Երևանի պետական համալսարանում ուսումնառության տարիները ոչ միայն գիտելիքների հարուստ շտեմարանում ամբարելու տարիներ էին, այլև անթիվ֊անհամար հանդիպումներ իրենց գործի նվիրյալների հետ, ում այսօր էլ` տասնյակ տարիների հեռվից, սիրով, կարոտով, երախտագիտությամբ ենք հիշում։
Չարենցի փողոցին նայող` համալսարանի երրորդ հարկում տեղակայված իրավաբանական ֆակուլտետի փոքրիկ լսարաններից մեկում կայացավ մեր առաջին հանդիպումը։ Մենք, որ ընդունելության քննություն էինք հանձնել նաև օտար լեզվից (ես` ֆրանսերենից) և գիտեինք «բլբլացնել սիրո լեզվով», թվում էր, թե շատ բան գիտենք։
Չգիտեինք, որ մեր առջև բացվելու են ոչ միայն այդ լեզվի` իմացություն տանող դռները, այլև համաշխարհային գրականություն տանող ճանապարհը։
Չգիտեինք թարգմանության կարևորությունը այդ գործում։
Եվ ահա լսարան մտավ մեզնից ընդամենը մի քանի տարով մեծ Camarad Սուսաննան, ընկեր Սուսաննա Խաչատրյանը, madam Խաչատրյանը։
Մեզնից ոմանք մի տեսակ «նախանձով» նայեցին օտար լեզվից «գերազանց» ստացած` ֆրանսիական թեքումով դպրոց ավարտած` ռոմանագերմանական ֆակուլտետից մեր` բանասիրական տեղափոխված Փափազյան Թամարային և բանասիրականի երեկոյան բաժնից մեր կուրս տեղափոխված Թաջիրյան Էլիզաբեթին։
Օտար լեզվի իմացությունը նրանց արտոնում էր դասերի հաճախել ցանկությամբ` պայմանով, որ ավարտական քննություն պիտի հանձնեն ուսումնական ամբողջ դասընթացից։
Իհարկե, նրանք հաճախ երևում էին, չէ՞ որ մեր դասախոսը ընկեր Սուսաննան էր, հաճելի արտաքինով, մեղմ ու քնքուշ ձայնով տիկին Սուսաննան։
Հետաքրքիր էին անցնում մեր դասերը, առավել հետաքրքիր ու գրավիչ էին դրանք բնագրից թարգմանությունների օրերին։
Այսօր էլ անգիր հիշում եմ մեր առաջին փորձերը, մեր հրճվանքը, ընկեր Սուսաննայի ուրախությունը։
Հետո` տարիներ անց, ընկեր Սուսաննային գտա Հ1֊ի եթերում` «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարը վարելիս։
Նույն` համալսարան նոր ընդունված ուսանողի հափշտակությամբ, կլանված լսում էի ընկեր Սուսաննայի յուրաքանչյուր խոսքը, այն բազմաթիվ հաղորդումները, որի ընթացքում հնչում էր նրա հմայիչ, քնքուշ ձայնը։
Իսկ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ասպիրանտուրայում օտար լեզվից թեկնածուական մինիմում հանձնելիս մենք կրկին մտովի «հանդիպեցինք»։ Եվ ես կրկին շնորհակալ եղա ընկեր Խաչատրյանին։
Եվ հետո համացանց. ծանոթ, հարազատ դիմագծեր են. «Աստված իմ, մի՞թե ընկեր Սուսաննան է»։
Չէի սխալվել. հայտնության նման էր ընկեր Սուսաննային գտնելը, նրա` տարբերվող, գեղեցիկին ձուլված բազմաբնույթ գրառումները կարդալը։
Եվ ժամանակ առաջ իրազեկում, որ Շառլ Բոդլեր է թարգմանում և գիրքը շուտով լույս կտեսնի։
Եվ ահա իմ ձեռքին է գիրք նվիրելու օրը ինքս ինձ ընծայած գիրքը։
Շտապում եմ տուն, թերթելու, վայելելու ընկեր Սուսաննայի պոետիկ շունչը` ֆրանսիական գրականության մեղմանուշ պոետի գործերի «փայլով» հիանալու, վերադառնալու համալսարանի այն փոքրիկ լսարանը, ուր մեր պատանեկան շունչն էր և ընկեր Սուսաննայի անուշ, հմայիչ ձայնը։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ