Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ոչ թե բարենորոգում, այլ՝ ինստիտուցիոնալ քանդում ու պառակտում

Ոչ թե բարենորոգում, այլ՝ ինստիտուցիոնալ քանդում ու պառակտում
10.01.2026 | 14:15

Մի պահ պատկերացրեք իրավիճակ, երբ ծնողներն ուզում են կնքել իրենց զավակներին, զույգերն ուզում են պսակադրվել եկեղեցում, մարդը՝ կյանքի ծանր պահին, ուզում է խորհուրդ ու պատգամ առնել, զինվորն ուզում է կիսվել իր մտքով ու կարոտով, հարազատները՝ հուղարկավորել իրենց հանգուցյալ հարազատին:

Այս բոլոր դեպքերում միջնորդը մեկն է՝ հայ հոգևորականը։ Նա է կնքողը, պսակադրողը, խորհուրդ տվողը, լսողը, մխիթարողն ու հուղարկավորության արարողություն կատարողը։ Նա է այն ինստիտուցիոնալ կամուրջը, ով կապում է մարդուն, ընտանիքը, զույգը, բանակը, հասարակությունը և հավատքը՝ մեկ ամբողջության մեջ։

Հիմա պատկերացրեք, որ այդ հարաբերության մեջ գիտակցաբար մտցվում է կասկածը։ Կասկած՝ արդյո՞ք հոգևորականը մաքուր է, իրական է, դավաճան չէ: Երկմտանք՝ արդյո՞ք նա իրական հավատացյալ է։

Անվստահություն՝ արդյո՞ք նա Մայր Աթոռի հետ է, Վեհափառի՞ն է հավատարիմ, թե հայտնվել է իշխանականների սնուցման որևէ «նոր առաջնորդի» հետևորդների շարքում։

Եվ այստեղ է, որ սկսվում է ոչ թե բարենորոգումը, այլ՝ ինստիտուցիոնալ քանդումն ու պառակտումը: Սա պարզ, բայց անխուսափելի շղթա է՝ կասկած-երկմտանք-անվստահություն-արժեզրկում-դավաճանության նորմալացում-նյութապաշտություն՝ աստվածապաշտության փոխարեն։

Սա պատահական գործընթաց չէ։ Սա մեթոդ է։ Սոցիալ-հոգեբանական դանդաղ գործարկման ռումբ, որը չի պայթում մեկ օրում, այլ օր-օրի սնվում է խոսույթով, ակնարկներով, թիրախավորումներով և ընտրովի «բացահայտումներով»։

Քանդումը անվանվում է «բարենորոգում», հեղինակության ոչնչացումը ներկայացվում է որպես «մաքրում»։ Կիսաճշմարտությունն ու սուտը հռչակվում են «փաստ» ու «իրողություն»։ Ու երբ հասարակությունը հայտնվում է լիակատար պառակտվածության մեջ, սոցիալական հոգեբանությունը մնացածը կատարում է ինքնուրույն․ սուտը դառնում է ճիշտ, հերյուրանքը՝ փաստ, իսկ հաստատուն ու ժամանակով ապացուցվածը՝ կեղծիք։

Սա անառարկելի երևույթ է, և եթե իշխանությունը չի կարողանում ենթարկել ինստիտուտը իրեն, այն սկսում է ոչնչացնել դրա նկատմամբ վստահությունը, շեշտում եմ՝ վստահությունը:

Կասկած չկա այլևս, որ իշխանության իրական մոտիվը եկեղեցու «բարենորոգումը» չէ։ Նրա իրական նպատակը եկեղեցու՝ որպես ինստիտուցիոնալ հակակշռի, կազմաքանդումն է։ Ոչ թե հավատքի մաքրումը, այլ՝ հեղինակության արժեզրկումը։ Ոչ թե բարոյական առողջացումը, այլ՝ վերահսկողության հաստատումը։

Պառակտված եկեղեցին այլևս չի կարող լինել հասարակության հավաքական բարոյական հենասյուն։

Արժեզրկված հոգևորականը չի կարող լինել զինվորի վստահելի զրուցակից։

Կասկածի տակ դրված Մայր Աթոռը չի կարող հակակշիռ լինել իշխանության կամայականությանը։

Սա է իրական ծրագիրը։ Եվ հենց դրա համար է, որ այն փաթեթավորվում է «բարենորոգման» բառապաշարով։

Ոչ թե Աստծո տան համար, այլ՝ իշխանության պահպանման։

Ոչ թե հավատքի համար, այլ՝ կառավարման։

Այդ ամենի ապացույցը ոչ թե այն հանգամանքն է ,որ երեկ գիշերվանից մենք դիտարկում ենք Մայր Աթոռին դավաճանած առանձնյակ քահանաների և Մայր Աթոռին իրենց հավատարմությունը հայտնողների շքերթ՝ լավ առումով, այլ մեկ այլ հանգամանք: Մարդիկ Մայր Աթոռին դավաճանող հոգևորականներից երես են թեքում, հրաժարվում և ափսոսում, որ նրանք են եղել իրենց հոգևոր ուղեկիցը: Արդյունքում՝ անհավատություն, անվստահություն, կասկած, ինստիտուցիոնալ ամրության խաթարում ինստիտուտի նկատմամբ, և սա է իրական մոտիվը:

Այս տրամաբանությունը վիճարկելի չէ, որովհետև այն կառուցված է պատճառահետևանքային կապերի վրա, ոչ թե՝ հուզական պնդումների։ Եվ հենց այստեղ է մտքի համոզիչ ուժը․ սա կարծիք չէ, սա ախտորոշում է։

Սա վերափոխում չէ։ Սա պառակտում է։

Սա բարենորոգում չէ։ Սա քանդում է՝ հալածման միջոցով:

P.S. Զարմանալի չէ, որ սպիտակ բնաջնջման այս լաբորատոր փորձարկումը արվում է հենց հայ ժողովրդի նկատմամբ: Դուք կասեք ու կդժգոհեք մեր ժողովրդից, թե ինչպես կարող է այս ամենը հանդուրժել, լինել անտարբեր և լոյալ: Ես կասեմ, որ չկա մեկ այլ ժողովուրդ այսքան պինդ, այսքան ձիգ, այսքան համբերատար ու իմաստուն, որն այսպես կդիմադրեր այս ահռելի ու տիտանական լաբորատոր փորձարկմանն ու չէր կոտրվի: Չկա մեկ այլ ժողովուրդ, որն ի զորու է ձախողել ու տապալել իր դեմ կիրառվող այսքան ահռելի ու դաժան սպիտակ բնաջնջման և ձևափոխման փորձարկումը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ