյումրիում՝ Շիրազի տուն-թանգարանում համերգային ելույթ,
Ապրիլի 29-ին՝ Դիլիջան և Հաղարծին,
Ապրիլի 30-ին՝ Այգեկ գյուղում նախատեսված միջոցառումը լինելու է եզակի՝ դպրոցում անցկացվելիք հանդիպումից հետո տեղի կունենա հեծանվարշավ դեպի Զվարթնոց պատմամշակութային վայր, որտեղ էլ կհնչեն Կռունկի կատարումները։ Հեծանվարշավի մասնակիցները՝ դպրոցականներ, ուսուցիչներ և ծնողներ, կրելու են հոլանդական ավանդական նարնջագույն հանդերձանք՝ Նիդերլանդների ազգային գույնի խորհրդանիշը, ինչը գեղեցիկ կերպով համընկնում է նաև ապրիլի 27-ին նշվող Նիդերլանդների Թագավորի օրվա ոգուն։
Մայիսի 1-ին՝ Աշտարակ և Օշական,
Մայիսի 2-ին՝ Մասիս,
Մայիսի 3-ին՝ եզրափակիչ ելույթ՝ Երևանում։
Համեցեք, ականատես եղեք՝ ինչպես են նիդերլանդացիները սիրով և նվիրումով ներկայացնում հայկական երաժշտությունը, ինչպես են երգում հայերեն, ու ինչպես են արժևորում մեր մշակույթը։ «Կռունկ»-ը երգում է՝ մշակույթներ միավորելով, բարեկամությունը՝ երգ դարձնելով։Եկեք հանդիպենք Կռունկի երաժշտական թռիչքի պահին և միասին վայելենք այդ կախարդանքը։ Այս համերգները ոչ միայն հանդիսատեսին են հնարավորություն տալիս վայելելու բարձրարժեք մշակույթ, այլև հարթակ են՝ փոխադարձ ճանաչման, հարգանքի ու բարեկամության ամրապնդման։
Արժե նշել, որ ճանապարհորդությունից հետո, հանգստանալով ու նորովի վերագտնելով խմբային հարմոնիան, «Կռունկ»-ը մայիսի 18-ին նորից կհավաքվի ու նույն ծրագրով ելույթ կունենա Նիդերլանդների Berlicum գյուղաքաղաքի եկեղեցում։ Սա հիանալի հնարավորություն է նիդերլանդահայերի և հոլանդական համայնքի համար տեսնելու ու զգալու այն, ինչ հայ հանդիսատեսը կարող է զգալ ապրիլ-մայիս ամիսներին։
Հոդվածի վերջաբանում պարզապես չենք կարող չասել՝
Սա արվեստ է, բայց նաև կամք, սեր, նվիրում ու խորը մարդկային կապ։
Սա «Կռունկ»-ն է՝ վերևից երգող, հեռուն կանչող և մշակութային երկխոսության թևերով հույս ու միություն բերող։
Հարգելի հայրենակիցներ, համեցե՛ք։ Եկե՛ք ու վկան եղեք՝ ինչպես են նիդերլանդացիները խոսում հայ մշակույթով՝ հնչեցնելով այն, պահելով այն ու տարածելով աշխարհով մեկ։
Հայ Ազյան
«Նիդերլանդական օրագիր»
https://niderlandakan.livejournal.com/642165.html
--
https://www.nidoragir.com/2025/04/blog-post_19.html