ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Ցանկացած նորմալ հասարակության մեջ գործում է երկու զուգահեռ պրոցես՝ բարեկեցության աճ և պասիոնարության անկում

Ցանկացած նորմալ հասարակության մեջ գործում է երկու զուգահեռ պրոցես՝ բարեկեցության աճ և պասիոնարության անկում
28.04.2025 | 10:35

Երկրագնդի վրա մարդկային կյանքի համար անհրաժեշտ հնարավորությունների բազմակողմանի հագեցման պայմաններում աշխարհի հետագա ճակատագրի համար սկզբունքային նշանակություն ունի այն հարցը, թե անվտանգության, անհոգության և բարեկեցության պայմաններում, այսինքն, տվյալ պատմական ժամանակաշրջանի համար կյանքի հնարավոր ամենաբարձր ստանդարտների պայմաններում ապրելուց և պասիոնարությունը կորցնելուց հետո հնարավո՞ր է արդյոք նորմալ քաղաքացու ստանդարտներին վերադառնալը, թե՞ ոչ։

Կամ էլ, պասիոնարության ի՞նչ աստիճանի կորստի դեպքում է հնարավոր նման վերադարձը։

Այստեղից առաջանում են նաև այլ հարցեր, կապված այն բանի հետ, որ ցանկացած նորմալ հասարակության մեջ գործում են երկու զուգահեռ պրոցեսներ՝ բարեկեցության աճ և պասիոնարության անկում։

Հաշվի առնելով, որ այն հասարակությունն է բարձրորակ, որը միաժամանակ և՛ հնարավորինս բարեկեցիկ կյանք ունի, և՛ դեռևս ունի պասիոնարության բավարար պաշար, հարց է առաջանում, թե այս իմաստով հասարակության զարգացման ո՞ր մակարդակը կարելի է համարել օպտիմալ՝ պետականության կայունության ու հեռանկարի տեսանկյունից։

Այս առումով շատ կարևոր է դառնում այն հարցը, թե մարդկանց պասիոնարությունը պահպանելու համար կյանքի ո՞ր ռեժիմն է ավելի հարմարը, և չարչարանքով ու վտանգի պայմաններում ապրելը ինչքանո՞վ է կապված պասիոնար մնալու հետ։

Այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար ամենահարմարը նման տեսանկյունից աշխարհի ժողովուրդների ու պետությունների ներկա վիճակի անալիզն է, այն առումով, թե չարչարանքով ապրելու, ռազմի գործում բավարար ոգի ունենալու և բարեկեցիկ կյանքով ապրելու այն ո՞ր կոմբինացիան է, որը գոյապայքարում ապահովում է բավարար հզորություն։

Նման անալիզը ցույց կտա, թե ներկա գլոբալ ուժերից որը ինչ հեռանկար ունի միաբևեռությունից դեպի բազմաբևեռություն ընթացիկ և սպասվող պարադիգմային անցման ժամանակ։

Նման անալիզը շատ կարևոր է հատկապես Արևմտյան Եվրոպայի երկրների համար, որոնք, վերջին դարերի ընթացքում աշխարհում ունենալով դոմինանտ դիրք ու համեմատաբար շատ բարձր ստանդարտներով բարեկեցիկ ու անվտանգ կյանք, հիմնականում կորցրել են իրենց պասիոնարությունը և հոգեբանորեն պատրաստ չեն լուրջ գոյապայքարի, բայց և իներցիայով շարունակում են աշխարհի գործերին խառնված լինելու իմիտացիան։

Այն հանգամանքը, որ ուկրաինական և շատ այլ հարցերում ԱՄՆ-ը և Ռուսաստանը ո՛չ Ուկրաինայի, և ո՛չ էլ Եվրոպայի մասնակցությունը բանակցությունների ժամանակ կարևոր չեն համարում, շատ բան է ասում, իսկ եթե Լոնդոնում տեղի ունեցող հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի առաջարկով Ղրիմը ճանաչվի Ռուսաստանի մաս, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա։

Ներկա մեծ փոփոխությունների պայմաններում գտնվող աշխարհաքաղաքական դինամիկան կարող է համապատասխան էլիտաների մոտ ծնել երազանքներ, կապված երկշերտ մարդկության գաղափարի հետ, որտեղ վերևի շերտում կառավարողներն են, էլիտան, ուժն ու հզորությունը, կրթությունը, գիտությունը և այս բոլորին սպասարկող առողջապահությունն ու հաճույքների աղբյուր արվեստը, իսկ ներքևի շերտում՝ չարչարանքով ապրող ու, հետևապես, հավերժ պասիոնար մնացող սահմանափակ կրթությամբ արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ աշխատողներն ու բանակում ծառայողները։

Եթե ուշադիր նայենք ներկա աշխարհի գործերին, ապա դժվար չէ նկատել, որ հիմա էլ հասարակական կյանքի կառավարման ստրուկտուրան ու մեխանիզմները հիշեցնում են վերը բերված երազային դեպքը, միայն այն տարբերությամբ, որ ենթադրվում է, որ երազային տարբերակը կունենա կառավարելիության ավելի բարձր մակարդակ։

Հ․Գ․ Ուկրաինայի բարձր մակարդակի բանակցությունները Լոնդոնում չեղարկվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել դրանց։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ