Արմին Վեգները ծնվել է 1886թ. Էլբերֆելդ (Գերմանիա) քաղաքում: Սովորել է Բերսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908-1913) և ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914): Ա. Վեգները մահացել է 1978 թ. Հռոմում:
1996 թ. նրա գերեզմանից բերված հողն ամփոփվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ:
1968թ. Ծիծեռնակաբերդի հուշակոթող այցելելուց հետո նա գրեց.
«… Ծնկի եկա անգերեզման հայերի հավիտենական կոթողի առջև ու խոնարհվեցի նահատակների հոգին խորհրդանշող անմար կրակի առաջ: …Աչքերիս առջևով անցան անապատի վրանները, սովահար մանուկները, համաճարակի զոհերը: Քչերը կարող են հասկանալ իմ ապրումները…»:
«1915 թ. գարնանը, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի` երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր խելագարված հանցագործների գործողությունները»:
Արմին Թեոֆիլ Վեգներ
Վերջին օրերս բազմաթիվ լուսանկարներ եմ արել: Ինձ պատմում են, թե Ջեմալ փաշան` Սիրիայի դահիճը, մահվան սպառնալիքով արգելել է գաղթականների ճամբարներում լուսանկարելը: Սոսկումի և մեղադրանքի այդ պատկերները ես թաքցրել եմ գոտուս տակ: Մեսքենեի և Հալեպի ճամբարներում հավաքեցի բազմաթիվ աղերսագրեր, որ պահել եմ ուսապարկիս մեջ, որպեսզի հասցնեմ Կոստանդնուպոլսի ամերիկյան դեսպանատուն, քանի որ փոստով անհանր էր դրանք ուղարկել: Ես վայրկյան անգամ չեմ կասկածում, որ սրանով խիստ դավաճանական քայլ եմ կատարում, բայց և այնպես այդ թշվառներին գեթ փոքր-ինչ օգնած լինելուս գիտակցությունը համակում է ինձ ավելի մեծ երջանկության զգացումով, քան որևէ այլ բան»։
Այս տողերը Արմին Վեգները գրել է Հալեպից 1915 թ. հոկտեմբերին Գերմանիայում ապրող իր հարազատներին ուղղված նամակում, զինվորական ծառայության ժամանակ:
1921 թ. Վեգները՝ որպես ականատես-վկա, Բեռլինում ներկա էր Սողոմոն Թեհլիրյանի դատավարությանը: Նա գրեց նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը: Այս գրքում Վեգներն արևմտահայերի բնաջնջումը բնորոշեց որպես «ցեղասպանություն»՝ “Fernichtung der Rasse”, որը նույնիմաստ է Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծված «գենոցիդ» բառեզրին:
1919 թվականին Վեգները դասախոսություններ ունեցավ Գերմանիայի քաղաքներում, պատմեց անապատներ աքսորված և կոտորածի ենթարկված հայերի տառապանքների մասին: Նույն թվին Վեգները հրապարակեց «Բաց նամակ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին», որտեղ դատապարտում էր երիտթուրք ոճրագործներին՝ վեր հանելով ցեղասպանությունը վերապրած հայերին բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելու, բռնի իսլամացված հազարավոր հայերի քրիստոնեությանը դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցերը:
1922 թ. Զմյուռնիայում հայերի կոտորածների կապակցությամբ Վեգները գրեց «Ճիչ Արարատից» հոդվածը, ինչպես նաև այլ պատմական ակնարկներ ու պատմվածքներ՝ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն):
1933 թ. ֆաշիստների՝ Գերմանիայում իշխանության գալուց հետո Ադոլֆ Հիտլերին գրած բաց նամակում Վեգները դատապարտեց հրեաների հետապնդումները, որի համար բանտարկվեց:
1934 թ. նա ստիպված լքեց Գերմանիան:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ․Գ․
Ի գիտություն նիկոլ փաշինյանին, որ Արմին Վեգները դեռևս 1919 թվին հայերի կոտորածներն անվանել է «Ռասայի բնաջնում»։
Իսկ նա ուզում է, որ 1939 թվին
«ցեղասպանություն» բառեզրով բնորոշված լիներ հայերի սպանդը և հայրենազրկումը, երբ դեռ գիտականորեն այդ բառը չէր ստեղծվել։
Բայց հայերեն «բնաջնջում» բառը հոմանիշ է Ցեղասպանության։