Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կանգնած են աշխարհաքաղաքական շատ բարդ ճամփաբաժանի առաջ

ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն կանգնած են աշխարհաքաղաքական շատ բարդ ճամփաբաժանի առաջ
27.01.2026 | 18:30

Շատ կողմերով ԵՄ-ի ներկա վիճակը աշխարհաքաղաքական իմաստով աննախադեպ է. մի կողմից, լինելով քաղաքակրթական ահռելի հզորություն, բայց, մյուս կողմից էլ, ունենալով 450 միլիոն բնակչություն ու լինելով ռազմաքաղաքական իմաստով այն աստիճանի թույլ, որ, իր գոյության հետ կապված ճակատագրական հարցերի քննարկման ժամանակ, իր դաշնակից 330-միլիոնանոց ԱՄՆ-ը և 145-միլիոնանոց Ռուսաստանը ցուցադրաբար իրեն մասնակից չեն դարձնում։

Ավելին, և՛ ԱՄՆ-ի ազգային անվտանգության մարտավարությունը, և՛ նրա պաշտպանության նախարարության օրերս հրապարակված մարտավարությունը ցույց են տալիս, որ Թրամփի նոր արտաքին քաղաքականության տեսանկյունից, որի նպատակը ուժային քաղաքականությամբ աշխարհաքաղաքական բալանսի և խաղաղության հասնելն է, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը շատ հարցերում չեն համընկնում կամ, ավելի շուտ, քանի գնում, դրանք ավելի են տարամիտվում։

Բացի դրանից, ԱՄՆ-ի նոր արտաքին քաղաքականությունը պրոբլեմներ ունի նաև ՆԱՏՕ-ի ներսում՝ Գրենլանդիայի հարցում, ԵՄ-ի երկրների կողմից ալյանսի ֆինանսավորման հարցում և այլն։

Ամերիկյան The Hill-ը այս հունվարի 23-ին գրում է, որ Ամերիկան պետք է անհապաղ դուրս գա ՆԱՏՕ-ից, որը ուկրաինական պատերազմը շարունակել ցանկացող ԵՄ-ին ու Մեծ Բրիտանիային միայնակ է թողնում Ռուսաստանի դիմաց։

Իսկ The American Conservative-ը այսօր Europe’s Delusions of Power (Հզորության հետ կապված Եվրոպայի պատրանքները) հոդվածում գրում է. «Nevertheless, it is time to orchestrate a transatlantic strategic divorce handled in a more mature, amicable fashion» («Այնուամենայնիվ, ժամանակն է կազմակերպել տրանսատլանտյան ռազմավարական ամուսնալուծություն՝ ավելի հասուն և բարեկամական ձևով»):

Վերը նշված և այլ բազմաթիվ հարցերը միասին ցույց են տալիս, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ունեն կայունության հետ կապված հիմնարար բնույթի պրոբլեմներ և կանգնած են աշխարհաքաղաքական շատ բարդ ճամփաբաժանի առաջ։

Այս առումով հիմնական խնդիրն այն է, թե արդյո՞ք հնարավոր է Եվրոպայում ստեղծել աշխարհի խոշոր խաղացողներին համարժեք գլոբալ հզորություն և եթե այո, ապա որոնք են դրա հնարավոր ճանապարհները ու ինչքանո՞վ են դրանք իրագործելի, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ է սպասվում ԵՄ-ի երկրներին, որոնք ունեն բազմաթիվ ներքին հակասություններ միմյանց հետ ու նաև կրիտիկական բնույթի էներգետիկ պրոբլեմներ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ