ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նրան թվում է, թե կարող է կյանքի կոչել «Ղարաբաղյան շարժում-Արևմտյան Ադրբեջան» փոխանակումը

Նրան թվում է, թե կարող է կյանքի կոչել «Ղարաբաղյան շարժում-Արևմտյան Ադրբեջան» փոխանակումը
12.12.2025 | 16:16

«Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անընդհատ Արևմտյան Ադրբեջան, ինչ-որ անհասկանալի տերմինաբանություն, հիմա պետք է հասկանալ, որը որի պատճառն է, որը պատճառ է և որը հետևանք է»,- Համբուրգում հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ասեմ, որ ասվածը նորություն չէր, չնայած, դրա վերաբերյալ արձագանքից կարելի էր հենց այդպիսի տպավորություն ստանալ: Նաև այնպիսի միտք չէր, որ Փաշինյանը չպետք է շրջանառեր: Հենց Փաշինյան Նիկոլը և ոչ թե Հայաստանի վարչապետը: Որովհետև առնվազն 2021 թվականից այս կողմ, ձևականորեն (ռուսերեն «формально» բառն ավելի ճիշտ է տալիս իմաստը) հանդիսանալով ՀՀ վարչապետ, վերջինս սպասարկում է օտար շահեր: Եվ տվյալ դեպքում՝ թշնամական Ադրբեջանինը՝ դրա անվանումը դնելով այդ պետության հետ խաղաղության հաստատում: Որովհետև նույնիսկ 80 տարի առաջ դաշնակիցների կողմից կապիտուլացված Ճապոնիան խաղաղության պայմանագիր չի կնքում Ռուսաստանի հետ, քանի որ պահանջում է վերադարձնել Կուրիլյան 4-5 փոքրիկ կղզի:

Ինչ մնում է Փաշինյանի կողմից «պատճառ - հետևանք» կապը չհասկանալուն, ապա դա շատ նման է հավի և ձվի առաջնայնության խնդրին: Չնայած վերջերս բրիտանացի (երևի բրիտանացի, քանի որ նման դեպքերում դրանց անունն է անընդհատ հոլովվում) գիտնականները եկել են այն համոզման, որ առաջնայինն, այնուամենայնիվ, ձուն էր: Հուսով եմ, որ թշնամական Ադրբեջանի հովանավոր բրիտանացիների փորձը կարող է օգտակար լինել վերջինիս համար այդ հարցը լուծելու ուղղությամբ: Բայց դա, իհարկե, չի լուծելու իր հիմնական՝ Ղարաբաղյան շարժումն ավարտվելու խնդիրը: Որովհետև, նախ, դա ինքը չի սկսել, որ հետո էլ ավարտեր: Եվ երկրորդ՝ ինքը չափազանց փոքր է, որպեսզի բացասականորեն ավարտի մի շարժում, որին մասնակից է եղել համարյա ողջ հայությունը: Ուրիշ հարց, որ, որպես լեգիտիմությունը վաղուց կորցրած ու այն բռնապետությամբ փոխարինած ղեկավար, ինքը փորձելու է առաջ տանել իր ազգակործան նախաձեռնությունը: Եվ երրորդ՝ ինքն այնքան միամիտ է, որ իրեն թվում է, թե կարող է կյանքի կոչել «Ղարաբաղյան շարժում-Արևմտյան Ադրբեջան» փոխանակումը:

Ի դեպ, վերջինիս այն թեզը, թե շարժման գոյությունը նշանակում է պատերազմի շարունակում, երևութական է՝ մոգոնված պարտության խորհրդանիշ անձի կողմից: Որովհետև պատերազմի պատճառը հենց իր ղեկավար մնալն է և ոչ թե շարժումը: Որպեսզի պատերազմը չվերսկսվի՝ դրա համար անհրաժեշտ է կա՛մ իր հրաժարականը, և կա՛մ էլ թշնամուն անընդհատ զիջումների գնալը: Բայց քանի որ նրա համար առաջնային է ոչ թե մեր ազգային շահը, այլ իր կարգավիճակը, ինքն ինքնակամ երբեք չի հրաժարվի վարչապետի պաշտոնից: Ու այդ պատճառով էլ անընդհատ թշնամուն զիջելու է հայության շահերը: Դրանց թվում, ասենք, Հայաստանն ադրբեջանցիներով լցնելու թշնամական պահանջը: Իրեն թվում է, թե դիմացինը քաղաքակիրթ ղեկավար է. այդպես էր, չէ՞, պատկերացնում նրան իր առաջին շփումների արդյունքում: Ու նա էլ, գնահատելով Ղարաբաղյան շարժումը փակելու «ասպետական» քայլը, ինքն էլ կհրաժարվի «արևմտյան ադրբեջան» կոչված ցնդաբանությունից: Երևի իրեն թվում է, թե արևմտյան երկրների ղեկավարությունը կաջակցի իրեն այդ հարցում: Բայց այդտեղ, ինչպես բոլոր մնացած հարցերում, ինքը սխալվում է: Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացնելու ջատագով բրիտանացիները թքած ունեն՝ այստեղ կլինի, թե ոչ Հայաստան պետություն: Իսկ մնացած եվրոպացիները մեկ-երկու հայտարարություն կանեն ու դրանով ավարտված կհամարեն հայերին «պաշտպանելու» իրենց առաքելությունը: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի հայաթափման դեպքում: Ասենք, նույն Մակրոնը կամ մեկ այլ Մակրոն, ով իրեն համարում է հայության բարեկամը, բայց բիզնես ծրագրեր է իրականացնում թշնամական Ադրբեջանի հետ:

Հ.Գ. Այնքան մեծ են այդ անձի վախերը, որ առանց որևէ պատճառի՝ զուտ արցախցիներին վախ ներշնչելու նպատակով հեռուներից քննչականին հրահանգել է «ասպատակել» Արցախի ներկայացուցչության շենքը: Ինչն էլ կատարվել է, սակայն ոչինչ չգտնելով, քանի որ չի եղել որևէ լուրջ փաստաթուղթ կամ այլ բան, ձեռնունայն հեռացել են:

Հ.Գ.2. «Խաղաղությունը հաստատված է, Ղարաբաղի հարցն էլ է լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է, Ադրբեջանի հարցն էլ է լուծված, Հայաստանի հարցն էլ է լուծված, տարածաշրջանի հարցն էլ է լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն էլ է լուծված, սահմանների սահմանազատման հարցն էլ է լուծված։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է այդ սադրանքներին չտրվել և սադրիչ խոսույթներ չորդեգրել»,– ասել է Փաշինյանը։

Իսկ մեզ մնում է հիշատակել դասական խոսքը՝ իյա, իրո՞ք, ու լուծել նրա պաշտոնավարման հարցը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 76

Մեկնաբանություններ