Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց մասին շատերը չգիտեն, բայց իրենք իրենցից մի մեծ աշխարհ են ներկայացնում։ Նրանք ունեն խնդիրներ, բայց ամեն կերպ իրենց ներսի լույսն են ուզում բախշել բոլորին, որովհետև ասելիք ունեն։
Նրանցից մեկը Սաթի Ենոքյանն է, ով ամբողջ կյանքում նվիրվել է արվեստին, մշակույթին։ Նա եղել է երգչուհի, պարուհի, ապա ավարտել է ԵՊՀ-ն` արվեստաբանի որակավորմամբ։
Սակայն տարիներ առաջ ձեռք բերած հաշմանդամությունը նրա կյանքում դարձել է այն ծանր դիպվածը, որի պատճառով ընդհատվել է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ այն գաղափարներն ու ծրագրերը, որոնք փայփայում է և ուզում է կյանքի կոչել, տարածել հայ մշակույթը։ Նրա հոգին ամեն օր լի է նվիրական գաղափարներով ու արարումներով։
Սաթի Ենոյանին «Բարերար.am» հարթակը մի անգամ հասցրել է օգնել։ Սակայն դա բավական չի եղել, որպեսզի Սաթի Ենոքյանը շարունակի բուժումը և կարողանա ոտքի կանգնել։ Եվ այսօր ամենից առաջ նրան հարկավոր է Վանաձորից հասնել «Էրեբունի» բժշկական կենտրոն և անցնել հերթական հետազոտությունը, որպեսզի ստանա համապատասխան դեղորայքը` որպես նախնական փուլ, քանի որ ընտանիքը չունի համապատասխան հնարավորությունը։
Սաթի Ենոքյանն ամուսնացած է, ունի չորս տարեկան փոքրիկ։ 2020 թվականին Սաթին սպասում էր իր փոքրիկին, երբ պատերազմը սկսվելուն պես ամուսինը կամավոր մեկնեց ռազմաճակատ` Հայրենիքը պաշտպանելու բարձր գիտակցությամբ։ Նրան անգամ հետ չէր պահել այն միտքը, որ կինը փոքրիկի է սպասում, որովհետև այդպիսին է եղել նրա հայրենասեր տեսակը։ Եվ այսօր Սաթի Ենոքյանի ամուսինը չի կարողանում աշխատել, քանի որ կնոջ միակ խնամակալն է, և նրանք կյանքում ոչ ոք չունեն, բացի իրենց կառուցած ջերմ ու ամուր ընտանիքից, որտեղ ապագա զինվոր է մեծանում։
-Բարերար.am -ի շնորհիվ նախնական բուժումների արդյունքում արդեն հասել եմ նրան, որ ողնաշարի խնդիրը հնարավոր է եղել որոշ չափով կարգավորել։ Մնում է միայն թափառող սկլերոզի դեմ պայքարել, որի համար պետք է հասնել Երևան , որպեսզի հետազոտվեմ ու ստանամ պետպատվերով դեղերը և շարունակեմ բուժումս։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մինչև այս պահը իմ կողքին են եղել։ Շնորհակալ եմ լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով առաջինը բարձրաձայնեց իմ խնդիրը, և ստացա իմ նախնական բուժումը, առանց որի հնարավոր չէր լինի կասեցնել իմ խնդրի առավել բարդացումը,-ասում է Սաթի Ենոքյանը։
Ես դեռ իմ առաջիկա անդրադարձում կներկայացնեմ Սաթի Ենոքյանին` իր նվիրական ծրագրերով ու գաղափարներով։ Իսկ մինչ այդ փորձենք լինել մեր հայուհու կողքին, ով իր մասնագիտական նվիրական ծրագրերը կյանքի կոչելուց առաջ մայր է և դեռ պետք է ամենից առաջ
իր բալիկին մեծացնի և հասցնի իր նպատակներին։
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Տեսանյութը, որտեղ լուսաբանված է Սաթի Ենոքյանի պատմությունը, հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/reel/2693823824301924