Եվրամիության ստեղծումը հենց սկզբից անհնարին կլիներ, եթե դա անմիջականորեն չբխեր ԱՄՆ-ի շահերից: Եվրոպայի՝ իր գերիշխանության տակ գտնվող կտորի կառավարումը ավելի հեշտ ու էֆեկտիվ դարձնելու համար նրան ձեռնտու էր գործ ունենալ ոչ թե առանձին-առանձին պետությունների, այլ բոլորին միավորող ինչ-որ տեսակի կենտրոնի հետ։
Դրանից բացի, քանի որ երկրորդ աշխարհամարտի կարևորագույն արդյունքներից մեկն էլ ԽՍՀՄ-ի գերտերություն դառնալն էր, որն աննախադեպ էր եվրոպակենտրոն և, հետո էլ, արևմտակենտրոն աշխարհի համար, ապա նրան հակակշիռ ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերը բերեցին ՆԱՏՕ-ի ստեղծմանը և նախադրյալների մշակմանը՝ նպատակ ունենալով եվրոպական երկրները միավորել մի միության մեջ։
ԵՄ-ը սկզբնապես, դեռևս սաղմնային ձևով, ստեղծվել է 1951 թվականին ԱՄՆ աջակցությամբ՝ որպես ածխի և պողպատի Եվրոպական միավորում։
Անկախ այն բանից, որ եվրոպական երկրներն ունեին բազմաթիվ ներքին հակասություններ, ԱՄՆ-ի ճնշումը և ընդհանուր շուկայի ու ընդհանուր տարադրամի բերած անվիճելի առավելությունները 1993-ին կյանք տվեցին ԵՄ-ին, մանավանդ, որ նրա անվտանգության հարցերը ԱՄՆ-ը վերցրել էր իր վրա, իսկ Ռուսաստանից էլ ստանում էր էժան էներգակիրներ, պարարտանյութեր և այլն։
Բայց այդ ամենը մի օր վերջ պետք է ունենար, քանի որ կային դրան նպաստող շատ լուրջ գործոններ և, առաջին հերթին, ԵՄ-ի տնտեսական մրցակցությունը ԱՄՆ-ի հետ և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ի դեպի արևելք շարժվելը, որն էլ, ի վերջո, բերեց ուկրաինական պատերազմին։
Վերջինս էլ, ժամանակակիցների աչքերի առաջ դառնում է մարդկության պատմության մեջ շրջադարձային կետ՝ արագացնելով անցումը միաբևեռ ուժային աշխարհից դեպի բազմաբևեռ և դարձյալ ուժային աշխարհ։
Այդ անցումն էլ պայմանավորված էր երկու հզոր գործոններով՝ Արևելքի, ի դեմս ԽՍՀՄ-ի, անկումից հետո վերածնված Ռուսաստանի ու Չինաստանի ուժեղացումով և Արևմուտքի ու, հատկապես, լիբերալ դեմոկրատիայի ծայրահեղությունների բավիղներում մոլորված ԵՄ-ի թուլացումով։
Ուկրաինական միջնորդավորված պատերազմն էլ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, որի սկսելը նպատակ ուներ օգտագործելով Ուկրաինային որպես հարմար պլացդարմ՝ ծնկի բերել Ռուսաստանին և դրանով իսկ լուրջ նախադրյալներ ստեղծել Չինաստանի դեմ հետագա պայքարի համար, փաստորեն դարձավ վերը նշված դեպի բազմաբևեռությունը անցումն արագացնող լուրջ գործոն։
Այս պայմաններում Ռուսաստանի վճռական գործողություններով դեպի հաղթանակ գնալը և Թրամփի իշխանության գալը կտրուկ կերպով փոխեցին ուժերի դասավորությունն աշխարհում։
Համոզվելով, որ աշխարհի ուժային բազմաբևեռությունը անխուսափելի փաստ է, և ուկրաինական պատերազմում պարտվելը ծանր հետևանքներ կունենա, Թրամփը խոհեմորեն 180 աստիճանի շրջադարձ կատարեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, որը հնարավորություն տվեց նրան, Ուկրաինային ու ԵՄ-ին դարձնելով քավության նոխազներ ու պատերազմի ծանրությունը դնելով նրանց վրա, դառնալ աշխարհը դեպի խաղաղություն տանող կողմնակի դիտորդ։
Դրանից բացի, գլոբալ հակամարտության հետ կապված ճգնաժամի լուծումը նա տեսավ Ռուսաստանի ու Չինաստանի հետ ուժային բալանսի գալով և աշխարհն իրենց մեջ ազդեցության զոնաների բաժանելով։
Հայտնվելով անելանելի վիճակների մեջ՝ ԵՄ-ը և Ուկրաինան ավելի նպատակահարմար են համարում պատերազմը շարունակելը, որը հակառակ է ԱՄՆ-ի շահերին, բայց և ձեռնտու է դեռևս իր բոլոր նպատակներին չհասած Ռուսաստանին։
Այս և այլ հանգամանքներ անխուսափելիորեն սկզբունքային բնույթի հակասություններ ծնեցին ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ուկրաինական վերնախավի կոռուպցիոն խայտառակ գործունեությունն էլ յուղ ավելացրեց կրակի վրա։
Այս պայմաններում բնական ձևով առաջ է գալիս ԵՄ-ի հետագա կայունության խնդիրը, քանի որ այն միշտ հիմնված է եղել ԱՄՆ-ի հետ շահերի միասնության վրա, և եթե ԱՄՆ-ի միավորող գործոնը այլևս չլինի, անխուսափելիորեն գլուխ կբարձրացնեն ԵՄ-ի երկրների ներքին հակասություններն ու, երբեմն էլ, շատ բարդ պահանջները մեկը մյուսի նկատմամբ։
Այս հանգամանքը թույլ կտա Ռուսաստանին հասնել դեռևս ամենայն թափով ընթացող պատերազմի հիմնական նպատակներին, ներառյալ՝ Օդեսայի գրավումը, և բացառված չէ, որ իրենց տերիտորիալ պահանջներով հանդես գան նաև Ուկրաինայի արևմտյան հարևանները ևս։
Իսկ Ուկրաինային բոլորն էլ շատ արագ կմոռանան, քանի որ նրանից սպասելիքները քանի գնում, փոքրանում են և, միաժամանակ, նա ավելի ու ավելի է դառնում գլխացավանք։
Պավել Բարսեղյան