«Հայաստանը, անշուշտ, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունը հարցեր է առաջացնում,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։- 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։ Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը»:               
 

Շնորհավոր Ձեր տարեդարձը, սիրելի հերոսամայր

Շնորհավոր Ձեր տարեդարձը, սիրելի հերոսամայր
12.02.2026 | 13:46

Հայաստանի Հանրային Ռադիոյի եթերում «Ապրելու բանաձև» հաղորդաշարն է։

Հնչում են Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի, Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների կյանքի ու սխրանքի պատմությունները։ Եվ երկար տարիներ ի վեր մեր հերոսների «ապրելու բանաձևերը» դառնում են հատորներ, որոնցով վավերագրվում է մեր նորագույն պատմությունը, որ հանկարծ որևէ հերոսի անվան ու պատմության վրա մոռացության փոշի չառնի։

Համանուն մատենաշարի ամեն հատորի ծնունդով սերունդների սեղանին է դրվում հավերժության մի հերոսամատյան։

Եվ այս վիթխարի գործի հետևում կանգնած է հայոց մայրը` ռադիոլրագրող, հրապարակախոս ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻԿՅԱՆԸ, ում որդին` իրավաբան, սերժանտ Աշոտ Չախոյանը անմահացել է Արցախյան ազատամարտում` Հատուկ նշանակության գնդի մարտիկների շարքում։

Որդու անմահանալուց հետո նա ուժ գտավ իր մեջ`գրիչ վերցնելու և սերունդներին պատմելու մեր հերոսների սխրանքի ու մարտական ուղու մասին` յուրաքանչյուրի հետ վերապրելով Աշոտ Չախոյանի և Հատուկ նշանակության գնդի մարտիկների պատմությունը, ով ինքնակամ զորակոչվեց, պայքարեց և փրկեց մի ամբողջ գունդ։

Քանի՜ անգամներ են այս հերոսամատյան-մատենաշարի հատորների հերթական շնորհանդեսները տեղի ունեցել Արցախ աշխարհում։ Դժվար է ասե։

Մինչ օրս ինձ համար անմոռանալի են Գոհար Մարտիկյանի այս խոսքերը, որ հնչեցրել է միջոցառումների ժամանակ.

-Անդրադառնալով յուրաքանչյուր հերոսի ապրելու բանաձևին՝ ես ջանում եմ տալ պատմական անցյալից մինչև մեր օրերը հաղթանակի բերող այն տրամադրվածությունը, որը տարավ տղաներին կռվի դաշտ։ Արցախյան պատերազմը լոկ հերոսամարտ չէ։ Այն գրերի գյուտից հետո Հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է։

...Չեմ ուզում Հերոսամոր այս խոսքերը անցյալ ժամանակով հիշատակել, որովհետև Արցախը անցյալ չի դառնալու, այդ սրբազան էջը մեզ համար չի թերթվելու երբեք։ Մեր հերոսների «ապրելու բանաձևերը» ծնելու են նոր գաղափարական պայքար, ու մեր հոգևոր դաշտում ոչ մի օր հրաժեշտ չենք տալու Արցախին, որտեղ մեր անմահացած հերոսները այդ Հողի բնիկ տիրոջ դարձին են սպասում։

Եվ Հերոսամայրը հիմա էլ ապրեցնում է Ապրիլյան ու Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ մարտիկներին։ Մեր պատերազմն ավարտված չէ։ ՈՒ պիտի մեծանա հայ սերունդը` իր հերոսների կերպարը հոգում կրելով և Արցախը չմոռանալով, որքան էլ մեզ փորձեն պարտություն պարտադրել։ Հայ հերոսները չեն պարտվել, նրանք թողել են պատմություն, որի իրավատերն են մնալու միշտ, քանի դեռ չի հաստատվել պատմական արդարությունը։

Եվ մեր «ապրելու բանաձևը»` որպես ազգ, գծում են մեր անմահացած հերոսները, որոնց գաղափարներից նահանջելու և մեր տեսակը կորցնելու իրավունք չունենք։

Սիրելի՛ Հերոսամայր, բոլորիս խոնարհումը Ձեզ, որ տարիներ ի վեր մեզ եք փոխանցում Արցախյան

տարեգրությունը, և մենք մեծացել ենք Ձեր ոգեղեն հաղորդաշարով։ Մենք անհետացած սերունդ չենք, որ թույլ տանք մեր քաջերի սխրանքը մոռացվի։ Պայքարելու ենք արդարության համար։

Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ ՈՒզում եմ, որ դեռ շա՜տ երկար տարիներ լինեք բոլորիս կողքին։

Թող երկար ապրի բացառիկ նվիրյալի ու մտավորականի Ձեր տեսակը։ Մաղթում եմ, որ կատարվեն Ձեր նվիրական իղձերը։

Ամուր գրկում եմ Ձեզ, սիրելի Հերոսամայր։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ