ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Գլոբալ բնույթի խոշոր բախումները կործանում են հին հզորներին և ծնում են նոր հզորներ

Գլոբալ բնույթի խոշոր բախումները կործանում են հին հզորներին և ծնում են նոր հզորներ
12.12.2025 | 15:09

Մեր ներկա վիճակը հասկանալու և գոնե մոտ ապագան ճիշտ լույսի տակ տեսնելու համար պետք է, առաջին հերթին, հասկանալ այն նախադրյալները, որոնք աշխարհը բերեցին այս վիճակին։

Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի հեգեմոն դիրքին ու դրա հարատևմանը խանգարող միակ հանգամանքը ԽՍՀՄ-ի գոյությունն էր, բայց որի կոլապսից հետո էլ Ռուսաստանն իր ատոմային ուժով շարունակեց մնալ միակ երկիրը, որն ուներ Արևմուտքին հավասար փոխադարձ ոչնչացման համար անհրաժեշտ ուժ։

Այս պայմաններում, աշխարհում ստեղծված ուժային միաբևեռությանը խանգարող միակ ուժը թուլացած, բայց և ատոմային զենք ունեցող Ռուսաստանն էր, և խնդիրը նրան որևէ ճանապարհով ու առանց մեծ ռիսկերի մեջտեղից հեռացնելն էր, լիներ դա որևէ տեսակի գունավոր հեղափոխությամբ ու երկիրը մասնատելով, թե մի այլ ձևով, դա արդեն կարևոր չէր։

Ռուսաստանին, որպես ուժ, շարքից հանելն ու նրա անբավ ռեսուրսներին տիրանալը Արևմուտքի հիմնական խնդիրն էր, քանի որ դա հնարավորություն կտար նրա հեգեմոն վիճակը հնարավորինս երկարատև ու կայուն դարձնել։

Իսկ նման շատ բարդ խնդիրների լուծման հիմնական միջոցների առաջատարը ուժայինն է, որի անմիջական հետևանքն էլ եղավ այն, որ որոշում կայացվեց, ինչքան հնարավոր է, ՆԱՏՕ-ն աստիճանաբար տեղաշարժել դեպի արևելք։

Այս ամենին զուգահեռ ընթացող Չինաստանի վերելքի ու ուժեղացման պայմաններում էլ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք ստացավ կրկնակի իմաստ և կարևորություն։

Այս նույն պրոցեսների օրգանական մասն էին Հարավսլավիայի մասնատումն ու դրա հետ կապված պատերազմները, Բելգրադի ռմբակոծումը, գունավոր հեղափոխությունների շարքը և այլ նախաձեռնություններ, որոնցից ամենավճռորոշը դարձավ 2014-ին Ուկրաինայում կատարված պետական հեղաշրջումը, որն արդեն ուներ լուրջ գոյաբանական իմաստ ու հետևանքներ Ռուսաստանի համար։

Սրան էլ հետևեցին Ղրիմի ու Դոնբասի իրադարձությունները և Արևմուտքի կողմից Ուկրաինային նախապատրաստելը Ռուսաստանի հետ վճռական պատերազմի։

Այս ամենին զուգահեռ, չէին դադարում նաև Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին խոսակցությունները, բայց առանց նրան ալյանսի մաս դարձնելու, որի նպատակն էլ այն էր, որ Ուկրաինան օգտագործելով, Ռուսաստանը թուլացնեն, բայց և ատոմային պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև բացառվի։

Ենթադրվում էր նաև, որ Ուկրաինայի հետ սովորական պատերազմում և Արևմուտքի տնտեսական ճնշման տակ Ռուսաստանն արագ կպարտվի իր տնտեսական թուլության պատճառով։

Այս ամենը պլանավորողների համար հարցը թվում էր շատ պարզ, քանի որ Արևմուտքի գումարային ՀՆԱ-ի հետ համեմատած Ռուսաստանի ՀՆԱ-ն պարզապես թվում էր չնչին, իսկ նրա պարտությունն էլ որևէ կասկած չէր հարուցում։

Ինչպես իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, Արևմուտքի նման համոզվածությունը հիմնված էր բազմաթիվ թյուրիմացությունների վրա, սկսած հակամարտ կողմերի հզորությունների սխալ ու միակողմանի գնահատականներից, որտեղ նյութական ու ոչ նյութական հզորությունների միջև հավասարության նշան էր դրված, մինչև հոգեբանական և այլ գործոնների անտեսումը։

Դրանից բացի, այն անհիմն ու կեղծ պնդման հիման վրա, որ հիմա ժամանակները փոխվել են, հաշվի չառնվեց նաև Նապոլեոնի ու Հիտլերի փորձը Ռուսաստանի հետ նրանց պատերազմներում։

Եվ որ ամենակարևորն է, Արևմուտքին թվում էր, որ Ռուսաստանին հասցված առաջին իսկ հարվածից հետո ժողովուրդը ոտքի կելնի ու Պուտինին գահընկեց կանի, որը դուրս եկավ մի շատ վտանգավոր պատրանք հենց իր՝ Արևմուտքի համար։

Բայց մասշտաբային թյուրիմացությունները երկուստեք էին, որն էլ պարզվեց ավելի հետո, երբ ուկրաինական պատերազմն արդեն սկսված էր։

Մինչ դա, Ռուսաստանի կողմից Արևմուտքին ուղղված բազմաթիվ պահանջներից հետո, որոնց նպատակն էր իր անվտանգության հետ կապված հարցերի ճշտումը, դրանք ցուցադրաբար անտեսվեցին ու մնացին անպատասխան։

Դրա հետ միասին սադրանքները ուկրաինական կողմից շարունակվեցին, որի նպատակը Ռուսաստանին ստիպելն էր՝ առաջինը սկսել պատերազմը, որ հետագայում նա ներկայացվի որպես պատերազմի հրձիգ և այն սկսող ագրեսոր։

Այն հանգամանքը, որ Ռուսաստանը պատերազմ չէր ուզում, պարզ երևում է այն բանից, որ Ստամբուլում նա արագ համաձայնության եկավ Ուկրաինայի հետ և իր զորքերը հետ քաշեց։

Բայց Արևմուտքի ճնշման տակ Ուկրաինան հրաժարվեց ձեռք բերված համաձայնությունից, և, այսպիսով, թափ առավ եղբայրասպան պատերազմը, որը միայն արևմտյան կողմին էր ձեռնտու։

Եվ այստեղ պարզվեց, որ թյուրիմացության մեջ է եղել նաև Ռուսաստանը, որին թվում էր, թե ուկրաինացիների մեծամասնությունն իրեն է սպասում, և պատերազմը շուտ կավարտվի, բայց տեղի ունեցավ հակառակը, ու պարզվեց, որ տևական նպատակային քարոզչության հետևանքով դիմադրությունը ռուսական կողմին շատ ուժեղ է։

Պարզ դարձավ նաև, որ իրար հետ կռվողները տարբեր մոտիվացիա ունեցող, բայց նման մենթալիտետով նույն քաջ ու կռվող ռուս մարդիկ են, մի հանգամանք, որը հանգեցրեց դիրքային պատերազմի, և որը շարունակվում է առ այսօր։

Ռուսների համար ուկրաինական կողմի այս անսպասելի լուրջ դիմադրությունը լիովին փոխեց այս պատերազմում իրենց ստրատեգիան ու տակտիկան, առաջնահերթությունը տալով ոչ թե տարածքների գրավմանը, այլ հակառակորդի ռեսուրսների ու ինֆրաստրուկտուրայի ոչնչացմանը՝ ենթադրելով, որ դրանից հետո տարածքները կարելի է ավելի հեշտությամբ գրավել։

Եվ այստեղ պարզվեց մի անսպասելի հանգամանք ևս, որ, մեծ հաշվով, այդ պատերազմը ձեռնտու էր նաև Ռուսաստանին, քանի որ այն նրան դարձրեց գերտերություն, որը ներկայում, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ միասին որոշում է աշխարհի ճակատագիրը։

Միշտ էլ, գլոբալ բնույթի խոշոր բախումները, ինչպես ցույց է տալիս առաջին և երկրորդ աշխարհամարտերի փորձը, կործանում են հին հզորներին և ծնում են նոր հզորներ։

Այսպես, առաջին աշխարհամարտը բերեց կայսրությունների կործանման և, նույնիսկ պատերազմում հաղթող Արևմտյան Եվրոպան, նոր հզորություն ԱՄՆ-ի կողմից մղվեց երկրորդ պլան, իսկ Բրիտանական կայսրությունից, ըստ էության, միայն անունը մնաց։

Նույնը՝ երկրորդ աշխարհամարտի ժամանակ, որը ծնեց երկու գերտերություն, իսկ Եվրոպան դարձավ երկու կողմից օկուպացված տարածք։

Նման մի բան էլ կրկնվում է հիմա՝ Ռուսաստանը երկրորդական կարգավիճակից բարձրանում է դեպի գլոբալ գերտերության կարգավիճակ, Չինաստանը հաստատվում է այդ կարգավիճակում, իսկ ԱՄՆ-ը, աշխարհի միաբևեռության փորձով հարստացած, գնում է դեպի առաջին երկուսի հետ հավասարակշռության ռեժիմ։

Եվ այս խառնաշփոթ վիճակից դեպի գլոբալ հավասարակշռություն տանող ճանապարհին կարևորագույն նշանակություն են ստանում երկու հանգամանք՝ 1․ Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի հաղթանակը և 2․ Այդ հանգամանքը հաշվի առնող և Թրամփի վարչակարգի կողմից ստեղծված ԱՄՆ-ի ազգային անվտանգության մարտավարությունը, որն էլ, ադեկվատորեն արտացոլելով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը, նաև ցույց է տալիս դրանից դուրս գալու ռացիոնալ լուծումների շարք։

Բայց այս գլոբալ բնույթի ընթացքը դեռ հեռու է իսկական ուժային բալանսից, այսինքն, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ