Կրկին Արարատի մասին
Անկեղծ ասած, ինձ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչով է Արարատը խանգարում մեզ, և որտեղից է այդ թյուրըմբռնումն առաջացել։ Ելնելով այն «տրամաբանությունից», որ առաջ է քաշում վարչապետը, կարելի է նաև այսպիսի հարց տալ. Ադրբեջանի կամ Թուրքիայի ո՞ր մասում է տեղակայված Լուսինը: Իսկ եթե Լուսինը նրանց տարածքում չէ, ուրեմն դա վկայում է նրանց չպետության մասի՞ն: Ըստ վերը նշված «տրամաբանության»՝ այո: Իսկ այս դեպքում ո՞ւմ հետ է պայմանագիր կնքվում։
Այս նույն աբսուրդի ժանրից է եկեղեցու բարեփոխումը: Հույս ունեմ՝ բոլորդ էլ վստահ եք, որ բարեփոխումները բռնությամբ ու սադրանքով չեն կատարվում, այլ՝ սիրով, մանավանդ, եթե Հայ առաքելական եկեղեցու զավակ ես: Մի կարևոր հարց էլ կա. ի՞նչ տեսք են ունենալու քարտեզները հարյուր կամ երկու հարյուր տարի հետո, կամ՝ ինչպիսի՞ն է լինելու կառավարման կամ պետական կարգը։ Այս կարևոր հարցերը թողած՝ շրջանառության մեջ են դրվում անհիմն ու անտրամաբանական խնդիրներ։ Ստացվում է՝ միայն մեր ինքնությունն է խանգարում խաղաղության հաստատմանը, հետևաբար, այն պիտի վերացվի… Սթափվե՛ք, հայե՛ր, քանզի մեր ինքնությունն ու առաքելությունը պահպանելով ու զարգացնելով է միայն հնարավոր ապահովել մեր տեղն ու դերը գալիք դարերում։
Մի կարևոր բան ևս. հայ ինքնությունը սահմաններ չի ճանաչում, այն համամոլորակային է: Մենք կարող ենք հիանալ ինչպես անզուգական Ֆուձիյամայով, եգիպտական բուրգերով, այնպես էլ ցանկացած ազգի ստեղծած հրաշքներով: Ուրեմն ինչո՞ւ պիտի հրաժարվենք հազարամյակներով ընդունված մեզ այնքան հարազատ խորհրդանիշներից ինչ-որ փոփոխելի սահմանների պատճառով: Չէ՞ որ այդ խորհրդանիշներն ունեն հոգևոր արժեք, իսկ այդ արժեքներն ունեն իրենց մշակութային և անփոփոխելի տերը։
Սիրելինե՛րս, դուրս գանք ժամանակավոր կապանքներից և դառնանք սպասարկուն հավիտենական արժեքների: Հարատևելով՝ կարժևորենք և կարժևորվենք:
Վանո Դադոյան