Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Տևականորեն օտարի լծի տակ լինելով՝ լուրջ հասարակական կյանք չենք ունեցել

Տևականորեն օտարի լծի տակ լինելով՝ լուրջ հասարակական կյանք չենք ունեցել
04.12.2025 | 17:30

Մեր դժբախտության հիմնական պատճառը մեր սահմանափակ հնարավորություններով պարզունակ կենսափիլիսոփայությունն է, քանի որ ցանկացած հասարակության համար, մի կողմից, միամտության ու մեծամտության և, մյուս կողմից էլ, տգիտության և գիտելիքի ու տրամաբանության բացակայության խառնուրդը վատ հետևանքներով հղի մեծ պոտենցիալ ունի, որն էլ գոյապայքարի իմաստը հասկացած ուրիշներին հնարավորություն է տալիս այդ հանգամանքը օգտագործել մեր դեմ։

Այն թյուր ինքնագնահատականը, որ մենք ավելի քան միամիտ չենք, հիմնված լինելով նյութական շահի գեներացման հետ կապված պարզ գործողությունների ոլորտում մեր հարաբերական հաջողությունների վրա, որի հիմքում ընկած կենսափիլիսոփայությունն էլ «դուքանային» մտածողության սահմաններից դուրս չի գալիս՝ մեզ հետ մշտապես չար խաղ է խաղում։

Այնինչ, իսկական ու լուրջ գոյապայքարը չի կարող հենվել նման պարզունակ գաղափարական հիմքի վրա, նրանում շատ ավելի մեծ դեր է հատկացվում ոչ նյութական գործոններին, քան դա կարող է թվալ միայն ամեն ինչի մակերեսը տեսնողներին։

Տևական լուրջ կյանք ունեցող և ազդեցիկ էթնոսների ու ժողովուրդների մոտ գոյապայքարի պրոցեսում և ժամանակի ընթացքում իմաստնանալով, այդ պայքարի էֆեկտիվության աճի պայմաններում բյուրեղանում են վարքի ու պահվածքի որոշակի կանոններ կամ կոդեր, որոնք էլ դառնում են կյանքի համար նրանց պայքարի կորիզը։

Սովորաբար, նման գոյապայքարի բուն մեթոդներն ու կոդերը թաքնված են լուրջ էթնոսների ու ժողովուրդների հոգեբանության խորքերում, և ուրիշները տեսնում են միայն դրանց արտաքին նշանները, որոնց թիկունքում ընկած բովանդակությունը հեշտ վերծանելի չէ։

Սեփական լուրջ կենսափիլիսոփայություն չունեցող այն մեծամիտ միամիտներն էլ, որոնք տեսնում են ուրիշների կոդերի միայն արտաքին նշանները, իսկ դրանց հետևում ընկած խորքային բաների մասին պատկերացում անգամ չունեն, սկսում են սեփական կոդերի արտաքին նշանների մասին անվերջ դատարկախոսել։

Տեսած կա՞ք, որ մեզնում որևէ մեկը հոգեբարոյական անալիզի ենթարկի մեր կոդ կոչեցյալի բուն էությունը և այն արտացոլող սիմվոլիկան ու նաև կապը դրանց մեջ։

Ցավոք, այս ուղղությամբ մեր «անալիզը» անհիմն ու անտրամաբանական պնդումներից այն կողմ չի գնում և, հաճախ էլ, սիմվոլները շփոթում ենք խորքում ընկած կոդերի ու հզորության հետ։

Եվ այս ուղղությամբ ամեն ինչը, մեր ունեցած ու արած ուրիշ շատ բաների նման, իմիտացիայից այն կողմ չի անցնում։

Անձ մակարդակով կոդը ծրագրավորում է մարդկանց ապրելուն նպաստող հիմնականում էգոիստական կանոններն ու պահվածքը։

Հասարակություն կամ ժողովուրդ մակարդակով էլ դարձյալ կոդը ծրագրավորում է ապրելու էգոիստական կանոններն ու պահվածքը, բայց այս անգամ արդեն՝ հանրություն մակարդակով, որը մեծապես կախված է այն բանից, թե տվյալ հանրության մեջ անձ մակարդակում ինչպիսին է այլասիրության կամ ալտրուիզմի մակարդակը։

Քանի որ, տևականորեն օտարի լծի տակ ենք եղել, ապա լուրջ հասարակական կյանք չենք էլ ունեցել, իսկ որտեղ էլ չկա հասարակական կյանք, այնտեղ այդ մակարդակի կենսափիլիսոփայություն և համապատասխան կոդ չի կարող լինել, կամ եղածն էլ կենսունակ լինել չի կարող։

Հին կոդն էլ, որի մասին մենք միայն կարող ենք աղոտ ենթադրություններ անել, եթե նույնիսկ եղել է, ապա հասարակական կյանք չունենալով, այն կամաց-կամաց թուլացել ու իր ուժը կորցրել է։

Այն հանրությունները, որոնք անձ մակարդակով ալտրուիզմի բավարար հատկություն չունեն, որը ոչ միայն ուրիշի շահի հետ հաշվի նստելն է, այլ նաև հասարակության շահի համար այս կամ այն չափի զոհողության գնալը, կայուն և հզոր չեն կարող լինել։

Սովորաբար, էգոիզմի բարձր մակարդակ ունեցող հանրության մեջ բարձր է նաև մարդկանց միջև ագրեսիայի մակարդակը, որի պատճառով նրանց ժամանակի ու էներգիայի մեծ մասը վատնվում է հարաբերությունների ցածր մակարդակում և ժամանակ ու էներգիա չի մնում հասարակական մակարդակի գործերի ու կյանքի համար։

Ավտորիտար հոգեբանության պայմաններում նույն ագրեսիան կա նաև հասարակական հիերարխիայի վերտիկալով, վերից վար ուղղությամբ, այսինքն, անհամապատասխան ուժի ճնշում ներքևից եկող բողոքների ու կարծիքների նկատմամբ, որը նույնպես չի նպաստում հասարակության որակի բարձրացմանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ