Ադրբեջանը լրջորեն մոբիլիզացրել է իր ողջ կարողությունները՝ պետական, լոբբիստական, սփյուռք, օլիգարխիա, երրորդ երկրների հետ դիվանագիտական խողովակներ, ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992-ին ընդունված Ազատության Աջակցության Ակտի 907-րդ բանաձևն ԱՄՆ Կոնգրեսում օրենքով չեղարկելու ուղղությամբ։ Նման մասշտաբային մոբիլիզացիա եղել է մեկ էլ 2020-ին։
Այս անգամ, սակայն, Ադրբեջանի «խաղաղության գործընթացը» Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև «ԹՐԻՓՓ»-ը համակարգայնորեն օգտագործվում են այս հարցում որպես գործիք։ Ավելին` ըստ էության, գործընթացին նաև առկա է ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը` որպես 907-րդ բանաձևը չեղարկելու լուռ, բայց հավելյալ կողմնակից։
907-րդ բանաձևը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերը սպասարկող հիմնական քաղաքական ակտիվն է եղել, որից, ավաղ, հայկական կողմը երբեք լիարժեք չի օգտվել (եթե երբևէ փորձել է օգտվել ընդհանրապես)։
Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների, բազմաթիվ հանցագործությունների ու ՀՀ իշխանությունների կողմից բազմաթիվ սխալ որոշումների ֆոնին, որոնք բերեցին ռազմավարական պարտության և ՀՀ կարգավիճակի ու ազդեցության շեշտակի նվազեցման, 907-րդ բանաձևը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության միակ քաղաքական ակտիվը` հատկապես Հայաստանի Հանրապետության անվտանգության ու Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումների զսպումը հիմնավորելու համատեքստում։
Էդուարդ Աբրահամյան