Մինչև Սուրբ Էջմիածնի վերահաս ասպատակությունը Նիկոլին օդ ու ջրի նման պետք է հայ առաքելական եկեղեցուց կերտել հակապետական ինստիտուտի կերպար: Կառույց, որն իբր սպասարկում է ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերը: Բարձրաստիճան հոգևորականներին բանավոր հայտարարություններով օտար երկրների գործակալներ կարգելը բավարար էֆեկտ չի ապահովել հանրային ընկալումներում: Զանգվածների սրտերին հասնող ուրիշ «զիլ» քայլ է պետք:
Նիկոլն, այո, կիսագրագետ է, բայց հաստատ անգրագետ չի: ՈՒստի, ծիծաղելին այն չի, ինչ ինքը գրել է: Ծիծաղելին այն է, որ ազգովի նրան դրած բացատրում ենք, թե ինչ տարբերություն կա «պետության կողմից 301 թ. եկեղեցու ստեղծման» և պատմական փաստերի միջև:
Նա շատ լավ հասկանում է, որ եկեղեցու նման բարդագույն կառույցը, որը կանոնական հարցերում շատ ավելի դանդաղ է, քան կրիան, չի կարողանալու արագ արձագանքել ու առավել ևս ընդառաջ գնալ իր «պետականապաշտ» առաջարկություններին:
Նա սա անում է, որ մեկ քայլ հետո ստանա լավ առիթ՝ շապիտոյի գլուխն անցած ձայնը գլուխը գցելու ու ժողովրդին հիմնավորելու, որ եկեղեցին գործում է ՀՀ պետական շահերի դեմ. տեսե՜ք, եկեղեցին հրաժարվում է անգամ պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգն ու եկեղեցիներում տեղադրել ՀՀ պետական դրոշը:
ՈՒրիշ ոչ մի պատճառ ու նպատակ իմ կարծիքով չկա:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
Հ.Գ. 1.
Եկեղեցու պատմությունը լավ իմանար գուցե ժողովրդի անունից պահանջեր նաև այսուհետ պատարագները մատուցել բացառապես գրական հայերենով կամ, որ առավել ցանկալի է՝ տեղական բարբառներով, որովհետև գրաբարով մատուցված պատարագներին ժողովուրդը մի տեսակ անհաղորդ է մնում, լավ չի հասկանում:
Հ.Գ. 2.
Կարպիս Փաշոյանն ակնարկել է անգամ պատմական մեծ դավադրության հավանականության մասին: Հռչակելով, որ եկեղեցին «ստեղծվել» է պետության կողմից, Նիկոլն, ըստ Կարպիսի, ուրանում է մեր եկեղեցու առաքելահաստատ (Թադևոս և Բարդուղեմեոս) լինելն ու քաղաքական նկատառումներով մեր եկեղեցին ստորադասում առաքելահաստատ տիեզերական մյուս եկեղեցիներին՝ Վատիկանին (Պետրոս) ու Պոլսոյ տիեզերական պատրիարքությանը (Անդրեաս):
Սա էլ երևի Նիկոլին վերագրվող ծայրահեղության մյուս երեսն է: Նիկոլն այսքանը հասկանու՞մ է: Կամ տիեզերական մյուս եկեղեցիները չեն հասկանու՞մ, որ նման մասշտաբի խնդիրները Նիկոլի գրառումներով չեն լուծվում: ՈՒրիշ բան, որ այս կերպ գուցե իրոք քաղաքական հովանավորության նոր չափաբաժին է մուրում: