ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

«Ինքնիշխան» բուժսպասարկում

«Ինքնիշխան» բուժսպասարկում
10.09.2025 | 11:07

Երեխան 10 տարեկան է: Հայաստանում մինչև 18 տարեկանների բուժսպասարկումն անվճար է: Կասկածող կա՞: Պարզվում է` կա: Այժմ՝ ըստ էության:

1-ին հիվանդանոց («Հերացի» համալսարանական հիվանդանոց/Heratsi Hospital Complex): Ակնաբուժական կլինիկա: Աշխատանքային օր: Ժամը 16:15: Կլինիկայում բոլորը պատրաստվում են «տուն գնալ»: Աշխատանքային ժամերի հետ կապված, աշխատակիցները տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք աշխատաժամանակի ավարտ են նշում 16:30, ոմանք` 17:30, ոմանք էլ` 15:30-17:00: Աշխատակիցներից որևէ մեկը չունի անվանաքարտ (բեյջ), մի քանիսը` խալաթ: Կլինիկայի ղեկավարը վաղուց տեղում չէ` «գործ ուներ, գնացել է»:

Ընդունարանի աշխատակցուհին ասում է, որ երեխային ընդունել չեն կարող, քանի որ ծանրաբեռնված են (հիշեցնեմ` ժամը 16:15 կլինիկայում մարդ չկա), փոխարենը` կարող են հերթագրել: Հերթը կհասնի հոկտեմբերի 31-ից հետո: Այնուհետև, աշխատակցուհին «հայտնաբերում է», որ երեխան հիվանդանոցում անկետա ունի և այդ պահից կլինիկայում սկսեց չգործել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: Ըստ աշխատակցուհու, «եթե երեխան հիվանդանոցում անկետա ունի, ապա անվճար բուժսպարկումից օգտվել չի կարող»: Այլ կերպ ասած, հիվանդանոցներում անկետա ունեցող երեխաներն ինքնաբերաբար դառնում են, ենթադրենք` Պակիստանի քաղաքացի: «Պարզաբանման» համար ընդունարան մոտեցավ կլինիկայի միակ «պատասխանատուն»` ոմն Անիի բուժքույր Լիանան: Առանց անվանաքարտի, սակայն խալաթով: Ասաց, որ իր ազգանունը չի ասելու` գաղտնիք է: Էլի ինչ-որ անհասկանալի բաներ ասաց և գնաց: Ի տարբերություն կլինիկայի բուժանձնակազմի, անվտանգության աշխատակիցները բավականին քաղաքակիրթ էին և օպերատիվ: Առաջարկեցին ծանոթացնել շատ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ծանոթացրին: Վերջինս խոստացավ «ծանոթանալ իրավիճակին և զանգահարել»: Երևի կզանգի: Երբ հասկանա, որ երեխան Պակիստանի քաղաքացի չէ, կզանգի:

Հիշեցնեմ` խոսքը Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի հիվանդանոցի մասին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7130

Մեկնաբանություններ