Տնեցիները հիվանդ են բերում հոգեբուժարան:
- Բժիշկ, մեր հիվանդին չե՞ք ընդունի, հոգիներս կերավ:
- Չէ՛, չեմ կարող, ազատ տեղ չկա:
- Բա ի՞նչ անենք, քուն ու հանգիստ չունենք դրա ձեռին:
- Հիմա կասեմ: Տանը նոութբուք, համակարգիչ, անդրոիդ հեռախոս ունե՞ք:
- Հա, իհարկե:
- Դեհ, ուրեմն այսպես: Ֆեյսբուքում մի էջ եք բացում իր համար, օր ու գիշեր այնտեղ էլ կմնա, ուրիշների հոգիները կուտի, նյարդները կփորփրի, ձեզ էլ հանգիստ կթողնի:
- Վա՜յ, բժիշկ ջան, բա որ բլոկ անե՞ն:
- Էհ, էդ խնդիր չէ, «Վկոնտակտ» կտեղափոխեք, որ այնտեղ էլ համը հանի, «Օդնոկլասնիկ», ու մինչ էնտեղ էլ փակեն, նոր Ֆեյսբուքում տեղը կբացվի:
- Բա որ ինտերնետը անջատե՞ն, բժիշկ:
- Մոբիլ ինտերնետ կա, չէ՞: Մի քանի, տարբեր օպերատորների էլ ՍԻՄ-քարտեր կպահեք, ինչպես ասում են՝ «նա վսյակի»:
- Բժիշկ ջան, բա որ հոսանքը անջատե՞ն:
- Լսեք, ես բժիշկ եմ, ձեզ համար ԱյԹի համակարգչային ադմինիստրատոր չեմ, ոչ էլ էլեկտրիկ: Հոսանքն էլ որ անջատեն, ա՛յ մարդ, դուք էլ վաղօրոք բենզինով գեներատոր պահեք:
- Է՜, եսի՞մ, բժիշկ ջան, վախենում ենք էդքանը գլուխ չբերենք: Ասա՝ ի՞նչ անենք, քեզ ղուրբան, ի՞նչ լավություն քեզ համար անենք, որ մեր էս հիվանդին ձեր մոտ պահես:
Բժշկի աչքերը այստեղ փայլում են:
- Շա՜տ-շատ դժվար բան եք խնդրում, բայց կփոձեմ ձեզ օգնել: Անձամբ ինձ ոչինչ պետք չի: Վաղը մի տեղ է ազատվում, որ հիվանդանոցի համար մի 15 կիլովատ դիզել գեներատոր բերեք, ձեր հարցերն էլ կլուծենք:
- Ա՛յ բժիշկ ջան, բերելը՝ կբերենք, բայց էդ գեներատորը ինչի՞ համար է:
- Ո՞նց թե ինչի, որ հոսանքը մեր անջատեն, ինտերնետը կտրվի, էդ 200 հիվանդին ո՞նց ենք պահելու, բոլորը կփախնեն:
- Ձերոնց էլ եք Ֆեյսբուքում պահու՞մ:
- Իսկ կարծում եք նախկինի պես ձեռներն ու ոտերը կապու՞մ ենք: Իհարկե, բա ովքե՞ր են մարդկանց նյարդերի վրա խաղում սոցցանցերում, մերոնք են, չէ՞,- հպարտանում է բժիշկը:- Մինչ մարդկանց հոգիները սոցցանցերում ուտում են, հա՛մ իրենք են հանգստանում, հա՛մ էլ՝ մենք:
- Բժիշիշկ ջան, բերելը՝ կբերենք, բայց վախենում ենք էդ ձեր հիվանդները վնաս տան:
- Մի՛ վախեցեք, ով նման բան փորձի անել, ադեկվատ ենք ճանաչում ու բանտ ուղարկում:
- Իսկ որ բանտարկյալներին վնասե՞ն:
- Դա արդեն մեր խնդիրը չէ: Բայց ասեմ՝ էնտեղից էլ ԱԺ են ուղարկում, որ այնտեղ էլ է համը շատ հանում, իսկույն՝ ավելի վեր: Մենք հանգիստ մեր գործերով ենք զբաղվում, իսկ ինքն էլ թող ժողովրդի հոգին ուտի, մեր ժողովուրդը անչափ համբերատար է, կդիմանա:
Վահրամ Օհանջանյան