Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

երևանակենտրոն Հայաստանը երբեք էլ ապագա չի ունենա, քանի դեռ նրա մարզային զարկերակները չեն բաբախում

երևանակենտրոն Հայաստանը երբեք էլ ապագա չի ունենա, քանի դեռ նրա մարզային զարկերակները չեն բաբախում
26.02.2026 | 14:03

Եկեք վերջապես անկեղծ լինենք։ Ինչպես Գյումրին, այնպես էլ այլ քաղաքներ կամաց-կամաց վերածվում են ծերանոցների։ Մինչ Երևանը շնչահեղձ է լինում գերբնակեցումից, բիզնես կենտրոնների առատությունից ու անվերջանալի շինարարությունից, Գյումրին դառնում է մի վայր, որտեղ միայն նոստալգիա են վաճառում։

Ամեն անգամ քաղաքի կենտրոնից մի քանի փողոց այն կողմ թեքվելիս սիրտդ ցավում է` գեղեցիկ ֆասադների հետևում դատարկվող տներ են ու ծերացող թաղամասեր, մինչդեռ Երևանում նորանոր բիզնես կենտրոններ են վեր խոյանում։ Ցանկացած քաղաք շունչ ունի, երբ այնտեղ երիտասարդություն կա, երբ այնտեղ գործ կա։

Ի՞նչ ունենք Գյումրիում այսօր՝ բիզնեսի բացակայություն, խոշոր ներդրողներ, որոնք շրջանցում են քաղաքը, կադրերի արտահոսք, լավագույն ուղեղները հեռանում են, որովհետև այստեղ ինքնիրացվելու տեղ չկա։ Ամբողջ բիզնես կապիտալը կենտրոնացված է մեկ կետում՝ Երևանում, իսկ մարզերը, մասնավորապես Գյումրին, մնացել են բախտի քմահաճույքին։ Իրականում Գյումրին այս պահին բավարարվում է միայն սրճարանային, հյուրանոցային և թանգարանային տուրիզմով, այնինչ, քաղաքն ունի հսկայական արդյունաբերական ու լոգիստիկ պոտենցիալ։ Երբ բիզնես ներդրումներ չկան, երիտասարդությունը՝ քաղաքի շարժիչ ուժը, ստիպված է լինում ընտրություն կատարել՝ կամ տեղափոխվել Երևան՝ որպես վարձով ապրող աշխատուժ, կամ լքել երկիրը։

Արդյունքում՝ Գյումրու փողոցներում մնում են հիմնականում տարեցները` կորցնելով սերունդների հաջորդականությունը։ Քաղաքը չի կարող ապրել միայն հիշողություններով, քաղաքին պետք է երիտասարդական եռուզեռ, որը գալիս է աշխատանքի և զարգացման հեռանկարից։ Համաձայնեք, որ առանց ներդրումների՝ մեր քաղաքը տասնամյակների ընթացքում վերածվել է պատմական մի մեծ հուշարձանի, որտեղ կյանքն ավարտվում է երեկոյան ժամը 7-ին։ Վստահ եմ, երևանակենտրոն Հայաստանը երբեք էլ ապագա չի ունենա, քանի դեռ նրա մարզային զարկերակները չեն բաբախում։

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ