Վերջերս, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, հանրայինի եթերում մի շարք կեղծիքներ թույլ տվեց։
Մասնավորապես մեղադրեց Ռուսաստանին, որ նրա պաշտոնյաները խառնվում են մեր ներքին գործերին, երբ որ խորհուրդներ են տալիս մեզ, թե որն է մեր շահը։
Հետաքրքիր է, թե այդ երբվանի՞ց է բարեկամական խորհուրդը համարվում միջամտություն ներքին գործերին։ Ժիրայր Լիպարիտյանը իհարկե լռում է Արևմուտքի մասին, ում հարաբերությունները Հայաստանի հետ տեղի են ունենում միայն ներքին գործերին կոպիտ միջամտելու միջոցով։
Ավելին, եթե վերջին 200 տարում, Ժիրայյր Լիպարիտյանի նման խորհրդականների խորհուրդները լսելու փոխարեն լսեինք Ռուսաստանի խորհորւրդները, ապա շատ կորուստներից հնարավոր կլիներ խուսափել։
Նույն Ժիրայր Լիպարիտյանը պնդում էր, որ 1915 թ. հայերի ցեղասպանությունը առաջին աշխարհամարտի հետևանքն էր։ Սա ևս կեղծիք է, որը լավագույն ձևով բացահայտել է 1916-1922 թթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, ով ասել էր.
«Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի, ռուսական զորքերը պետք է գրավեին Հայաստանը, մինչև անհրաժեշտ բարեփոխումների իրակամացումը։ Այդ դրույթը չեղարկվեց 1878 թվականի Բեռլինի պայմանագրով, որը լիովին մեր սպառնացող ճնշման արդյունք էր և ներկայացվում էր որպես «պատվավոր խաղաղություն» բերած Անգլիայի մեծ հաղթանակ։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից կառուցված հաղթական զոհասեղանի վրա։ Ռուսները ստիպված եղան հեռանալ, իսկ դժբախտ հայերը կրկին ճնշվեցին իրենց վաղեմի հետապնդողների կրունկի տակ, որոնք պարտավորվել էին «կատարել բարելավումներ և բարեփոխումներ հայերով բնակեցված նահանգներում»։ Բոլորիս էլ հայտնի է, թե ինչպես էին այդ պարտավորությունները խախտվում քառասուն տարվա ընթացքում, չնայած բազմաթիվ բողոքներին այն երկրի կողմից, որը հիմնական մեղավորն էր Հայաստանը թուրքական իշխանության տակ վերադարձնելու գործում։ Բրիտանական կառավարության քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցրեց 1895–1897 և 1909 թվականների հայերի սարսափելի ջարդերին, ինչպես նաև 1915 թվականի ամենասարսափելի կոտորածին։ Այս հանցագործությունների արդյունքում, որոնք աննախադեպ էին անգամ թուրքական դեսպոտիզմի պատմության մեջ, Թուրքիայի հայկական բնակչությունը նվազեց ավելի քան մեկ միլիոնով»։
Այսինքն 1915 թ. հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմուտքի վարած քաղաքականության պատճառով, որով նրանք հարվածել էին Ռուսաստանի դիրքերին, թուլացրել դրանք, մեզ էլ դարձնելով առավել խոցելի և անպաշտպան։
Հետևաբար, որքան շատ լսենք Ռուսաստանի խորհուրդները և որքան մոտ լինենք նրան, այնքան ավելի ապահով և անվտանգ մեզ համար։
Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ