ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

«Որքան պարզ է այս հուշարձան, և որքան մեծ է անոր խորհուրդ»

«Որքան պարզ է այս հուշարձան, և որքան մեծ է անոր խորհուրդ»
24.04.2025 | 12:35


․․․Եվ ահա այդ հայի ու մարդու հետ գնում էի դեպի եղեռնի նահատակների հուշարձանը:

Աշնանային տաք, արևոտ օր էր։

Ծիծեռնակաբերդի անտառը լուսավոր թախծության մեջ էր։ Կարմիր, դեղին, կրակի, արևի գույնի տերևները հազիվ թրթռում էին։ Մեծաշունչ խաղաղություն, մեծաշունչ թախիծ։ Այդ թախծության մեջ ծանր ու խորհրդավոր նստել էր հուշարձանը, իսկ երկփեղկված արծաթե սյունը թեթև ու սլացիկ միտում էր դեպի եթեր։

Չխոսեց։ Կանգ առավ, գլխարկը հանեց ու գլուխը խոնարհեց։

Հետո դանդաղ քայլեց դեպի հուշարձանը, դանդաղ իջավ աստիճաններով, նայեց հավերժական կրակին ու այդպես, աչքը կրակին, ծունկի իջավ։

Դուրս եկանք։ Սկսեց բոլոր կողմերից դիտել հուշարձանը։

-Որքան պարզ է այս հուշարձան, և որքան մեծ է անոր խորհուրդ... հիշատակ է ու արվեստ... Աշխարքի մեջ կատարյալներեն մին է։ Շատ սիրեցի, մեծ խորհուրդ ունի։

Հետո երկար լռեց։ Նայում էի ներանձնացած կերպարանքին ու դժվարանում որոշել, թե ինչ է մտածում։

Վերջապես խոսեց.

-Երկրորդ համաշխարհային պատերազմեն վերջ գերմանացիներու մեծ մաս դատապարտեց ֆաշիզմ, խոստովանեցավ իր չարագործություն։ Եվ ատ իր առողջության նշան է։ Թուրք այդ չըրավ. թուրք չհասկցավ, որ ատկե իրեն վնաս կա, մեզի վնաս չիկա...

Երևի այդ մտքի տրամաբանական շարունակությունը այն հարցն էր, որ տվեց ինձ.

-Դուն որդի Մայքլ Առլենի գիրք կարդացա՞ ծ ես...

-Ոչ։

-Անշուշտ գիտես, որ այստեղ եկավ...

-Այո, նախանցյալ տարի...

-Վերադարձավ, գիրք գրեց։

-Լսել եմ։

-Հոս եղած է, նկարագրած է, թե ինչպես ամբողջ ժողովուրդ ապրիլ 24-ին հոս կուգա, ծաղիկներ, պսակներ կբերե... Ու պատմած է, որ հոս զգացած է իր հայություն։ Ինքզինք կփնտրեր ու չէր գտներ, հոս գտավ ինքզինք, իր հոգի, իր հայություն։ Ան ներս նայող գրող է, դուրս նայող գրող չէ, ատոր համար ալ զգաց, թե ինք ով է։ Հայր Առլեն չզգաց, որդի Առլեն հոս եկավ ու զգաց... Շատ պատվական, խորունկ գիրք գրած է։ Այդ գիրքեն մեկ միլիոն հատ տպվեցավ։ Ամերիկացիներ շատ սիրեցին այդ գիրք և գիտե՞ս ինչու... Անոնք ալ ուզեցին իրենց ուսկից գալը, ով ըլլալը հիշել։ Գիտես հարկավ, անոնք անգլոսաքսեր են, իռլանդացիներ, սկովտիացիներ, իտալացիներ, ֆրանսիացիներ, հույներ, իսպանացիներ... Ամենքը ուզեցին իրենց ով ըլլալը հիշել ու սիրեցին այդ գիրք։ Մեծ գիրք գրած է որդի Մայքլ Առլեն, իր ներսեն գրած է, գիրքին անունն ալ դրած է «Դեպի Արարատ»...

Շատ բան ասաց այդ գրքի մասին և սակայն չասաց, որ այդ գրքի գրության նախապատճառն ինքն է եղել։

Դա հետո իմացա, «Դեպի Արարատը» կարդալուց հետո։ Մայքլ Առլենը պատմում է, որ հանդիպել են Ֆրեզնոյում, Սարոյանը երկար պատմել է Հայաստանի, հայության մասին։

Ասել է.

-Խենթանալիք ժողովուրդ է...

Հետո հայկական ճաշարան է տարել։ Արարատն է եղել պատին։ Հայկական ճաշեր է պատվիրել։ Խոսել է իր Արամ քեռու մասին, զվարճալի պատմություններ արել։

-Հուսով եմ,- ասել է,- որ օր մը պիտի հանդիպիս Արամ քեռիիս, հիմա ութսուներկու տարեկան է, հոյակապ մարդ մը...

Հետո հայր Մայքլ Առլենի մասին է խոսել։

-Գիտե՞ս, հայրդ սքանչելի մարդ էր...

-Զինք հայ կսեպեի՞ր...

-Անշուշտ, այո։ Հայ մը բնավ չի կրնար հայ չըլլար..

-Ինչպե՞ս է, որ ան որևէ լուրջ բան չէ գրած հայերու մասին...

-Կկարծեմ, որ այդ տեսակի գրագետ մը չէր...

-Բայց ինչպե՞ս կըլլա, որ դուն տևաբար հայերու մասին գրեցիր, իսկ ինք բնավ չգրեց...

-Չեմ գիտեր,- ասել է Սարոյանը։

Իսկապե՞ս չգիտեր...

Չեմ կարծում։

Երևի չի ուզել վշտացնել որդի Մայքլ Առլենին, այլապես, հավատացած եմ, պիտի ասեր, որ դա տաղանդի խնդիր է, որքան մեծ է տաղանդը, այնքան ավելի է հարազատ իր արյանը, իր ակունքներին, քանի որ ստեղծագործությունը այլ բան չէ, քան՝ ինքնության դրսևորում:

Վահագն Դավթյան. «Բարի Հսկան» գրքից

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ