Նրանց ոտքի տակ հողը դոնդող է՝
լավայի նման ու հալ երկաթի,
երկինքն անգույն է, արևը՝ մոխրոտ,
հրե խոսքեր են գալարվում նրանց
այրվող լեզվի տակ - անծպտուն, տենդոտ,-
մտքում նզովքի ձիգ շարաններ կան
և ազնվաջիղ վճիռներ ու կամք,՝
որ ցնցելու են ոսոխին, նաև
վերնահարկերն ու ամբոխներին խև:-
Ցասման որդիներ - հողոտ ու աստղոտ,
մի քիչ՝ դիցական, առավել՝ անշուք,
իսկ վավերական անգիր մի թղթով -
նրանք ծագում են երկրի կարոտից,
երազից նախնյաց ու Աստծո սիրուց,-
ու չի գրգռում ցասումը նրանց
այնպես - աշխարհի հեգնանքը ինչպես,-
շոյվում են, սակայն, և մանկան նման
ամեն շրշյունից հուշի ու ծաղկի,
որ զարդարում են հայրորեն տևող
լսողությունն անխախտ-ցեղային:-
Ցասումը նրանց - ո՜ւժ է արարիչ
և ոչ ավերի զարկ ու պայթուցիկ,-
խորհում են ուստի խոր ու նախաբան՝
մինչ իրենց գտնեն վեհության լանջին,
ու երբ կհասնի պահը սլացիկ,
կարշավեն նրանք ոգու լեռներով…
05.11.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ