«Առաջարկում եմ Ադրբեջանին ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ զուգահեռաբար փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները»,- ասում է Արևմտյան Ադրբեջանի ժողվարչապետը մեզ և Արևելյան Ադրբեջանի նախագահին:
Եվ ոչ մեկի, մեղմ ասած, պետքն էլ չէ այս յուրահատուկ հայտարարությունից բխող վտանգը, ինչպես ոչ մեկի պետքն էլ չէր 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահան, երբ բոլորն ասում էին, թե ոչ մի էական, կարևոր բան չկա:
Իրականում Պրահայի ստորագրությունը հանգեցրեց Արցախի հանձնմանն ու հայաթափմանը, իսկ սույն հայտարարությամբ ժողվարչապետը, նախ, ընդնունում է Արևմտյան Ադրբեջանի գոյության փաստը (եթե չընդուներ, փոխանակման առարկա չէր լինի), որը գոյություն չունի համաշխարհային պատմագրության և քաղաքականության մեջ՝ այն ընդամենը մի քանի տասնյակ տարիների նարատիվ է, պատմության կեղծարարության արդյունք, երկրորդ՝ օրենքի ուժ է հաղորդում արցախահայերի հայրենազրկմանը: Այսինքն, աշխարհը գիտեր, որ կար Արցախ, կար արցախահայություն, որն ապրել էր այնտեղ հազարավոր տարիներ, և ահա Հայաստանի ղեկավարությունը փոխանակում է օբյեկտիվ պատմական իրականությունը ինչ-որ անհայտ, կեղծ նարատիվի հետ:
Երրորդ՝ սույն առաջարկով ժողվարչապետը ստեղծում է Արևմտյան Ադրբեջանի հիմքերը. արցախահայերը չեն վերադառնա իրենց տուն, փոխարենը ադրբեջանցիք կգան Հայաստան զինուժի պաշտպանության երաշխիքով, իսկ հայերը կլքեն իրենց բնակավայրերը, քանզի դրանց հետ համակեցությունն անհնար է, և արդյունքում կունենաք Արևմտյան Ադրբեջան:
Հիմա, որքանո՞վ է օրինական ժողվարչապետի առաջարկը:
Կարծում եմ՝ գործ ունենք օրենքի և բարոյականության բռնաբարության հետ:
Լավ, ո՞նց կարող է մեկը 120 հազար մարդու ունեցվածքը սրբավայրերը, սրբությունները, Հայրենիքը փոխանակել ինչ-որ մի բանի հետ, ընդ որում արդեն էական չէ, այդ ինչ-որ բանը կա օբյեկտիվ իրականության մեջ, թե ոչ: Արցախահայերի կարծիքը մեկը հարցրե՞լ է: Իսկ հայաստանցիների՞նը:
Մեկը հետաքրքրվե՞լ է նրանցից՝ համաձա՞յն են նրանք կես միլիոն թուրք ընդունել:
Ինչևէ, Նոր Հայաստանի քաղաքական ղեկավարության ծրագիրը հետևյալն է. լիկվիդացնել Հայաստանի Հանրեպտությունը և ստեղծել նորը՝ Չորրորդ Հանրեպտություն, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արևմտյան Ադրբեջան՝ ադրբեջանցիներով բնակեցված, արտագաղթող հայ բնակչությամբ, Ալիև էֆենդու կողմից նշանակված ժողվարչապետով: Այս ծրագրին հայ ժողովուրդը 70 տոկոս ձայն կտա հունիսին կայանալիք ընտրություններում: Եթե ոչ, Արևմուտքը ընտրությունները կեղծված կհամարի և կչեղարկի արդյունքները՝ Ռումինիայի նախադեպով: Բայց, կարծում եմ, գործը դրան չի հասնի: Արևմուտքի կարծիքը սրբազան է Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի համար, հետևաբար, ընտրությունների արդյունքները վիճարկելու կարիք չի լինի:
Մի խոսքով, ավանսով կարող ենք ողորմի տալ Հայաստանին, իսկ հայաստանցիներին մաղթել երջանիկ կյանք նոր հայրենիքներում:
Ամե՜ն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ