Տե՛ր, ինչպես արդ Քրիստոսի Հարությունն`
Հասնիք օրհնել օր մ’ալ հայո՜ւն Հարությունն:
Դանիել Վարուժան
1884 թ. ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիկ գյուղում` Գրիգոր Չպուգքյարյանի և Թագուհի Պաղտիկյանի ընտանիքում, ծնվեց անդրանիկ զավակը, որին ծնողներն անվանեցին ԴԱՆԻԵԼ:
Ըստ գրականագետ Վազգեն Գաբրիելյանի` «Նորածինը Դանիել կոչվեց երկու պատճառով. նախ` որդու ծննդյան լուրը լսելու պահին հայրը եկեղեցում Դանիել մարգարեի պատմությունն էր կարդում, ապա` ի հիշատակ մոր պապի` Դանիելի, որի քաջագործությունների մասին լեգենդներ էին պատմում շրջակա գյուղերում:
Հիշատակություններ կան, թե բանաստեղծի նախնիները Անիից Սեբաստիա գաղթած Բագրատունիների տոհմից են, և հենց նրանց հիմնադիրների անունով էլ գյուղը կոչվել է Բրգնիկ (Բագրատունիք)» (Վազգեն Գաբրիելյան «Դանիել Վարուժան: Կյանքը և գործը», Եր., 2009):
Դ. Վարուժանի պապի պապը, համաձայն բանաստեղծի եղբոր` Վահան Չպուգքյարյանի կազմած տոհմագրության, եղել է Չիպուգքյարը (ծնված մոտավորապես 1770 թ.), որի մականունից է գալիս իրենց ազգանունը: Ըստ ընտանեկան ավանդության` այդ ազնվական ծագում ունեցող պապին նվաստացնելու համար թուրք փաշան ստիպել է, որ նա կրի ու լցնի իր ծխափողը (չիբուխը), որից և ստացել է մականուն` Չիպուգքյար:
Բացառիկ էներգիայով, արտասովոր ունակություններով օժտված ոգեղեն բանաստեղծը` Դ. Վարուժանը, պետք է պատմեր այն սարսուռների մասին, որ մարմին են առնում իր արյունից և նվիրվեր գաղափարի աշխարհին` ընտրելով մտածումի և զգացումի ճանապարհը: Նրա բանաստեղծությունները խորն են` տոգորված ժողովրդական կյանքի ու ոգու ճշմարիտ զգացողությամբ: Եվ ամենակարևորը` կարողանում է գաղափարը ձևավորել ազգային հիմքի վրա: Իսկ հայկական խորքը նրան ինչ - որ կողմերով տանում է դեպի համամարդկայինը:
Այլ կերպ` «Սարսուռների», «Ցեղին սրտի», «Հեթանոս երգերի», «Հացին երգի» հանճարեղ հեղինակը` Վարուժանը, ազգայինից գնում է դեպի համամարդկային բարձունքը:
Դիպուկ է նկատել գրականագետ Հրանտ Թամրազյանը. «Առաջին քրիստոնյա նահատակների ու բանաստեղծների պես հայ բանաստեղծը չարաչար աղետների ու մահու դեմ է գնում համաշխարհիկ բաբախներով, անձնական սիրո երգը շուրթերին` մարդկության երջանիկ օրերի ծիածանագույն երազներով».
Հարավային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թըխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությո՜ւն թող ըլլա:
(Դ. Վարուժան «Անդաստան»)
Քանի որ այսօր մեծանուն բանաստեղծի ծննդյան օրը զուգադիպեց Սուրբ Հարության տոնին, ուստի ցանկացա` այս հարթակում մի փոքր անդրադառնալ Դ. Վարուժանի` կրոնական բովանդակությամբ բանաստեղծություններից («Աստծո ասուպը», «Խաչին», «Երգ խոստովանանքի», «Հիսուսի պաճուճապատանքը» և այլն) մեկին` «Աստծո ասուպին», որ շատ է պատշաճում օրվա խորհրդին:
Նա, ինչպես Նարեկացին, համոզված էր, որ Աստված մարդուն կատարելության է ձգտում հասցնել:
«ԱՍՏԾՈ ԱՍՈՒՊԸ» բանաստեղծությունն ունի ավետարանական «… ԵՎ ԱՍՏԵՂՔ ՅԵՐԿՆԻՑ ԹՕԹԱՓԵՍՑԻՆ, և ԶՕՐՈՒԹԻՒՆՔ ՅԵՐԿԻՆՍ ՇԱՐԺԵՍՑԻՆ» բնաբանը:
Այսպես, համաձայն Աստվածաշնչի, մինչ Քրիստոսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա, Պետրոսն ու Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը առանձին հարցնում են նրան, թե երբ պիտի լինի այդ (իմա` աշխարհի վախճանը – Ն.Ս.), և ինչ կլինի նշանը, երբ կատարվելու լինի այդ բոլորը: Հիսուսն ասում է իր աշակերտներին` զգույշ լինեն, որ ոչ ոք նրանց չխաբի, որովհետև շատերը պիտի գան իր անունով և պիտի ասեն, որ իրենք են Քրիստոսը և շատերին մոլորեցնեն: Իսկ երբ լսեն պատերազմների ձայներ, չխռովեն, որովհետև դա պետք է լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի … Տեղ-տեղ երկրաշարժեր պիտի լինեն, սով և համաճարակ, բայց այդ բոլորը «ՍԿԻԶԲՆ Է ԵՐԿԱՆՑ» … և ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի: Այդ օրերին արեգակը պիտի խավարի, և լուսինն իր լույսը չպիտի տա: Եվ այդ ժամանակ աստղերը երկնքից վայր պիտի թափվեն և երկնքի զորությունները շարժվեն: Այդ ժամանակ կտեսնեն մարդու ՈՐԴՈՒՆ, որը կհավաքի ընտրյալներին երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը: Եվ չի անցնի այս սերունդը, մինչև որ այս բոլորը կատարվի: «Զգո՛յշ եղեք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը» (Մարկոս 13. 3-37):
Վարուժանը, «Աստծո ասուպը» բանաստեղծության մեջ, չհեռանալով կրոնական բովանդակությունից, կարողանում է նրան յուրօրինակ գեղարվեստական շունչ հաղորդել, կերտել գեղարվեստորեն հզոր քերթված:
Ահա՛, աշխարհը իր «անխափան» օրենքներով է ապրում` մոռանալով Հավերժական «շիրիմի մասին»: Եվ մինչև Աստված չի որոշում պատժել մարդուն, նա դեռ մեղսագիտակ չէ:
Ի վերջո, ԱՍՈՒՊԸ, դառնալով մարդկության աճյունի սափոր, «հեծկլտալով» գնում է Աստծու մոտ` դատաստանի` «Ավասիկ իմ, արդ դատե՛»:
«Պիտի նորոգվենք հանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի և մեռելները պիտի հարություն առնեն առանց ապականության, և մենք պիտի նորոգվենք, որովհետև պետք է, որ այս ապականացու մարմինը անապակություն կրի, և այս մահկանացու գոյությունը հագնի անմահություն»: (Պողոս առաքյալի առաջին թուղթը Կորնթացիներին. 15. 52-54)
ԱՍՏՈՒԾՈ ԱՍՈՒՊԸ
… Եվ աստեղք յերկնից թօթափեսցին,
և զօրութիւնք յերկինս շարժեսցին:
ԱՒԵՏԱՐԱՆ
Ա
Վա՛րն, օրենքովն անքըննելի, անխափան`
Կ’ապրի աշխարհս, իր թըմբիրին մեջ` հիմար,
Եվ փառատենչ իր ժըխորին մեջ` դաժան.
Կյա՜նք` երազող, անտեսելով շիրիմն հար:
Իսկ վերն` Միջոցը կննջե` միասին
Իր խորհուրդով` շարժում մ’հագած ներդաշնակ
Ամենազոր սուրբ լըծակեն երկնային,
Շարժում մ’որ միշտ կը չափչըփե ժամանակ:
Վե՜րն, ուր Միջոցն անհունություն մը ունի.
Ավասիկ այդ Անհունությունը հըսկա,
-Որ պահարանն է ուրիշ երկու Անհունի-
Այդ սուրբ Հավերժն, Աստվածը այդ կը խոկա՜ …
Բ
Ան կը խոկա` կը քընանա՜ն մինչ բոլոր.
Եվ պիտ` չըլլա որ չը խոկա. Իսկ հիմա`
Հաճույքը հին` նոր հաճույքով, և վեց օրն`
Ակընթարթով մը ջախջախե՜լ կը խոկա:
Եվ կ’որոտա ահեղորեն. Ա՛լ ժամն է:
Կը դողդըղա երկինք Դավեն սըրբազան,
Եվ կըսեն իր Որդին և Հոգին. Արդ, ուզե…
Հորն ըզգացման` ըզգացումով համաձայն:
Եվ կ’որոշվի հավիտենի Աղբյուրեն
Գործը և ժամն, որք աներկբա կ’հաստատվին
Խոկ և Սերեն… Անոնք երեք օվկիան են`
Որ միասին կ’ալեծըփին և կըլըռին միասին:
Գ
Հայրն իր կապույտ ծիրանվույն մեջ կը կանգնի`
Սըփռելով զայն անծայրածիր, հորձանուտ.
Միջոցին մեջ կ’ընե շարժում մը բազկի`
Մըթնոլորտին մեր զարնելով իր ճըկույթ:
………………………………………………
Եվ կը գոռա ամեն մարմին երկընքի.
Աստղերն իրար կապող անտես մեծ շըղթան`
Կը ճարճատի ջլաձգական, ուժգնակի`
Զոր կը կըտրե Մեծ-Զորությունն հաղթական:
……………………………………………….
Կը թոթափին աստղերն երկնի կամարեն,
Վա՛ր բերելով ամենն իրեն կրակ ու բոց.
Շեկ-շեկ շանթերը շեշտակի կը շաչեն,
Շանթեքարերը կ’անձրևեն հոծ ու հոծ:
…………………………………………..
Ամեն լեռներ, սարեր` Վեսուվ կը դառնան.
Ամեն դաշտեր ալ` Սահարա կըրակի.
Լույծ կապարի պես կ’եռեփի օվկիան.
Եվ ծերունի գետ Նեղոս ալ կը ցամքի:
…………………………………………..
Կը մարե կյանքն իր վերջին կայծն ամենուր-
Աղաղակներ և լալոններ կը լըռեն.
Այլ սոսկ երբեմն` մեռելական ընդհանուր
Խըռըլտյուններ կ’լըսվին մահվան փոսերեն;
…………………………………………………
Իր հանճարի հրաշքներուն հետ, լալկան,
Հրաժեշտ կու տա Մարդս Օրենքին իր կենաց.
Եվ Աստըծո մեծ հաճույքին երկնի վրան`
Աշխարհս կ’ըլլա ասուպ մ’, ասո՜ւպ մը մարած:
Ե
Եվ այս ասուպը մարդկության աճյունին
Սափոր մ’եղած, զինք մութին մեջ կ’անդա՛ստե,
Եվ երթալով Երրորդության սուրբ սեմին`
Կը հեծկըլտա. Ավասիկ իմ, արդ դատե՛…
16 հոկտ. 1903
Նառա ՍԱՐԳՍՅԱՆ