Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Սրամտում է Վաչե Սաֆարյանը

Սրամտում է Վաչե Սաֆարյանը
04.12.2025 | 12:03

Վաչեն Գրականության ինստիտուտի աշխատակից էր: Արտակարգ սրամիտ, սրախոս, շարունակ կատակաբանի դերի մեջ: Բոլորի հասցեին ուղղված նրա հեգնական սրամտությունները հետագայում հաճախակի վերհիշվում էին ու զվարճացնում ներկաներին:

Բայց գանք մեր հիմնական պատումին:

Խորհրդային տարիների սերունդը լավ կհիշի, որ կոմունիստական գաղափարախոսությունը կրոնի պես մի բան էր: Կուսակցական տոմսով երդվում էին կուսակցականները, որը Ավետարանի վրա երդվելուն համարժեք պատասխանատվություն էր ենթադրում: Հակառակ վարքը և մտածելակերպը որակվում էր որպես երկրի հանդեպ դավաճանություն և խստորեն պատժվում:

Սակայն, 70-ական թվականներից սկսած նման ուղղափառ կոմունիստի պահվածքը մասամբ արդեն ժամանակավրեպ էր: Երկրում մակածվել էր այլախոհական մշակութային միջավայր և հոգեբանություն, անեկդոտներ էին ստեղծվում կուսակցության բարձրաստիճան առաջնորդների մասին:

Ըստ էության, բանավոր և գրավոր մշակույթով տեղի էր ունենում կոմունիզմի միֆի ապամիֆականացման իրողություն:

Այդուհանդերձ կոմունիստական համակարգը և ղեկավարությունը դեռևս պահպանում էին պետապարատը պաշտպանելու անցյալի զգոնությունը և գաղափարախոսության կաղապարված բառապաշարը: Հենց այդ տարիներին Չեխոսլովակիայում տեղի ունեցան հակակոմունիստական և սոցիալիստական տնտեսավարման դեմ բողոքի ընդվզումներ: ԽՍՀՄ-ի ղեկավարությունը հրահանգել էր, որ հանրապետությունների բոլոր կուսակցական բջիջներում հարցը քննարկեն և դատապարտեն:

Շրջկոմներից զգուշացրել էին, որ հարցը լրջորեն պետք է քննարկեն բոլոր կուսակցական կազակերպությունները: Հրահանգված էր նաև Գրականության ինստիտուտի կազմակերպությանը: Ինստիտուտի կուսակցության երկրորդ քարտուղար Կարո Ճինգոզյանը չեխոսլովակյան դեպքերի իրողության պետական կարևորություն ներկայացնող խնդիրը հնչեցրեց համապատասխան տագնապի և լրջության երանգներ արտահայտող տոնով: Նա նախ լուռ և լուրջ դեմքով սպասեց մինչև դահլիճում լռություն տիրեց, ապա հետևյալ նախաբանով ահազանգեց. ընկերնե՛ր, կոմունիստական գաղափարախոսությանը լուրջ վտանգ է սպասվում: Ապա փոքր դադարից հետո ավելացրեց՝ ցավոք, ձեզ պետք է ներկայացնեմ, որ վերջերս կապիտալիստական երկրների կազմակերպծ միջազգային դիվերսիան գաղափարական ճակատով սկսել է գլուխ բարձրացնել:

- Մեր ինստիտուտո՞ւմ,- իբր բանից անտեղյակ, կեղծ զարմանքը դեմքին խոյի բարբառի ընդգծված հնչերանգով ճղճղաց Վաչեն:

Ծիծաղեցին: Ժողովի ղեկավարությունը սաստեց ներկաներին, ապա առաջարկեց, որ աշխատակիցները ելույթներ ունենան ու լրջորեն արձաքանքեն: Մի քանիսը հրաժարվեցին: Ի՛նչ ասեն:

Արշալույս Ղազինյանը և Գրիգոր Գույումջյանը, որոնք մշտապես բոլոր ժողովներին ելույթ էին ունենում, նույնպես հրաժարվեցին՝ ամեն անգամ մենք ենք ելույթ ունենում, էս անգամ էլ թող ուրիշները խոսք ասեն:

Տնօրենը դարձավ Վաչեին՝

- Վաչե՛, միգուցե մի երկու խոսք դու ասես:

- Ես էսօր չեմ կարող խոսել ընկեր Ջրբաշյան, անհարմար եմ զգում:

- Ինչո՞ւ չես կարող, այ տղա, ինչո՞ւ ես անհարմար զգում:

- Էսօր առավոտը ես սխտոր եմ կերել:

- Դու երբ ես լրջանալու այ՛ տղա,- ծիծաղելով ասաց Ջրբաշյանը:

Չնայած վերոհիշյալին, արձանագրեցին, որ ժողովը խստորեն դատապարտում է Չեխոսլովակիայի ընդվզումները:

Ժողովի օրակարգում մի շատ կարևոր հարց ևս կար: Կորել էր ինստիտուտի կուսակցական կազմակերպության կնիքը: Իսկ դա լուրջ բացթողում էր:

Ի դեպ, ամեն կազմակերպություն ուներ իր կնիքը: Տեղեկացրել էին Շրջկոմ: Այնտեղից զայրացած հրահանգել էին՝ կուսակցական ժողով հրավիրե՛ք, դատապարտե՛ք երևույթը, ելույթները արձանագրե՛ք ու որոշում կայացրե՛ք: Հետո ժողովի որոշումը կուղարկե՛ք, որ կցենք գործին ու նոր կնիք պատվիրենք:

Ելույթներ, իհարկե, չեղան, բայց արձանագրության մեջ նշվեց մի քանիսի անունները, որոնք իբր դատապարտում են ցրվածությունը, թափթփվածությունը, ինչի պատճառով էր իբր կորել կնիքը: Մնում էր ձևակերպել, թե ժողովը, ի վերջո, ի՞նչ որոշեց:

Կուսակցության առաջին քարտուղար Սարիբեկ Մանուկյանը դիմեց ներկաներին՝ ո՞նց գրենք, ժողովը ի՞նչ եզրակացության հանգեց: Մի քանիսը մտմտում էին, թե ի՞նչ ձևակերպում տան:

Վաչեն կրկին մեջ ընկավ՝ գրեք, ժողովը որոշեց՝ եթե դիտմամբ են տարել, տանողի տունը քանդվի, իսկ եթե կորել է՝… գտնողը չվայելի:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ