Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Բանակցություններ՝ արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտի առկայությամբ

Բանակցություններ՝ արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտի առկայությամբ
14.12.2025 | 13:02

Վերջին շրջանում շրջանառվում է մի թեզ, ըստ որի՝ արցախահայության վերադարձը Արցախ «անիրատեսական գերնպատակ» է։ Այդ պնդումը հաճախ ուղեկցվում է Ադրբեջանի նախագահին վերագրվող հայտարարությամբ, թե արցախահայերը կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնալ՝ ապրելով նրա իշխանության ներքո։

Այս տրամաբանության շարունակությամբ հանրային դաշտում առաջ է քաշվում պարզեցված, բայց էությամբ սխալ հարցադրումը՝ «կգնա՞ք»։

Այս հարցը միտումնավոր շրջանցում է հիմնարար խնդիրը՝ ինչի շուրջ, ում հետ և ինչ պայմաններով է խոսվում վերադարձի մասին։

Ալիևը որևէ բանակցային գործընթաց չի վարում․ նա հանդես է գալիս բացառապես միակողմանի հայտարարություններով՝ բացառելով իրավահավասար երկխոսության հնարավորությունը։ Մինչդեռ վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն բանակցությունների շրջանակում, որտեղ գոյություն ունի արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև միջազգային զսպման ու երաշխավորման մեխանիզմներ։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «առաջարկ» չի կարող դիտարկվել որպես լուծում․ այն պարտադրանք է։

Արցախ վերադարձի իրավունքը անիրատեսական ծրագիր չէ․ այն հիմնարար, միջազգային իրավունքով ճանաչված իրավունք է։ Այն «անիրատեսական», իսկ երբեմն նույնիսկ «վտանգ» է ներկայացվում միայն այն պարագայում, երբ բացակայում է քաղաքական կամքը այդ իրավունքը պաշտպանելու և դրա իրացման համար պայքարելու ուղղությամբ։

Հետևաբար «կգնա՞ք» հարցը կեղծ է իր բնույթով։ Իրական և քաղաքականապես բովանդակային հարցը հետևյալն է՝ կլինե՞ն արդյոք բանակցություններ, որոնց շրջանակում արցախահայությունը կդիտարկվի որպես իրավունքների կրող կողմ, այլ ոչ թե լռեցված և որոշումների ենթակա օբյեկտ։ Քանի դեռ այս հարցը չի դրվում օրակարգ, «անիրատեսականության» կամ «վտանգի» մասին խոսույթը ծառայում է միայն մեկ նպատակի՝ արդարացնել սեփական անգործությունը և օրինականացնել բռնի տեղահանումը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 216

Մեկնաբանություններ