05-08․11․ 2021 հայտնվել եմ Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։
Անշարժ պառկած էի, բայց գիտակցությունս տեղը։ Հետո Նոր Կտակարանը կարդալուց քնեցի (այդ պահին առանց դեղամիջոցների) և ինձ տեսա մահճակալիս պառկած ու շա՜տ փոքր էի (մրջյունի չափ), սկզբում բարձրանում էի դեպի սենյակի առաստաղը, շարունակ բարձրանում էի, ինձ թվացել է կիլոմետրեր, որովհետև վերևից շատ-շատ փոքր էի երևում, բայց սենյակի առաստաղից դուրս չէի գնում, և շատ հանգիստ ու շատ թեթև էի ինձ զգում։ ՈՒզում էի էլ ավելի բարձրանալ ու մնալ այնտեղ, բայց հանկարծ սկսեցի ընկնել ու սրընթաց վերադարձա մաճակալիս և մխրճվեցի, անցա հատակով ու անընդհատ խորասուզվում էի դեպի գետնի խորքը՝ ինձ թվաց էլի կիլոմետրերով ու վախ զգացի, բայց դարձյալ չէի լքում վերակենդանացման բաժնի սենյակս։
Հետո կրկին հայտնվեցի մահճակալիս, աչքերս բացեցի, ագահ շնչեցի, քրտինքի մեջ կորած էի, ամբողջ մարմինս ջուր էր, ստիպված եղա բուքույրերի օգնությամբ ամբողջ հագինս փոխել։ ՈՒ այդ ըթացքում՝ թե՛ վերև բարձրանալիս, թե՛ ներքև իջնելիս ինձ հետ խոսում էին հրեշտակները, իսկ բարձրանալիս՝ հատկապես զոհված հարազատներս, ընկերներս, բայց ոչ մեկի դեմքը չեմ հիշում, չեմ հիշում ովքեր են եղել, բայց հստակ հիշում եմ, որ զոհված հարազատներս էին։ Մի պահ շա՜տ աղոտ հիշում եմ միայն Լազարին, բայց ոչ մի բան չեմ հիշում նրանից, ուղղակի տպավորություն է, որ Լազարին տեսել եմ։
Եվ հրեշտակներն ու հարազատներս այդ ընթացքում, որ ինձ համար ժամեր էր տևել, բացատրեցին, ասեցին, հորդորեցին, աչքերս բացեցին, գլխի գցեցին այն պարզագույնը, որն այդքան տարի շարունակ տեսել, բայց չտեսնելու եմ տվել, լսել, բայց չլսելու եմ տվել, հասկացել, բայց չհասկանալու եմ տվել, և վերջապես պայքարել եմ, բայց չեմ հավատացել հաղթանակին, երևի նրանից էր, որ մանանեխի չափ հավատք չունեի։
Նրանց խոսքը․
- Ձեր ժողովրդին տիրեց սատանան իր գայթակղություներով՝ ձեր իշխանավորները գերվեցին սատանայից, ի սկզբանե, իրենց մեջ բաժանեցին մարդու կողմից հորինված փառքի դափնիները, բարձր կոչումները, տիտղոսները, ունեցվածքը, հարստությունը, շատ շուտ մոռանալով, որ այդ հաղթանակը նրանց տրվեց ԱՍՏԾՈ Ողորմությամբ ու ձեր ժողովրդի խիզախ նահատակների կյանքերի գնով։
Այդքան տարի դուք մերժեցիք ՔՐԻՍՏՈՍԻՆ, ձեր ժողովրդի սրտերում տիրում էր նախանձը, ատելությունը, անժուժկալությունը, ագահությունը, անկշտությունը, բամբասանքը, աշխարհով մեկ գոռում էիք, որ առաջին Քրիստոնյա ազգն ենք, այն ինչ չե՛ք հետևել ՔՐԻՍՏՈՍԻ պատվիրաններին ու երես եք շրջել ՏԻՐՈՋԻՑ, արհամարհել ու անտեսել եք տկարներին, լկտի կյաքնով եք ապրել:
Այդ բառերը լսելիս այն կադրերն եմ տեսնում, որը մինչև հիվանդանոցում հայտնվելս իրականում տեսել եմ՝ Ստեփանակերտի բարձրունքում մեր տեղադրած Խաչի մոտ թափված օգտագործված պահպանակները, Դաշուշենի խաչի մոտ ծեծկռտուքը, աղբը, խառը կադրեր, երբ ամեն տարի հավաքում էինք մեր երկրի գրեթե բոլոր սրբավայրերում մեր իսկ ժողովրդի կողմից խոզի պես թափած աղբը: Եվ այդ կադրերը տեսնելուց հետո ասացին` այս է ձեր պատկերը, սրբապղծել եք ամեն ինչ ու այդքանից հետո զարմանում եք, թե ինչու եք կորցրել այդ սուրբ երկիրը, որովհետև մերժել եք ՔՐԻՍՏՈՍԻՆ, սերը, առաքինին, արժանապատիվը, բարին, մաքուրը, խոնարհությունը, ուժը։ Ձեր մեջ համարձակություն չեք ունեցել հրաժարվել սատանայից, նրա որոգայթներից՝ մարդկային փուչ տիտղոսներից, շվայտ ու ամբարիշտ կյանքից։
Ձեր իշխանավորները փոխանակ հավատքն առ ԱՍՏՎԱԾ ամրապնդեին ու երկնքում գանձեր դիզեին, այն երկնքում որտեղ ձեր Սրբերի գնդերն են, շնորհիվ որոնց բարեխոսության պետականություն ու անկախություն ունեցաք, սատանայի գայթակղությունից կուրացած երկրի վրա գանձեր դիզեցին, դրանով իսկ ձեր մեջ նախանձ, ատելություն, հպարտություն սերմանեցին ու պառակտեցին, գիշեր-ցերեկ գովել եք ինքներդ ձեզ, ձեր բանակին, երգեր ձոնել, աշխարհով մեկ արել, բայց բանակ չեք կառուցել ու չեք զինել, միասնություն չեք ունեցել, միմյանց չեք սիրել, իսկ անհավատ ժողովուրդը համարձակություն չունեցավ կանգնելու, պայքարելու և կանգնեցնելու, որովհետև ազգովի մրցավազքի մեջ եք հայտնվել, թե ով ավելի շատ գանձեր կկուտակի երկրի վրա և ուրացել եք ՔՐԻՍՏՈՍԻՆ։
Բայց ձեր ժողովուրդը բազմաթիվ աստվածավախ ու խիզախ զավակներ ծնեց, դրա համար էլ դեռ կաք։
Այդքան տարի է, և որն ամենից ահավորն է, առ այսօր ապրում եք առանց ՔՐԻՍՏՈՍԻ, ձեր մեջ չկա սեր, խոնարհություն, ուժ և ամեն վարկյան գլորվում եք անդունդը` ռիսկի տակ դնելով կորցնելու եղածն էլ՝ հույսներդ դնելով աշխարհի մեղսագործների վրա, սատանայապաշտ ուժերի խղճահարության ու ողորմության վրա, այս կամ այն ազգի վրա, փոխանակ հիմնվեք ՔՐԻՍՏՈՍԻ Ողորմության և ձեր իմաստության վրա։
Հետո ինձ ասացին․
-Ոչ մի բան պատահական չի լինում (ու այդ ասելու պահին կադրեր եմ տեսնում 2014, 2016, 2020 թթ․ մարտական գործողություներին իմ մասնակցելու և ողջ մնալուս պատկերներով):
Մի՛ վախեցեք, խիզախություն և իմաստություն ունեցե՛ք, վե՛րջ տվեք ձեր անհավատ կյանքին, շրջվե՛ք դեպի ՔՐԻՍՏՈՍԸ՝ ձեր փրկությանը, հրաժարվե՛ք սատանայի գայթակղություններից, ապաշխարեցե՛ք, դարձի՛ եկեք, փրկվե՛ք և փրկե՛ք ձեր երկիրը, այն երկիրը, որ ՏԷՐՆ է ձեզ շնորհել․․․
Դրանից հետո 3 օր անընդմեջ վերակենդանացման սենյակում անընդհատ լսում էի 3 բառ՝ Սեր, խոնարհություն, ուժ, որոնք ես հասկանում եմ հետևյալ կերպ՝
սեր՝ Քրիստոս,
խոնարհություն՝ իմաստություն,
ուժ՝ միասնություն։
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ