Դու պետք է օգնես, որ կատարվի ուրիշների փրկության գործը: Թույլ մի՛ տուր, որ թեկուզ մի օր անցնի առանց սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին.
լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն:
ՈՒրախությամբ լցվիր:
ՈՒրախությունը փրկո՛ւմ է: Ուրախությունը բժշկո՛ւմ է: ՈՒրա՛խ եղիր Իմ ներկայությամբ: ՈՒրախություն կա արևի ամե՛ն մի ճառագայթի մեջ: Դու էլ ուրախություն դիր քո յուրաքանչյո՛ւր ժպիտի, կատարած ամե՛ն մի բարի գործի, սիրալի՛ր վարմունքի և անգամ ամենաաննշա՛ն ծառայության մեջ:
Այնպե՛ս արա, որ ամեն օր կարողանաս բարձրացնել մի ուրիշ հոգի` մեղքի, հիվանդության ու երկմտության ծովից, որի մեջ հայտնվել է մարդը: Ես այսօր էլ քայլում եմ լճի եզերքով ու կանչում Իմ աշակերտներին, որ հետևեն Ինձ ու մարդկանց որսորդ դառնան:
Օգնող ձեռքի կարիքը միշտ կա, որ անօգնականին բարձրացնի՛ ու մղի՛ նրան քաջության, պայքարի, հավատքի ու առողջության: Սիրի՛ր ու խնդա՛: Սերն ու ուրախությունը հենասյունե՛րն են հավատքի, արիությա՛ն ու հաջողությա՛ն: Անդադա՛ր վստահիր, անդադա՛ր սիրիր և անդադա՛ր ուրախ եղիր:
Թո’ղ, հրաժարվի՛ր ընկճվելուց. անտեսի՛ր վերելքի բոլոր արգելքները: Սիրի՛ր ու խնդա՛: Ես քե՛զ հետ եմ: Ես քեզ զորավի՛գ կլինեմ: Իսկ դու կարող ես թեթևացած շուռ գալ և օգնել մե՛կ ուրիշին, որ կքել է իր բեռների ծանրությունից:
Քանի՞ հոգու բեռ կկարողանաս թեթևացնել այս տարի: Քանի՞ սիրտ կկարողանաս զվարթացնել: Քանի՞ մարդու կկարողանաս իրապես օգնել: Չմոռանաս, որ տալով ես մեծապես շահում. «Տվե՛ք, և պիտի տրվի՛ ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առատ չափով` թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»: Այսպես եմ ասել Ես` ձեր Տերը: