Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, թե Կուբա այլևս ո՛չ նավթ կհասնի, ո՛չ էլ փող: «Ոչ ոք մեզ չի թելադրում՝ ինչ անել: Կուբան ագրեսիա չի իրականացնում: Միացյալ Նահանգները 66 տարի շարունակ հարձակվում է մեր երկրի վրա, իսկ նա պատրաստ է պաշտպանել Հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը»,- շեշտել է Կուբայի նախագահը:               
 

Թրամփը ցույց է տալիս, որ թքած ունի թղթի վրա գեղեցիկ շարադրված տեքստերի վրա

Թրամփը ցույց է տալիս, որ թքած ունի թղթի վրա գեղեցիկ շարադրված տեքստերի վրա
12.01.2026 | 14:10

Անցնող օրերի համաշխարհային գործընթացների առանցքում, ինչ խոսք, ԱՄՆ-ի նախագահն էր և նրա կողմից հնչեցված ամենատարբեր հայտարարությունների ու իրականացված գործողությունների շուրջ ձևավորված մեկնաբանությունները։ Ոմանք նշում են, թե դա անընդունելի է, մյուսները՝ ընդհակառակը, ընդգծում են, որ Թրամփի գործողությունները տրամաբանական են ու հոդաբաշխ։

Այս երկու հակադիր բևեռների միջև մի բան ակնհայտ է․ այն, ինչ այսօր իրականացնում է Դոնալդ Ֆրեդովիչը, բնավ նորություն չէ։ Դա այն քաղաքականությունն է, որն իրականացվել է ԱՄՆ-ի հիմնադրումից սկսած՝ օկուպացնել, սեփական քաղաքական ճաշակին հարմարեցնել ամեն ինչ։ Եկեք չմոռանանք, թե Ամերիկա մայրցամաքում ապրող հնդկացիների հետ ինչպես էին վարվում, ինչպես էին մարդկանց մանիպուլացնում, խլում նրանց նավթահորերը, ամեն ինչ անում, որպեսզի տվյալ տարածքները դառնան պետության սեփականությունը՝ դիմելով ամենաստոր ու խարդախ ծուղակների, սադրանքների և մախինացիաների։

Մի կարևոր դրվագ․ 1846-48 թվականների պատերազմի ժամանակ Մեքսիկայից բռնազավթվեց (Սանտա Աննայի ականջը խուլ) Կալիֆորնիան, Նևադան, Յուտան, Արիզոնան, Նյու Մեքսիկոն, որոնք հռչակվեցին ԱՄՆ-ի անբաժանելի մաս։ Մեքսիկան կորցրեց նաև տարածքներ, որոնք հետագայում ներառվեցին Կոլորադո և Վայոմինգ նահանգների կազմի մեջ։ Այդ շրջանում ԱՄՆ-ը «սեփականաշնորհեց» ընդհանուր առմամբ շուրջ 2,3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ինչը կազմում էր երկրի գրեթե կեսը։

Ըստ էության՝ այսօր Թրամփը չի շեղվում ԱՄՆ-ի զավթողական գծից, ընդհակառակը՝ այն ավելի է ուժեղացնում՝ կառուցելով «ամրոց-պետություն»։ Սա տեղավորվում է ամերիկյան պետական տրամաբանության մեջ, քանի որ բազմաթիվ ներքին խնդիրները, որոնք այսօր առկա են ԱՄՆ-ի ներքին կյանքում, նրան ստիպում են հանրությանը ցույց տալ, թե ինքը հզոր է և զբաղվում է աշխարհաքաղաքական հարցերով։ Իսկ ներքին խնդիրները, որոնք, հավատացեք, քիչ չեն, Թրամփի կողմից արհեստականորեն մղվում են երկրորդ պլան։

Ամերիկյան միջին խավը, որը երկար ժամանակ ներկայացվում էր որպես համակարգի հենասյուն, փաստացի քայքայվում է՝ իր տեղը զիջելով վարկերով ապրող և բանկային համակարգից ամբողջապես կախված զանգվածին։ Բնակարանային հարցը վաղուց վերածվել է սոցիալական ճնշման լծակի․ մարդիկ ճկռում են միլիոնավոր հիպոթեքների ու վարձով բնակարաններում ապրելու բեռի տակ, իսկ բանկերը, փաստացի, կլանել են հասարակությանը՝ այն վերածելով իրենց ձեռքի խաղալիքի։

Պետությունը, որն իրեն ներկայացնում է որպես համաշխարհային անվտանգության երաշխավոր, անկարող է պաշտպանել սեփական քաղաքացիներին անգամ դպրոցներում և հասարակական վայրերում։ Զենքի ազատ շրջանառությունը, զանգվածային սպանությունների պարբերականությունը և իշխանությունների անգործությունը բացահայտ հակասում են «հզոր պետության» մասին քարոզվող միֆին։

Այս համատեքստում պատահական չէ նաև միգրացիոն թեմայի սրումը։ Միգրացիան Թրամփի համար ոչ միայն քաղաքական օրակարգի հարց է, այլև իշխանության լեգիտիմացման և ներքին վախերի մոբիլիզացիայի գործիք։ «Մերոնք-օտարները» բաժանարար գիծը դառնում է ներքին լարվածությունը արտաքին թշնամու վրա տեղափոխելու միջոց։

Թրամփի մոտ, թերևս, որոշակի առումով նկատվում են նաև ֆաշիստական դրսևորումներ՝ «ամեն ինչ՝ հանուն պետության» տրամաբանության շրջանակում։ Հիմա կասեք՝ ծայրահեղական բան եմ ասում․ օրինակ՝ կասկած չունեմ, որ մի օր հնարավոր է զարթնենք ու տեսնենք, որ ՄԱԿ-ը, որպես հիմնարկ, այլևս գոյություն չունի, քանի որ բոլորս գիտենք, թե այդ աշխատակազմը ում հաշվին է ֆինանսավորվում։ Թրամփը ցույց է տալիս, որ ինքը թքած ունի միջազգային իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության, սուվերենության և մյուս՝ թղթի վրա գեղեցիկ շարադրված տեքստերի վրա, և ամեն ինչ անում է բացառապես իր պետության շահերի տիրույթում։

Հ.Գ. Հիմա, յարաբ, մարդիկ հասկանո՞ւմ են, թե իրականում ինչ խնդիր էր լուծում Սովետը և ինչ կարգի բալանս էր կարողանում ապահովել, չեմ վախենա ասել՝ մոլորակային մակարդակի բալանս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 173

Մեկնաբանություններ