ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Խաղաղության մունետիկն» իրականում պատերազմի բոթաբերն է

«Խաղաղության մունետիկն» իրականում պատերազմի բոթաբերն է
04.12.2025 | 16:35

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կրկին փորձել է սեփական իշխանության վերաարտադրությունը 2026 թվականին պայմանավորել ժողովրդի՝ խաղաղություն ընտրելու տեսլականով: Ասեմ, որ 2-րդ մասով ինքը հեծանիվ չի հայտնաբերել. մարդկանց գերակշիռ մեծամասնությունը երազում է ապրել խաղաղության մեջ: Ինչո՞ւ ոչ բոլորը, քանի որ կան մարդիկ, որոնք բնույթով կռվարար են, ու կռիվը և կամ մեծ հաշվով՝ պատերազմն իրենց հոգեհարազատ միջավայր է: Կան, ասենք, գրպանահատներ. դրանք կմեռնեն, եթե մի օր մնան առանց «գործի»: Այսինքն, չփորձեն դատարկել ոչինչ չկասկածող քաղաքացիների գրպանները կամ քսակները: Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Կան շատ ավելի խոշոր գրպանահատներ. դրանք զավթիչներ են, ովքեր չեն կարող հանգիստ նստել տեղները: Ու ձգտում են հափշտակել հարևանի գույքը՝ որևէ թանկարժեք բան, անասուններ, մեքենաներ, նույնիսկ անշարժ գույք: Եվ երբ հատկապես վերջինները հասնում են իշխանության, ապա Հայաստանի նման պետության ժողովուրդը չի կարող ընտրել խաղաղությունը: Որովհետև խաղաղություն կամ պատերազմ ընտրելու իրավունքը խլվել է նրանից և մատուցվել է թշնամուն: Եվ դա կատարվել է այն անձի կողմից, ով իրեն համարում է 44-օրյա պատերազմի՝ իրականում խայտառակ պարտության թիվ մեկ պատասխանատուն, սակայն ոչ թիվ մեկ մեղավորը: Այնինչ, թիվ մեկ պատասխանատուն, եթե երկինքն էլ իջնի երկրի վրա, չի կարող չլինել թիվ մեկ մեղավորը:

Այնպես որ, 2026 թվականի հունիսի 7-ին հայաստանյան ընտրողներն իսկապես, առանձին բացառությունները չհաշված, կընտրեն խաղաղությունը: Քանի որ այն ոչ միայն անձամբ ընտրողների, այլև նրանց «զավակների, ընտանիքի, թոռների ու ծոռների խաղաղությունն է»: Ու այս առումով վերը նշված անձի հետ չհամաձայնել հնարավոր չէ: Բայց ոչ միայն հնարավոր է, այլև պարտադիր պայման է նրա հետ չհամաձայնելը բազմաթիվ այլ հարցերում: Օրինակ, այն հարցում, թե «խաղաղությանը տեր կանգնելը մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին»: Այստեղ, բնականաբար, այդ անձը փորձում է հիմարի տեղ դնել միամիտ մարդկանց: Մեր նահատակներին մեծագույն տուրք ենք մատուցում միայն այն դեպքում, երբ նրանք հիշվում են մեր կողմից: Ու նշանակություն չունի՝ հիշում ենք խաղաղության պահին, թե պատերազմի ժամանակ: Ուր մնաց թե խաղաղությանը տեր կանգնելն է մեծագույն տուրքը: Եվ, բացի դրանից, գործող իշխանության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մոռանալու քաղաքականությունը, ինչը դրսևորվեց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իբրև թե վերանորոգելով, վկայում է հակառակի մասին: Այն մասին, որ թշնամու պահանջները կատարելու վարքագիծը 2015-ին սրբադասված մեկուկես միլիոն մեր նահատակների հանդեպ ամենամեծ մեղսագործությունն է:

Չմոռանանք, որ «բոլոր նահատակներին և իր բոլոր անցյալներին» մեծագույն տուրք մատուցողը 44-օրյայի խայտառակ պարտությունից հետո չգիտես ումից պահանջում էր անուն առ անուն բացահայտել Ցեղասպանության զոհերին: Ինչը ենթադրել է տալիս, որ հենց դա էլ տուրք մատուցելու եղանակն էր: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ նման նարատիվ է գեներացվել արևելքից՝ թշնամական երկրում: Ինչը հերթական անգամ վկայեց, որ «խաղաղության մունետիկն» իրականում պատերազմի բոթաբերն է: Որովհետև խաղաղության հաստատման գործընթացը, այն էլ կիսատ-պռատ ու պատերազմի սպառնալիքով հագեցած, ամեն անգամ իրականացվում է թշնամուն ինչ-որ բան զիջելով: Լինի դա Հայաստանի հողատարածքի կորուստ, Արարատ լեռան պատկերի և ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի չեղարկում, միջազգային դատարաններից հայցերի հետկանչ, թե որևէ այլ եղանակով: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ իրական խաղաղություն կհաստատվի միայն այն դեպքում, եթե 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրությանը Հայաստանի Հանրապետության ընտրողները մեկ մարդու նման մերժեն վարչապետի աթոռից կառչած անձին և նրա հիմնադրած կուսակցությունը: Մերժեն ճիշտ այնպես, ինչպես դա արեցին ՀՀ երրորդ նախագահի առումով, ով, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի համամեմատ, հաստատ Աստծո գառ էր:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 3268

Մեկնաբանություններ