Զանգահարեք Ֆինանսական համակարգի հաշտարար/Financial System Mediator-ին և Ձեզ կպատասխանի... Գազի վթարային ծառայությունը (104):
Տարօրինակ պետություն է Նոր Հայաստանը: Այստեղ ամեն ինչն է տարօրինակ, նույնիսկ` ավտովթարը:
Ուրեմն, ավտովթար է: Դեպքի վայր են ժամանում ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armenia-ի պարեկները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում` ընդհանուր համաձայնության առկայությամբ, հայտնաբերվում են մեղավոր և տուժող կողմերը, փաստաթղթավորում է իրականացվում: Մի քանի օր անց ԻՆԳՈ-ն տուժողին հայտնում է փոխհատուցվող գումարի չափը: Դրանից հետո, մի քանի օր անց, պարզվում է, որ մեղավոր կողմը վճարովի փորձաքննություն է «պատվիրել», որի արդյունքում մեղավոր է ճանաչվել տուժող կողմը: Հետաքրքիրն այն է, որ «վճարովի փորձաքննության» արդյունքում կայացված որոշումն այլևս հնարավոր չէ բողոքարկել վերադասության կարգով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, միայն` դատարան: Ընդ որում, «վճարովի փորձաքննությունն» իրականացնում են ապահովագրական ընկերության կամ վերջինիս հետ փոխկապակցված փորձագետները: Ստացվում է` ցանկացած ավտովթարի դեպքում կարելի է «վճարովի փորձաքննություն» պատվիրել և «ճիշտ» դուրս գալ: Ու թքած պարեկների դիրքորոշման և նախկինում կայացված որոշումների վրա, քանզի «վճարովի փորձաքննությունը» դե յուրե գրեթե անբողոքարկելի է:
Բացի դրանից` դե ֆակտո անբողոքարկելի են նաև ապահովագրական ընկերության և Ֆինանսական համակարգի հաշտարարի աշխատակիցների գործողությունները: Վերջիններս հիմնականում չեն պատասխանում զանգերին: Ժամերով, օրերով չեն պատասխանում: Իսկ, եթե պատահաբար, օրինակ` Հաշտարարի գրասենյակից, պատասխանեն, ապա մեծ է հավանականությունը, որ զանգը վերահասցեագրվի ... Գազի վթարային ծառայություն (104): Հենց այսօր այդպես եղավ: Հաշտարարի գրասենյակից պարզաբանեցին, որ նման դեպքերը չեն բացառվում, քանզի գրասենյակի ներքին հեռախոսահամարներից մեկը 104 է:
Մտածում եմ. ավտովթարի դեպքում, տհաճ և անհասկանալի երևույթներից խուսափելու համար կարելի է միանգամից Գազի վթարային ծառայություն դիմել: Կարծում եմ` Նոր Հայաստանում դա տրամաբանական է:
Կարեն Հեքիմյան