Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Եթե մենք համապատասխան մակարդակի հզորություն չունեցանք, ուրիշները մեզ երբեք սուբյեկտ չեն համարի

Եթե մենք համապատասխան մակարդակի հզորություն չունեցանք, ուրիշները մեզ երբեք սուբյեկտ չեն համարի
09.12.2025 | 13:48

Ուժային աշխարհում, ուժ չունենալով և սեփական գոյության հետ կապված խնդիրները ինքնուրույն ձևով լուծել չկարողանալով, բայց, այնուամենայնիվ, ապրել ցանկանալով, մեր հիմնական խնդիրը պետք է լինի՝ հիշելով ուրիշների, ուժային դինամիկայի մեզ համար կրիտիկական նշանակություն ունեցած նախկին խաղերը, սթափորեն գնահատելով այդ ուժերի ներկա դասավորությունը և դրա հետ կապված մեր ապրելու շանսերը՝ փորձել հասկանալ դրանց, գոնե մոտ ապագայում, հավանական տեղաշարժերը և մեր ապրել-չապրելու հետ առնչված հարցերում գալ շատ թե քիչ ռեալիստական եզրահանգումների։

Եվ այդ ընթացքում, որպես անսասան աքսիոմա, պետք է տրամաբանորեն և հոգեբանորեն կարողանալ ընդունել ու հաշտվել այն բանի հետ, որ եթե մենք համապատասխան մակարդակի հզորություն ու իրական սուվերենիտետ չունեցանք, ուրիշներն իրենց հաշվարկներում մեզ երբեք սուբյեկտ չեն համարի, այլ միայն օբյեկտ, որի տարատեսակ կորուստները կարող են դառնալ իրենց համար շահ։

Մեծ հաշվով, այս պնդումն ունի ունիվերսալ բնույթ և վերաբերում է ամբողջ մարդկության պատմությանը, որտեղ բարձր մակարդակի գոյության պայքարում ամեն ինչ որոշվել է հակամարտ կողմերի հզորությունների բախումով՝ առանց հաշվի առնելու ուրիշների շահերը և տիրանալով նրանց հարստությանն ու ունեցվածքին։

Եվ մեր պատմությունը, այս պարզ ճշմարտությունը չհասկանալու կամ էլ հասկանալ չկարողանալու հետևանքով, կորորուստների մի անվերջ շղթա է։

Նման իրավիճակում, մեզ նման գոյաբանական խնդիրներ ունեցող թույլերի հիմնական խնդիրը, հնարավորինս խոհեմ առաջնորդներ ունենալու և հզորանալու հետ միասին, ճիշտ կողմնորոշվելն է ուրիշների ուժային դաշտում և այդ պրոցեսում նրանց խաղալիքը չդառնալը։

Հեռու գնալ պետք չի, եթե Արցախյան առաջին պատերազմից հետո մեր առաջնորդների խոհեմությունը տեղը լիներ, և իրենք էլ լինեին գոնե իրենց իշխանության վրա չդողացող ոչ էգոիստներ ու կարողանային նաև գնահատել աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող ուժային փոփոխությունները, հնարավոր է, որ այսօր մեր վիճակը շատ ավելի ընդունելի լիներ։

Ասածները այբբենական ճշմարտություններ են, բայց դրանք զարմանալիորեն չեն կարողանում հասնել մեր գիտակցությանը, որն էլ ունի իր հիմնավոր պատճառները, ներառյալ՝ մեզնում քաղաքական մտքի շատ ցածր մակարդակն ու, ընդհանրապես, քաղաքակրթական ցածր մակարդակը, որն էլ ուղեկցվում է ցուցամոլությամբ ու մեծամիտ տգիտությամբ։

Գոնե մի փոքր ուշքի գալու համար, քանի որ կշեռքի նժարին է դրված մեր գոյությունը, պետք է նայել Ուկրաինայի և Եվրոպայի ներկա վիճակին ու փորձել հասկանալ դրա բուն պատճառները։

Ասենք, Ուկրաինային դնենք մի կողմ, քանի որ նա հենց էն գլխից խաղի մեջ էր մտցվել որպես հնարավոր մատաղացու, և նայենք Եվրոպայի վիճակին։

Իր 450 միլիոն բնակչությամբ, ահռելի տնտեսությամբ և քաղաքակրթական հսկայական կշռով նրան նույնիսկ չեն հրավիրում ուկրաինական պատերազմը դադարեցնելու հետ կապված բանակցություններին, որի միակ պատճառն էլ նրա անուժ ու պառակտված լինելն է։

Իսկ ըստ ԱՄՆ-ի վերջերս ընդունված ազգային անվտանգության մարտավարության, Եվրոպայի հետ կապված հարցերը ստացել են բոլորովին այլ երանգ, և պարզվում է, որ ԱՄՆ-ի շահերը շատ հարցերում, մեղմ ասած, չեն համընկնում նրա շահերի հետ, իսկ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, հակառակը՝ համընկնում են։

Եվ այս պարագայում էլ Եվրոպայի ոչ ադեկվատ էլիտան շարունակում է կատարել քայլեր, որոնք էլ ավելի են վատացնում իր վիճակը, որը չի էլ փոխվի, մինչև չփոխվի ինքը՝ էլիտան։

Նույն վիճակն էլ մեզ մոտ է, և դոկտրինայի նման այն ծամածռությունը, թե մեր ուժն էլ մեր թուլության մեջ է, կործանարար էր հենց էն գլխից։

Ի՞նչ էր ասում Ջիվանին։ Ճիշտ եք, ասում էր՝ «խելքի աշեցեք»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ