Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ադրբեջանի վերջին հայտարարությունը լիովին տեղավորվում է թուրքական ռազմավարական ուղղության մեջ

Ադրբեջանի վերջին հայտարարությունը լիովին տեղավորվում է թուրքական ռազմավարական ուղղության մեջ
10.12.2025 | 13:26

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ հստակորեն նշվում էր, թե «նախարարությունը մտահոգիչ է համարում ԵՄ և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում Բրյուսելում ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը»։ Ավելին, ըստ պաշտոնական Բաքվի՝ ՀՀ-ԵՄ փաստաթղթում ներառվել են մի շարք հարցեր, որոնք «աղավաղում են հետհակամարտային շրջանի իրողությունները և հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։

Ըստ էության, մենք այս դրվագում ևս հերթական անգամ փաստացի տեսնում ենք, որ Ադրբեջանի հռետորաբանությունը ոչ միայն չի փոխվում, այլ գնալով ավելի է սրվում՝ հրապարակավ միջամտելով ՀՀ ներքին օրակարգերին։ Այսինքն՝ այն նույն փուլում, երբ Փաշինյանն ինքնամոռաց ու անհոգնել խոսում է, տարբեր ամբիոններից հայտարարում, թե «օգոստոսի 8-ից Հայաստանում խաղաղություն է եկել», Ալիևը հատիկ-հատիկ շարադրում է իր ցանկությունները, ներկայացնում կետերով պահանջներ ու ստիպում, որ դրանք կյանքի կոչվեն, ի դեպ՝ հնարավորինս արագ, և ցույց է տալիս, թե ով է «պատվիրում երաժշտությունը»։ Մասնավորապես՝ Սահմանադրությունը փոխելու հետ կապված հայտնի պնդումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում» հայի երես չտեսնելու մասին հայտարարությունը, իսկ հիմա էլ հերթը հասավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

Ադրբեջանը շարունակաբար ու բացահայտորեն միջամտում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական օրակարգերին՝ իրեն վերապահելով վետոյի իրավունք Հայաստանի ինքնիշխան որոշումների նկատմամբ, իսկ Նիկոլի անատամությունն ու համապատասխան արձագանք մենք, բնականաբար, չենք լսի, քանի որ նրա ձայնն ու հոխորտանքը բացառապես ՀՀ սահմաններից ներս է, դրսում նա կռացած լսում է բոլորին։

Այս հայտարարությունից հետո, թերևս, Նիկոլը պարտավոր պետք է լինի վերանայել ԵՄ-ի հետ կապված իր նկրտումներն ու սկսած սիրախաղը և Ալիևին չջղայնացնելու նպատակով որոշ վերանայումներ անել։ Ավելին, Ալիևի պահանջները կապված են նաև ՀՀ-ում գտնվող ԵՄ դիտորդների թեմայի հետ, որոնք, ըստ «խաղաղության պայմանագրի» սևագրի, պետք է չգտնվեն ՀՀ տարածքում։

Ըստ էության՝ Ադրբեջանի վերջին հայտարարությունը լիովին տեղավորվում է թուրքական ռազմավարական ուղղության մեջ՝ կտրել Հայաստանը բոլոր ինքնուրույն գործընթացներից և դարձնել սեփական օգտագործման ազդեցության գոտի․ փաստացի՝ Բաքուն այստեղ գործում է նույն մեխանիզմով, ինչ Թուրքիան՝ տարածաշրջանում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ