Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Անդրադարձ «բարենորոգիչներին» հարած Տեր Աշոտ քահանայի հարցազրույցին

Անդրադարձ «բարենորոգիչներին» հարած Տեր Աշոտ քահանայի հարցազրույցին
06.02.2026 | 11:51

«Բարենորոգիչներին» հարած Տեր Աշոտին ճանաչում եմ, իր հետ Պատարագի եմ մասնակցել: Ինձ տրամադրեցի և լսեցի նրա քննադատական հարցազրույցը: Իր էջում առաջարկեցի պատասխանել «բարենորոգիչներին» և նրանց հարած քահանաներին ուղղված 33 հարցերին: Նա առաջարկեց հանդիպել և առանձնազրույց անցկացնել: Սակայն, հաշվի առնելով այն, որ նա իր դիրքորոշումը և կարծիքը հանրայնացրել էր, ցանկացա, որ նա հանրային կերպով էլ պատասխաներ իմ հարցերին, քանի որ իմ հետաքրքրությունը անհատական չէր, այլ բաց և ընդհանրական: Առաջարկեցի նաև ձայնագրել և հրապարակել մեր առանձնազրույցը: Պատասխան այդպես էլ չստացա:

Մի քանի դրվագներով անդրադառնամ հարցազրույցում Տեր Աշոտի կողմից հնչեցրած թեզերին և իրեն ուղղեմ հարցեր.

1. Արդյո՞ք դուք չեք կեղծում, երբ համարում եք, թե «բարենորոգման» շարժումը եկեղեցու ներսից է ծագել, այլ ոչ թե դրսից պարտադրվել:

2. Իսկ ինչու՞ այն ժամանակային առումով համընկավ Վեհափառ Հայրապետի և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ նախաձեռնած արտաքին արշավի հետ:

3. Ինչու՞ ընդամենը մի քանի ամիս առաջ «բարենորոգիչ» եպիսկոպոսները և նրանց հարած քահանաները իրենց հավատարմությունն էին հայտնում Կաթողիկոսին, Մայր Աթոռին իրենց ուխտի հաստատուն լինելը: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, եթե ըստ ձեզ վաղուց էին խնդիրները կուտակված: Խիզախության պակա՞ս էր, թե անտարբե՞ր էիք:

4. Չգիտե՞ք, որ ասված է. ով գիտի շողոքորթել, հենց նա է, որ գիտի նաև զրպարտել:

5. Եթե գիտակցում եք, որ Եկեղեցին աստվածային կառույց է, ապա ինչպե՞ս պետք է այն «բարենորոգվի» աշխարհիկ բիրտ միջամտության միջոցով:

6. Այո, ճիշտ է, որ դուք դեռ հերձված չեք, բայց պառակտումից դեպի հերձված տանող հստակ ընթացքի մեջ եք: Հերձված եք դառնում, երբ չեք հնչեցնում Վեհափառ Հայրապետի և Թեմի առաջնորդի անունները Պատարագի ժամանակ՝ կտրվելով գլխից՝ Քրիստոսից, որի մարմինը Եկեղեցին է իր նվիրապետության սահմաններում:

7. Ինչու՞ չեք տալիս գնահատական Ստեփանին (նախկին տ.Արամ) և Արամայիսին (նախկին տ.Թադե), ովքեր ապօրինաբար զավթել են Մայր Աթոռի եկեղեցիները:

8. Ինչպե՞ս եք թույլ տվել ձեզ միաբանվել կարգալույծների, ամբարիշտների, անպատկառների հետ և դեկտեմբերի 17-ին ասպատակել Մայր Աթոռի վրա:

9. Տեր Ղազարի պարագայում մի՞թե տեղյակ չեք, որ ներկայիս «բարենորոգիչ» Արման Սարոյանի (նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի) հետ է եղել հիմնական ընդհարումը և նա ջանք չի խնայել կարգալույծ անելու հարցում: Բազմիցս դիմել է Կաթողիկոսին այդ հարցով: Իսկ Վեհափառը փորձել է հարթել իրավիճակը, բայց՝ ապարդյուն: Չասենք, որ Տեր Ղազարին մեկ այլ «բարենորոգիչ»՝ ձեր ներկայիս առաջնորդը բազմիցս փիլոնազուրկ է արել: Ու մեղավորը կրկին Կաթողիկո՞սն է:

10. Բագրատ սրբազանի շարժման ժամանակ համայնքում պառակտում եք նկատել, իսկ հիմա ձեր պառակտիչ կեցվածքի պատճառով համայնքների անդամների գայթակղությունը, շատ ավելի խորքային պառակտումը, թշնամանքը, բևեռացումը, հակականոնական «պատարագների» կամ ձեր հայտարարությունների պատճառով այլ եկեղեցիներ գնալը չե՞ք նկատում:

11. Ո՞վ է անում պառակտման փորձերը: Միթե՞ չեք նկատում ակնհայտը: Պառակտումը լինում է նաև նվիրապետական կարգի դեմ ընդվզմամբ, այլ ոչ միայն դավանաբանական, ինչպես դուք եք ներկայացնում: Հայոց կանոնագրքի ՆԿԹ (ՆԿԵ) Ա. Կանոնը հստակ սահմանում է «Եկեղեցուց արտաքսված բոլորին ընդհանուր առմամբ անվանում են հերձվածողներ, սակայն նրանցից ոմանց կոչեցին աղանդավորներ (դավանաբանական շեղումներ ունեցողներ), ոմանց՝ բաժանվողներ, իսկ մյուսներին՝ առանձին ժողովարարներ (ինքնագլուխ հավաքներ անողներ)։

12. Ո՞վ է սադրում: Մոռացե՞լ եք արդյոք 10 եպիսկոպոսների հայտարարությունը, որի արդյունքում միայն Աստծո ողորմածության շնորհիվ լուրջ բախումներ չեղան Մայր Տաճարի բակում:

13. Տեղյա՞կ եք, որ Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովի կազմում, որի աշխատանքից դուք դժգոհ եք, երկար տարիներ անդամակցել են հենց ներկայիս «բարենորոգիչների» մի մասը:

14. Իսկապե՞ս չեք պատկերացնում, որ «բարենորոգիչներին» պարտադրված ծրագիրը ոչ թե Եկեղեցու խնդիրները լուծելն է, այլ կաթողիկոսին գահընկեց անելուց հետո նվիրապետական համակարգի կազմաքանդումը, ուղղափառությունից հրաժարումը, Եկեղեցու աշխարհիկացումը, ինքնակառավարման մեխանիզմների չեղարկումը, օտարածին ուսմունքների ներմուծումը և այլն: Միթե՞ դա չեք տեսնում դուք և «բարենորոգիչներին» հարած մյուս քահանաները:

15. Չգիտե՞ք արդյոք, որ եթե եպիսկոպոսի հակականոնական ընթացքը տանում է դեպի մեղք, պառակտում կամ հերձված, Պողոս առաքյալը հրահանգում է չմասնակցել դրան. «Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր» (Ա Տիմ. 5:22): Սա նշանակում է, որ քահանան չպետք է ստորագրի, աջակցի կամ մասնակցի եպիսկոպոսի ապօրինի գործողություններին։

16. Ի՞նչ կապ ունի Կաթողիկոսի անվան զեղչումը ձեր հռչակած «բարենորոգման» ծրագրի հետ:

17. Ինչու ձեր առաջնորդը և այլ «բարենորոգիչներ» ստիպում են քահանաներին պետպատվերով բեմականացված «պատարագներին» զեղչել Կաթողիկոսի անունը, իսկ Սուրբ Ծննդյան իրենց իսկ կողմից մատուցված Պատարագներին հնչեցրել են, բացի մեկ հոգուց: Սա ի՞նչ երկվություն է:

18. Տեղյա՞կ եք, թե եպիսկոպոսի հրամանը հակասում է Աստծո պատվիրանին կամ Եկեղեցու սրբությանը, գործում է Պետրոսի և մյուս առաքյալների սկզբունքը. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5:29): Սա քահանայի իրավական և բարոյական այն հիմքն է, որը թույլ է տալիս չկատարելու եպիսկոպոսի հակականոնական կամ հակաաստվածային հրամանը, առաջնորդվել Սուրբ Գրքով, Եկեղեցու կանոնով, այլ ոչ թե կույր և անխոհեմ հնազանդությամբ:

19. Կարդացե՞լ եք, որ Պողոս առաքյալն ընդդիմանում է Պետրոս առաքյալին, երբ նա մեղադրելի ընթացքի մեջ էր (Գաղ. 2:11,14): Սա ցույց է տալիս, որ եթե առաջնորդն ուղիղ չի ընթանում, քահանան իրավունք ունի և պարտական է պաշտպանելու Ավետարանական ճշմարտությունը և Մայր Եկեղեցու կանոնական ընթացքը:

20. Տեղյա՞կ եք, որ եթե եպիսկոպոսը հրահանգում է քահանային զեղչել Կաթողիկոսի անունը Ս.Պատարագի ժամանակ, չաղոթել նրա համար, ապա դա ուղղակի հակասում է Տեր Հիսուս Քրիստոսի պատգամներին և առաքյալների հորդորներին՝ անդադար, ամեն ժամ աղոթք անել, աղոթել անգամ հալածողների համար (Մատթ. 5:45, Մարկ. 14:38, Ղուկ. 18:1, Հռոմ. 12:12, Ա Թեսաղ. 5:25, Բ Թեսաղ. 3:1, Ա Տիմ. 2:1, Ա Պետր. 4:7, Գ Յովհ. 1:2):

21. Տեղյա՞ք եք, որ եթե եպիսկոպոսի հերձվածի կամ պառակտման մեջ գտնվելը ծանրագույն մեղքեր են, որին Եկեղեցին պետք է արձագանքի իր գործիքակազմով: Եթե եպիսկոպոսը գործում է հերձվածային կամ բացահայտ հակականոնական ուղղությամբ, օրինակ՝ պարտադրում է չհիշատակել Կաթողիկոսին Պատարագի ընթացքում, իր կամքին հակառակ հանրային սատարումներ հայտնել իրեն, ապա քահանայի պարտքն է չենթարկվել նման հրահանգին։ Թե՞ կարծում եք բոլոր քահանաներն իրենց հոժար կամքով են հարել պառակտիչներին:

22. Տեղյա՞ք եք, որ եթե եպիսկոպոսը քահանային պարտադրում է կտրել կապը բարձրագույն եկեղեցական իշխանության հետ, քահանան պարտավոր է չհնազանդվել հակականոնական հրահանգին, հավատարիմ մնալ իր տված ուխտին և շարունակել կատարել Կանոնագրքի պահանջները՝ հիշատակելով Կաթողիկոսին: Այլապես, քահանան փաստացի ինքն իրեն Եկեղեցուց դուրս է հայտարարում։ Նման պատարագիչը ոչ թե անձերի, այլ Քրիստոսի մարմնի և Եկեղեցու դեմ է ապստամբ համարվում։

23. Ինչու՞ չեք անդրադառնում Եկեղեցու պատմություն առարկան դպրոցից հանելուն:

24. Ինչու՞ չեք հայտնում դիրքորոշում ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի և գնդերեցների ծառայության դադարեցման հետ կապված: Ի՞նչ կապ դա եկեղեցու բարեկարգման հետ:

25. Տեսնու՞մ եք միտում՝ հանրային բոլոր կարևոր ինստիտուտներից (բանակ, հիվանդանոց, կրթական օջախներ) Եկեղեցուն դուրս մղելու ուղղությամբ:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՐՑ. Սա՞ է Եկեղեցու ձեր «բարենորոգումը»:

Հ.Գ. Այն 33 հարցի հղումը, որոնցից և ոչ մեկին Տեր Աշոտը չպատասխանեց, կտեղադրեմ մեկնաբանություններում:

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 185

Մեկնաբանություններ